23 12 2020

Առողջապահության նախարարությունը կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի դրույթները հետաձգելու մասին նախագծին

Առողջապահության նախարարությունը կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի դրույթները հետաձգելու մասին նախագծին

Առողջապահության նախարարությունը Ազգային ժողովին կոչ է անում դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարեւոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին։ «Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարեւոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը եւ կյանքը:

Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարեւոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին: Հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որեւէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որեւէ առողջապահական եւ տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այդ օրինագիծը հեղինակել են իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն ընդունվել էր 2020թ. փետրվարի 13-ին։ Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ էին մտնելու սկսած 2021թ․-ի հունվարի մեկից։ Այդ օրենքը Կառավարության ամենաքննարկված նախաձեռնություններից մեկն էր։ Դրա շուրջ իշխանության ներսում կարծիքներն իրար հակասող էին, ինչի մասին բազմիցս արտահայտվել էին «Իմ քայլի» որոշ անդամներ։ Շուրջ մեկուկես տարվա քննարկումներից եւ որոշ փոփոխություններ անելուց հետո, այնուամենայնիվ խորհրդարանն այն ընդունել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ