29 07 2020

Կորոնավիրուսի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք կա արձանագրված։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ գիտական հետազոտություններ են պետք պարզելու համար, թե ինչով են պայմանավորված կրկնավարակի դեպքերը, որովհետեւ դրանք ամեն դեպքում լայնածավալ եւ մեծամասշտաբ չեն։

Նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ, կրկնավարակի դեպքերը պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, «մի գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»։ Ամեն դեպքում, կրկնավարակի դեպքեր գրանցվել են նաեւ աշխարհի այլ երկրներում։

«Դա մեզ եւս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք չպետք է պահպանենք կանոնները։ Բայց միեւնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չէ, որ բոլոր հիվանդացած-լավացածները անպայմանորեն կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ», - ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ COVID-19-ի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ հենց այդ օրն է երկրում գրանցվել ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների ամենամեծ թիվը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 6-ից հետո բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը սկսել է աստիճանաբար նվազել։

Այսօր երկրում շարունակվում է նոր դեպքերի թվի անկում գրանցվել։ Այս շաբաթ, օրինակ, նոր դեպքերի ամենամեծ թիվը եղել է 308։

«Համեմատելով նախորդ 2-3 շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ բացարձակ թվով եւ տոկոսով մենք ունենք բարելավում։ Սա իրապես լավ հնարավորություն է իրավիճակը այնքան լավացնելու, որ սա այլեւս ճգնաժամային իրավիճակ չհամարվի», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է շարունակել հետեւել հակահամաճարակային կանոններին, դիմակներ կրել, սոց հեռավորություն պահպանել եւ ձեռքերը ախտահանել, որպեսզի գրանցվող նոր դեպքերի թիվը շարունակի նվազել։

Հուլիսի 6-ին Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք էր գրանցվել: Այդ օրվա դրությամբ փաստացի բուժվում էր 11984 պացիենտ։

Նախարարը նաև նշեց, որ  Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել էն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։

«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասաց Արսեն Թորոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ