Հեպատիտ հիվանդության դեպքերի նվազում ունենք, սակայն արձանագրվում են սուր Հեպատիտ B-ի ու C-ի եզակի դեպքեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսին Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, որ հեպատիտները հիմնականում ընթանում անախտանշան եւ շատ անձինք վարակված լինելով Հեպատիտ B եւ C-ով, տեղյակ չեն լինում այդ մասին․ «Դա է հիմնական պատճառը, որ շուրջ 7-8 տարի գործադրվել է առողջների շրջանում վաղ հայտնաբերման գործընթացը։ Բժշկական հաստատությունները պետության հովանու ներքո իրականացնում են անվճար հետազոտություն ռիսկային շրջանում գտնվողներին, որպեսզի բացահայտեն հիվանդությունը։ Բացի այդ, կան շարժական լաբորատորիաներ, որոնք նաեւ մարզերում իրականացնում են հետազոտություն պետպատվերի շրջանակներում՝ վաղ հայտնաբերումն ապահովելու համար»։
Ռոմելլա Աբովյանն ասաց, որ առավել շատ հիվանդությունն արձանագրվում է 30-ից բարձր տարիքային խմբերի մոտ․ «Այս հիվանդության դեմ պայքարում մեր քաղաքականությունը Հեպատիտ B-ի դեպքում պատվաստումն է, իսկ C-ի դեպքում՝ բուժումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը