Ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 92 քաղաքացի բուժում է ստանում տարբեր բուժհաստատություններում։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ նրանցից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 3-ինը՝ ծայրահեղ ծանր:
Նա միաժամանակ նշեց, որ 19 պացիենտ շարունակում է բուժումն արտասահմանում․ նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա:
«Վերջին շաբաթների ընթացքում 150-ից ավելի բուժառու է դուրս գրվել հիվանդանոցներից և իրենց բուժումը շարունակում են ամբուլատոր օղակում»,- ասաց փոխնախարարը։
Արտակ Ջումայանը նաև հայտնեց, որ Արցախից տեղահանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա:
Նշվեց նաև, որ 57200 արցախցի արդեն իսկ հաշվառվել է քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում:
Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորված բուժաշխատողներին, փոխնախարարը հայտնեց, որ բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող, իսկ 676 բուժաշխատող պետպատվերի շրջանակներում մասնագիտական զարգացման կրեդիտավորման է ուղարկվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը