07 10 2020

Փոքր Վեդու բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով եկել էին մարզպետին հանդիպելու

Փոքր Վեդու բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով եկել էին մարզպետին հանդիպելու

Քիչ առաջ Արարատի մարզպետարանի մոտ Լուսառատի ու Փոքր Վեդու բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով եկել էին մարզպետին հանդիպելու։ Այս մասին հայտնում են Yerevan․Today-ին ահազանգած բնակիչները՝ տեղեկացնելով, որ Արարատի գինու գործարան ՍՊԸ տնօրինությունն իրենց կանգնեցրել է փաստի առաջ։

Ինչպես ասաց Հրայր Կոշկարյանը, իրենց պայմանագրերի մեջ նշված օրը՝ հոկտեմբերի 3-ին  բերքահավաքն արել, բեռնված մեքենաներով մոտեցել են գործարանին ու սպասել։ Բերքի մթերման հերթը, սակայն, իրենց հասել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին։

Մթերման ընթացքում բեռը մասմաբ են դատարկել՝ դժգոհելով, որ խաղողը վատն է, պահանջել են բարձել ու հետ տանել։ Շվարած գյուղացիներն այժմ չգիտեն իրենց անելիքը, նշում են, որ խաղողի որակն ընկել է երեք օր արևի ու անձրևի տակ սպասելու հետևանքով։

Գյուղացիներն ասում են՝ իրենց ողջ տարվա ապրուստն է, մշակել են, աճեցրել, հիմա չգիտեն հավաքած բերքն ինչ անել, բեռնատարներում մնացած բերքն այլևս անպիտան է,  հյութը քամվել է, փլուշ է դարձել։

Նրանք նշում են՝ իրենց նկատմամբ անմարդկային են եղել, հերթը չեն պահել՝ առաջին հերթին ընդունելով ծանոթների բերքը։

Այս պահին նրանք հավաքվել են Արարատի մարզի Տափերական գյուղում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ