Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի խոսքով՝ բացառված է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ աշխատանքը:
«Մենք մի քանի օր առաջ Օպերայի և բալետի թատրոն էինք հրավիրել կառավարման խորհրդի բոլոր անդամներին և Նազենի Ղարիբյանին: Վերջինս չէր եկել»,- մամուլի ասուլիսում ասաց Արզումանյանը:
Դիրիժորի խոսքով՝ Ղարիբյանը հետաքրքրված չէ մշակույթով, ոչ մի երգչի, մենակատարի չի ճանաչում, ոչ մի ներկայացման չի եկել, ոչ մի պրեմիերայի ներկա չի գտնվել:
Նախկինում Կառավարման խորհրդի նիստերն անցկացվում էին Օպերայում, իսկ Նազենի Ղարիբյանի՝ Կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուց հետո՝ Մշակույթի նախարարությունում։
«Ղարիբյանը գիտի, որ մեր թատրոնի կողմից մերժված անձ է, և գիտի, որ չի կարող մեզ մոտ կառավարման խորհրդի նիստ անցկացնել, այդ իսկ պատճառով էլ հանկարծ որոշում կայացրեց նիստներն իրենց մոտ՝ նախարարությունում, անցկացնել»,- ասաց Արզումանյանը:
Անդրադառնալով թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի՝ ընդդեմ Նազենի Ղարիբյանի դատական դատական գործընթացին, դիրիժորը նշեց, որ Օրբելյանը վերջին օրն է դիմել դատարան՝ երկու հայցով:
«Առաջին հայցն այն է, որպեսզի չեղյալ հայտարարվի Նիկոլ Փաշինյանի հրամանը, որով Նազենի Ղարիբյանի վրա է դրվում Մշակույթի նախարարի պարտականությունները, քանի որ նա հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի: Երկրորդն էլ վերաբերում է տիկին Ղարիբյանի հրամանին՝ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազտելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ան ուներ 3 տարվա պայմանագիր»,- ընդգծեց Արզումանյանը:
Մայիսի 22-ին Օպերային թատրոնի Կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ինչին դեմ էր արտահայտվել թատրոնի ողջ անձնակազմը։
Կառավարման խորհրդում կա 8 հոգի, 2-ը՝ Օպերային թատրոնից, 2-ը՝ ստեղծագործական միություններից, իսկ 4-ը՝ Մշակույթի նախարարությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը