08 02 2025

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ

 

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:

Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռևս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և հայկական ժառանգության հանդեպ:

Բանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները`տեսանյութում/:

«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիաբանկը կշարունակեն այս կարևոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգևորի և կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամի, և «Փարթներ» կարգավիճակ նրանց, ովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը ևս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ