06 11 2021

Ազգային դիմադրություն ձևավորելու կարևորությունը. առաջիկա հանրահավաքը՝ լակմուսի թուղթ. «Փաստ»

Ազգային դիմադրություն ձևավորելու կարևորությունը. առաջիկա հանրահավաքը՝ լակմուսի թուղթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում քաղաքական զարգացումները նոր թափ են հավաքում։ Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքը հայտարարել է նոյեմբերի 8-ին հանրահավաք անցկացնելու մտադրության մասին։ Դաշինքի հայտարարությունից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ինչ-որ հերթական հանրահավաքի մասին է, այլ տևական հանրահավաքային պայքարի միջոցով ազգային դիմադրություն ձևավորելու։

Սրանով, ըստ էության, արմատական ընդդիմությունը հեռանկարային առումով լուրջ հայտ է ներկայացնում։ Նախ՝ այս քաղաքական նախաձեռնությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ ժամանակը ցույց է տալիս, որ ինչքան գործող իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, այնքան երկրի վիճակը ծանրանում է։ Փաշինյանի իշխանությունը մեկը մյուսի հետևից զիջումներ է անում հակառակորդին, իսկ Ադրբեջանը, տեսնելով, որ իր քայլերը դիմադրության չեն հանդիպում, ավելի սանձարձակ է դարձել և պարբերաբար սադրանքների է դիմում՝ խախտելով հրադադարի մասին համաձայնությունը։

Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ իշխանական տեղեկատվական խողովակներից արտահոսք է տեղի ունենում այն մասին, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանը նոր կապիտուլ յացիոն փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, հասկանալի է, թե այդ փաստաթուղթը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ հայկական պետականության համար, դրա համար էլ Ադրբեջանն արդեն այնպիսի ուղերձներ է հղում, որ անհամբեր սպասում է խաղաղության պայմանագրի կնքմանը։

Սակայն, դրա հետ մեկտեղ, մեր իշխանական քարոզչամեքենան փորձում է այնպիսի թեզեր շրջանառել, որոնք կարդարացնեն կապիտուլ յացիոն բովանդակություն ունեցող նոր փաստաթղթի հնարավոր ստորագրումը։ Օրինակ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը փորձում է ցույց տալ, թե միանալով ԱՊՀ-ին՝ ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանների ճանաչումը, դեմարկացիան ու դելիմիտացիան կապ չունեն ԼՂ հիմնահարցի հետ։ Այսինքն, նոր փաստաթղթի ստորագրումը, մեծ հաշվով, իրավիճակային որևէ փոփոխություն չի նախատեսում։ Սա իշխանությունների կողմից հանրային դիմադրությունը կոտրելուն ուղղված հերթական քայլն է, քանի որ միայն հանրային ճնշումը կարող է իրենց ստիպել հետ կանգնել կործանարար քաղաքականությունից ու նույնիսկ հեռանալ իշխանությունից։

Դրանով է պայմանավորված, որ դեռ պատերազմից առաջ էին Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում թուլացնել հանրային դիմադրողականությունը, վարկաբեկել զինված ուժերը, ինչպես նաև հասարակությանը խաղաղության պատրաստելու անվան տակ փափուկ բարձ դնել քաղաքացիների գլխի տակ։ Հասարակության զգոնությունը թուլացնելու գործընթացը շարունակվեց նաև պատերազմի ընթացքում։ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո միայն ապատեղեկատվություն էր մատուցվում հասարակությանը։ Իսկ երբ հայկական կողմը մեկը մյուսի հետևից պարտություններ էր կրում, իշխանական քարոզչամեքենան դեռևս խոսում էր Գետաշենը գրավելու և «դագդիգական» նահանջների մասին։

Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո իշխանություններն ընդհանրապես այնպիսի քայլեր են ձեռնարկում, որ հասարակությունը կրկին ապատիայի մեջ ընկնի, հիասթափվի այն հարցում, որ հնարավոր է երկրում պայքարի միջոցով իրավիճակ փոխել, և կորցնի հույսն իր ուժերի նկատմամբ։ Դրան են միտված նաև համայնքների խոշորացման գործընթացն ու ՏԻՄ ընտրություններում նկատվող դրսևորումները, երբ հիսաթափության պատճառով շատերն ուղղակի նախընտրեցին չմասնակցել ընտրություններին։ Եվ այստեղ հատուկ կարևորություն են ստանում ընդդիմության քայլերը, որպեսզի հանրության շրջանում դիմադրողական պայքարը չմարի, քաղաքացիները վերագտնեն երկրում իրավիճակ փոխելու իրենց հույսը։

Շատ կարևոր է հասարակության գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ հանրային դիմադրությունը կարող է լինել այն հիմնական առանցքը, որը կկանխի Հայաստանի նոր կապիտուլ յացիան։ Այս հարցում շատ կարևոր է ընդհանրապես բոլոր իրական ընդդիմադիր ուժերի գործոնը։ Հարցը հետևյալն է՝ կխանգարե՞ն, թե՞ կմասնակցեն նոյեմբերի 8-ից սկսվող գործընթացին։ «Պատիվ ունեմ» դաշինքն, օրինակ՝ հայտարարել է, որ իրենք մասնակցելու են հանրահավաքին: Իհարկե, կարող են լինել նաև միավորներ, որոնք ուղղակի չեն ցանկանա մասնակցել, թեպետ առկա իրավիճակում նեղ քաղաքական «ճաշակները» երկրորդական են:

Շատ ավելի հետաքրքիր կլինի տեսնել այն ուժերին, որոնք ուղղակի կփորձեն խանգարել ընդդիմությանը՝ իրենց հայտարարած լինելով ընդդիմություն: Սա կարող է հիանալի լակմուսի թուղթ լինել նրանց համար, որոնք ցույց են տալիս, թե դեմ են գործող իշխանություններին, թե դեմ են նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրմանը, բայց իրականում շարունակում են պարզապես լինել ընդդիմության ընդդիմություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ