«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս Արցախին որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել եւ հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը:
Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի եւ Արցախի միջեւ` տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած 2022 թվականի բյուջեի նախագծով 144 միլիարդ դրամ է տրամադրվելու Արցախին: Ըստ նախագծի` Արցախի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով։
Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը