«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունն առավելապես հասարակության ցածր կրթական ցենզի, արժեքային դեգրադացված համակարգի ու տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմադրողականության բացակայության շնորհիվ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանությունը, որի ներկայացուցիչներն իրենց հաղթանակը ներկայացնում են՝ որպես «ինտելեկտուալ ապուշների» դեմ հաղթանակ։
Հասարակության նման վիճակը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար։ Իսկ եթե կա խնդիր, ապա պետք է լինի նաև դա լուծելու ցանկություն, ջանք։ Հասարակության ինտելեկտուալ, արժեքային նշաձողի բարձրացման առաքելություն ունի առաջին հերթին ու առավելապես իշխանությունը՝ առնվազն այնքանով, որքանով զբաղեցնում է անվանական վերնախավի կարգավիճակը։
Բայց իրավիճակի նրբությունն ու հակասականությունն այն է, որ հանրության կրթական մակարդակի բարձրացումն իրականում հակոտնյա է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի շահերին։ Որովհետև ակնհայտ է, որ բարձր ինտելեկտուալ մակարդակ ու ոչ միայն նյութական արժեքներ դավանող հասարակությունը որևէ պարագայում չի ընտրի Նիկոլ Փաշինյանին։
Իսկ դա նշանակում է, որ վերջինս իր պաշտոնավարման ողջ ընթացքում ոչ միայն որևէ ջանք չի գործադրելու հանրության կրթական, արժեքային մակարդակը բարձրացնելու համար, այլ ճիշտ հակառակը՝ անելու է ամեն ինչ հասարակության է՛լ ավելի մեծ շերտերի դեպի ինտելեկտուալ խավարամտություն քաշելու, էժանագին մանիպուլյացիաների ենթարկելու համար։
Նիկոլ Փաշինյանի ամենահզոր գործիքը պոպուլիզմն է, ամբոխահաճությունը, որի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է ու մտածողությունը։ Կրթված հասարակությունում պոպուլիզմը չի կարող որևէ հաջողություն ունենալ, և հակառակը՝ որքան ցածր է հանրության կրթական մակարդակը, այնքան մեծ են պոպուլիզմի հաղթանակի հնարավորությունները։ Այսպիսով, Հայաստանում գործում է իշխանություն, որը հասարակության ցածր կրթական մակարդակի թիվ մեկ շահառուն է։
Այդ իմաստով գործող իշխանությունը հակապետական իշխանություն է, քանի որ անկիրթ հասարակությունն ընդհուպ ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է ցանկացած պետության համար, հետևաբար՝ նման հասարակության շահառու իշխանությունն իր բովանդակությամբ հակապետական է։ Բայց եթե իշխանությունը շահագրգիռ չէ հասարակությանն ինտելեկտուալ խավարից դուրս բերելու հարցում, դա չի նշանակում, թե այն դատապարտված է վերջնականապես։
Նման առաքելություն պետք է ստանձնեն ամենատարբեր էլիտաները, քաղաքականից ու քաղաքացիականից՝ մինչև մասնագիտական վերնախավեր, որոնք պետք է փոքր քայլերով փորձեն բարձրացնել հանրության ինտելեկտուալ մակարդակն այնպես ու այնքան, որ ինչ-որ պահի այն այլևս մերժի պոպուլիզմը։
Դա ոչ միայն հեշտ աշխատանք չէ, այլ չափազանց դժվար խնդիր է, բայց առանց այդ խնդրի լուծման Հայաստանը չի կարող զարգացման որևէ հեռանկար ունենալ։ Պոպուլիզմը պետության թշնամին է, որին կարելի է հաղթել միայն հակապոպուլիզմով՝ բանական ու խելամիտ քաղաքականությամբ։
Հակառակ դեպքում պետությունն ուղղակի կքամվի պոպուլիզմի պերմանենտ հաղթանակներից՝ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ մեկի դեմքով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը