22 04 2021

Փաշինյանի այցը Սյունիք դարձավ «Ֆորտ Բոյար»․ «Հրապարակ»

Փաշինյանի այցը Սյունիք դարձավ «Ֆորտ Բոյար»․ «Հրապարակ»

«Ապրիլի 20-ի ուշ երեկոյան լուր ստացանք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն՝ առանց զգուշացնելու և նախապես հայտարարելու, մեկնել է Սյունիք։ Գուցե այցը գաղտնի էր այն պատճառով, որ Սյունիք կատարած նախորդ այցից հետո լավ գիտեր, որ մարզում իրեն, մեղմ ասած, չեն սպասում։ Առաջին կանգառը Գորիսն էր, որտեղ Փաշինյանը հասել էր երեկոյան 8-ի սահմաններում, մնացել մի քանի րոպե ու շարունակել ճանապարհը։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեզ ասաց․ «Ինքը թաքուն եկել է, թաքուն էլ դուրս է եկել, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներն իր հետ ցանկություն էլ չունեն շփվելու առհասարակ։ Չգիտեմ, թե ինչու էր եկել, չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է հասցեատիրոջը տրվեն։ Գորիսում մնացել է մի քանի րոպե»։ Այդ մի քանի րոպեի ընթացքում նա մտել է մի սրճարան, տեսել, որ այնտեղ ուրախ չեն իրեն տեսնելու համար, և հեռացել է։

Փոխքաղաքապետն ասաց, որ սրճարանը կոչվում է «Դելյուքս»։ Մեզ հաջողվեց պարզել, որ սրճարանը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի բարեկամներին։ Մենք կապվեցինք նաև սրճարանի տնօրեն Էդգար Թունյանի հետ և հարցրինք, թե վարչապետն ինչքան ժամանակ է մնացել սրճարանում, ինչպես են նրան ընդունել, սակայն Թունյանն ասաց, որ ինքը նման ինֆորմացիա իրավունք չունի տալու։ 

 

Փաշինյանի հաջորդ կանգառը Շուռնուխ գյուղում է եղել՝ երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ արդեն մութ է եղել, և գյուղում էլ ոչ ոք նրան սպասելիս չի եղել։ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանին հարցրինք՝ ինչո՞ւ չի հանդիպել վարչապետի հետ։ Նախապես մեզ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը մարդ է ուղարկել գյուղապետի հետևից և նրան հրավիրել հանդիպման։ «Ինձ ոչ մեկը ո՛չ զգուշացրել է, որ վարչապետ ա գալիս, ո՛չ էլ․․․, օրինակ՝ 2 օր առաջ տեղեկացված եմ եղել, որ նախագահն է գալիս՝ ՄԻՊ-ի հետ միասին, բայց վարչապետի գալու հետ կապված ոչ մի բան ո՛չ զգուշացրել են, ո՛չ ասել են։ Նախագահը 2 օր առաջ տեղեկացրել է, ժողովրդին իր խոսքն ասել է, իրեն լսել են, իսկ իրիկունը ժամը 21։30-22։00-ին վարչապետի կորտեժը ներխուժեց գյուղ։ Անունն ի՞նչ են դրել, չգիտեմ, չեմ հասկանում, էնքան որ՝ թափով մտել է 2 տուն ու, սովորության համաձայն, ծլկել»,- պատասխանեց Արշակյանը։ Շուռնուխում Փաշինյանը՝ քաղցրավենիքի տոպրակով, մի տուն է մտել, սակայն նրան գրեթե դուռն են ցույց տվել, և նա արագ հեռացել է։ Համայնքապետին հարցրինք՝ ճի՞շտ է, որ փորձել է շուռնուխցիներին քաղցրավենիք բաժանել։ «Երևի, որովհետև տոպրակներով էին գնում, այո»,- պատասխանեց նա։

Շուռնուխից մեկնել են Կապան՝ ընթրել «Էլեգանտ» ռեստորանում։ Մինչ այդ արդեն Կապանը ոստիկանապատված է եղել՝ վարչապետի անվրդով ընթացքն ապահովելու համար։

Վարչապետի պնդաճակատության հաղթարշավը շարունակվեց հաջորդ օրը՝ ապրիլի 21-ին, սկզբում՝ Ագարակ համայնքում։ Ագարակում տեսարանները դաժան էին։ «Ողջունում եմ, ժողովուրդ ջան»,- ասաց Փաշինյանը։ «Ողջույն, բ․․․-ի տղա»,- հնչեց կողքից՝ ի պատասխան։ «Մենք ենք մեղավոր սրա համար, կներեք, ժողովուրդ ջան»,- կիսասպառնալից տոնով ասաց Փաշինյանը, հայհոյանքները՝ տարբեր բնույթի և ուժգնության, շարունակվում էին։ Ապա Փաշինյանի հասցեին սկսեցին բղավել այն արտահայտությունը, որը նա և իր թիմակիցները տարիներ շարունակ Արմեն Աշոտյանի երեսով էին տալիս։ Ողջ ընթացքում Փաշինյանն Ագարակում քայլում էր «թուրք», «կապիտուլյանտ», «դավաճան» վանկարկումների և սեռական հայհոյանքների տարափի ներքո։
Ի վերջո, նա նստեց մեքենան և հեռացավ, սակայն ագարակցիներին սա չհանգստացրեց։

 

«Գնա՛ Սյունիքից»,- բղավում էին նրա հետևից, ապա նրանցից մեկը հայտարարեց․ «Ժողովուրդ ջան, հետևից գնում ենք»։ Հաջորդիվ ժողովրդի վարչապետը գնաց Մեղրի, նույն սցենարն էր նաև Մեղրիում։ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ է հանդիպել Փաշինյանի հետ։ Պատասխանեց․ «Ոչ, անիմաստ եմ համարում»։ Այդ ընթացքում Սյունիքի հաջորդ քաղաքում՝ Քաջարանում, «հավուր պատշաճի» պատրաստվել էին Փաշինյանի գալստյանը։ Դեռ նա չէր ժամանել, սակայն հավաքվածների բազմությունն արդեն վանկարկում էր․ «Նիկոլ-դավաճան»։ Այստեղ էլ փակել էին նրա ճանապարհը և պատրաստվում էին թույլ չտալ, որ մտնի քաղաք։

Պատերազմում զոհված քաջարանցիների ծնողներն էլ շրջափակել էին գերեզմանատունը, որտեղ հանգչում են իրենց զավակներն ու հարազատները, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել գերեզմանատուն։ Ի վերջո, վարչապետը որոշեց շրջանցել Քաջարանը և գնաց Կապան։
Մինչ Փաշինյանը Սյունիքում ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ուղեկցությամբ շրջում էր ու հայհոյանքներ լսում, Երևանից շուրջ 2 հազար ոստիկան էր մեկնել Սյունիք։ Այնտեղ էին նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել՝ գիշերը «հավաքել» Մեղրիի ակտիվ տղաներին, որոնք անպատվում էին իրեն։ Ավելի ուշ, անգամ կառավարության հաղորդագրության մեջ նշել էին, որ Փաշինյանը հստակ հանձնարարականներ է տվել ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին՝ պատժել իր դեմ ընդվզողներին։ 

«Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։ 

Դատախազությունն ու ոստիկանությունն անմիջապես գործի անցան՝ սկսեցին Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ նյութեր նախապատրաստել։ Պարզապես պարզ չէր, թե ինչ հոդվածներով և ինչպես են քաղաքական հետապնդումները քրեականի տակ անցկացնելու։ Մեզ հաղորդեցին, որ ոստիկանությունը սպասում է, որ Փաշինյանը լքի Սյունիքը, որպեսզի սկսեն մարդկանց տներից բերման ենթարկել։ Իրավիճակը շատ նման էր 2019-ի ամռանը Տավուշի մարզում անտառահատների դեմ ռեպրեսիաներին։ 

Փաշինյանի սյունյաց արկածներն ավարտվեցին Կապանում՝ մարզպետարանի շենքում խորհրդակցությամբ։ Իսկ մինչ այդ՝ կրկին բեմականացում․ Փաշինյանին մոտեցան մի քանի սյունեցիներ ու հորդորեցին, որ «ավելի խիստ լինի», «վերջ տա թավիշին» և այլն։ Ուշագրավ զրույց տեղի ունեցավ մի կնոջ հետ, ով, մոտենալով Փաշինյանին, հարցրեց՝ ի՞նչ է լինելու մեր վիճակը։ Փաշինյանն ասաց, որ լավ է լինելու։ Կինը մեջբերեց Ալիևին՝ ասելով․ «Բա Ալիևը խոսում, ասում ա՝ Զանգեզուրն իմն ա»։ Փաշինյանը պատասխանեց․ «Ղալաթ ա անում»։ Նման արտահայտություններ էր անում նաև 2020-ի պատերազմից առաջ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ