02 05 2020

Սիրիահայերը գտնվում են բացարձակ անտարբերության մեջ․ Իշխանյան․ «Առավոտ»

Սիրիահայերը գտնվում են բացարձակ անտարբերության մեջ․ Իշխանյան․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Քիչ առաջ կարդացի Արտեմիս Լեփեջյանի հարցազրույցը Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների վիճակի մասին։ Աչքիս առաջ եկան այն ճաշարանները, խանութներն ու վարսավիրանոցները, որտեղ աշխատում են սիրիահայերը՝ միայն անկեղծ ժպիտ, ջերմ մթնոլորտ և ամենակարևորը, ներեցեք, մեզ համար անսովոր՝ ազնվություն և պարկեշտություն։

Նրանք նոր, ազնիվ մշակույթ են ներմուծել Հայաստան։ Միշտ անհանգստացել եմ նրանց ճակատագրի համար, հատկապես, երբեմն տեղեկանալով, նրանց նկատմամբ, մեղմ ասած, պետական անտարբեր վերաբերմունքի մասին։

Անհանգստացել եմ, որ հնարավոր է նրանք վերջնականապես հիասթափվեն «Մայր» հայրենիքից և, ևս որերորդ անգամ, արտագաղթեն։ Եվ ահա, այս համաճարակային իրավիճակում, սիրիահայերը գտնվում են բացարձակ անտարբերության մեջ։ Հարգելի պարոն վարչապետ, սիրիահայերը «հպարտ» Հայաստանում, բացի իրենցից այլ հարևան-բարեկամներ չունեն, որ պարտք վերցնեն և հոգան իրենց կոմունալ ծախսերը, բնակարանային վարձերը։

Դուք խոստանում էիք, որ 2050թ․ Հայաստանը կունենա 5 մլն. բնակիչ, նկատի ունենալով նաև մեր հայրենակիցների ներգաղթը։ Դուք այցելեցիք ԱՄՆ և այնտեղ նույնպես մեծ խոստումներ տվեցիք։ Դուք լուծարելով Սփյուռքի նախարարությունը, ձեզ կից, ավելի մեծ աշխատակազմով ստեղծեցիք Սփյուռքի ինչ-որ բաժին, որի աշխատողները շքեղ գործուղումային շրջագայությունների են մեկնում և հսկայական պարգևավճարներ ստանում։ Իսկ սիրիահայերը․․․

-Լուծարեք ձեզ կից սփյուռքի ստորաբաժանումը և միջոցներն ուղղեք սիրիահայերի աջակցությանը։ Իսկ լուծարված աշխատողները որոշակի ժամանակ, իրենց նախկինում ստացած պարգևավճարներով կդիմանան, նաև հաշվի առեք, որ նրանք ունեն և ազգականներ և հարևաններ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ