11 12 2019

Հարկային եկամուտների մուտքերի աճի տեմպը ռեկորդային արագությամբ նվազել է․ 168.am

Հարկային եկամուտների մուտքերի աճի տեմպը ռեկորդային արագությամբ նվազել է․ 168.am

168․am-ը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ կատարել է «հեղափոխությունից» առաջ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ իր տված հայտնի խոստումը, մուտքերի աճի տեմպը գնալով նվազում է։ Հիմա արդեն այն այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր 3-4 ամիսներ առաջ։

Մուտքերի աճի տեմպի ռեկորդային անկում է գրանցվել հատկապես հոկտեմբերին. հաջողվել է ապահովել 117,6 մլրդ դրամի եկամուտ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը 113,7 միլիարդ էր։ Տարբերությունը մեծ չէ, հազիվ 3,9 միլիարդ դրամ։ Հոկտեմբերին մուտքերն ավելացել են ընդամենը 3,4 տոկոսով։

Սա այս տարվա հարկային մուտքերի աճի ամենացածր ցուցանիշն է։ Որքան էլ հաջողվել է մի քանի միլիարդով ավելի եկամուտ հավաքել, այնուհանդերձ, աճն այլևս նախկինը չէ։

Հիշեցնենք, որ մի պահ ՊԵԿ-ին հաջողվում էր մուտքերի ռեկորդային բարձր ցուցանիշներ ապահովել։ Ասենք՝ ապրիլին նախորդ տարվանից 31 տոկոսով ավելի գումար հավաքվեց։ Մայիսին աճը կազմեց 22,3 տոկոս։ Հետագայում թեև աճի տեմպը գնալով նստեց, այնուհանդերձ, այն շարունակեց մնալ երկնիշ։

Արդեն հոկտեմբերին աճը կազմեց ընդամենը 3,4 տոկոս։ Թե ո՞րն է եղել աճի տեմպի նման կտրուկ անկման պատճառը, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Մի բան փաստ է, որ դա տեղի է ունեցել հարկային մուտքերի աճի վրա այս տարի էական ազդեցություն թողած հիմնական գործոններից մեկի պահպանման պայմաններում։ Խոսքն ավտոմեքենաների ներկրումների մասին է։ Տարեվերջին ընդառաջ՝ տրանսպորտային միջոցների ներմուծումը շարունակում է ավելանալ ու ավելանալ, ինչը բավական լուրջ եկամուտներ է ապահովում բյուջեի համար։

Եվ այդ պայմաններում հոկտեմբերին հաջողվել է նախորդ տարվանից ավելի հավաքել ընդամենը 3,9 մլրդ դրամ։

Իսկ ո՞ւր է տնտեսական աճի ազդեցությունը։ Չէ՞ որ, պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանի տնտեսությունը պակաս բարձր ակտիվություն չի ցուցաբերում։

Տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական աճը հասել է 7,5 տոկոսի, իսկ 10 ամիսների արդյունքներով՝ արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն։ Ու դա, ուզած թե չուզած, պետք է արտահայտվեր նաև հարկային եկամուտների վրա։ Եթե տնտեսությունն աճում է, դրան համաչափ՝ ավելանում են նաև գոյացող հարկերը։ Դեռ չհաշված հարկային օրենսդրության փոփոխությունները և գնաճը։

Այս պայմաններում հոկտեմբերին արձանագրված 3,4 տոկոսանոց աճը խիստ տարօրինակ է։ Եթե, իհարկե, այստեղ այլ հարակից ազդեցություններ չեն եղել։ Ասենք` ինչպես է ստացվել, որ այս տարի ավելացված արժեքի հարկից բյուջեի եկամուտները շատ ավելի քիչ են եղել, քան անցած տարի։ Ընդ որում, տարբերությունը բավական մեծ է. անցած տարվա հոկտեմբերին այդ հարկատեսակի մուտքերը կազմել էին 41,8 միլիարդ, այս տարի՝ 32,3 մլրդ դրամ։ Թվում է, թե հակառակը պիտի լիներ։

Կամ ինչպե՞ս է եղել, որ սեպտեմբերին նույն ԱԱՀ մուտքերը գերազանցել էին նույնիսկ 42,6 մլրդ դրամը, իսկ հոկտեմբերին իջել են 32,3 միլիարդի։

Ի դեպ, հոկտեմբերին հարկային մուտքերը 24 մլրդ դրամով կամ 17 տոկոսով պակաս են եղել նախորդ ամսվանից։

Իհարկե, մեկ ամսվա տվյալները բավարար չեն հարկային մուտքերի վերաբերյալ հեռուն գնացող դատողություններ անելու համար։ Բայց փաստ է, որ աճի տեմպը գնալով նվազում է։ Տարեսկզբի 10 ամիսների ցուցանիշներն այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ընդամենը 4 ամիս առաջ, երբ առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելուց հետո ներկայացնում էր վարչապետը։

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»,- ժամանակին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը։

Այդ նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել էին 24,5 տոկոսով։ Վարչապետի գրառումից ընդամենը 4 ամիս անց աճի տեմպն այլևս 19,5 տոկոս է։ Այսինքն` 4 ամսում այն հասցրել է նվազել 5 տոկոսային կետով։ Ու դեռ պարզ չէ, թե ինչքան կնվազի մինչև տարեվերջ։

Ինչպես և սպասվում էր, տարեվերջին ընդառաջ՝ ցուցանիշների փայլը գնալով խամրում է։ Տարվա ավարտին դեռ ժամանակ կա, և կասկած չկա, որ այդ միտումն առաջիկայում ևս շարունակվելու է։

Մինչև ո՞ւր կհասնի, դեռ շուտ է ասել։ Բայց դատելով վերջին ամիսներին տեղի ունեցող փոփոխություններից` այն կարող է տատանվել 17-18 տոկոսի սահմաններում։

Իհարկե, 17-18 տոկոսն էլ վատ ցուցանիշ չէ, բայց այն չէ, ինչ ոչ վաղ անցյալում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Չնայած դրա համար նա հավանաբար պատճառներ ուներ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ հարկային մուտքերի կատարողականը գնալով նվազելու է, և այլևս ավելի լավ առիթ չի լինելու` բարձրաձայնելու բյուջեի եկամուտների ավելացման վերաբերյալ տրված խոստումների իրականացման մասին։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետն ապառիկով է խոսում այդ մասին։

«2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով։ Հիմա 2020 թվականի բյուջեում եկամտային մասը 2018թ. բյուջեի եկամտային մասը գերազանցում է 27,4 տոկոսով»,- հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ 2020թ. բյուջեն դեռ պետք է կատարել։

Ինչ մնում է այս տարվան, ապա առայժմ արձանագրենք, որ տեղի է ունենում հարկային մուտքերի աճի դանդաղում։ Ու դա շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին ավտոմեքենաների ներկրման այս ահռելի ծավալները։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի շուրջ 200 հազար տրանսպորտային միջոց` նախորդ տարվա 67 հազարի դիմաց։ Նախորդ տարի մեքենաների ներմուծումից մաքսատուրքի տեսքով գանձվել է ավելի քան 39 մլրդ դրամ։

Հիմա հավանաբար դժվար չէ գոնե մոտավոր հաշվարկներով ասել, թե միայն ավտոմեքենաների ներմուծման արդյունքում այս տարի որքան հավելյալ մուտք է ստացել պետական բյուջեն ու դեռ շարունակելու է ստանալ մինչև տարեվերջ։ Բայց դա բացարձակ կապ չունի կառավարության գործունեության ու տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ