«Գոլոս Արմենիի» թերթը գրում է․
Միայն այսպես և ոչ այլ կերպ կարելի է անվանել թուղթը, որ ստացել է փաստաբան Հայկ Ալումյանը Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան իր հարցման։ Ընդ որում թուղթը ստորագրված է ոչ թե պատահական ինչ-որ մեկի, այլ հենց այդ մարմնի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից։
ՀԱՐՑՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԷՐ «ժողովրդական» վարչապետի մինչ այժմ չլսված արտահայտությունից հետո՝ «դռների տակ վնգստացող դատավորների» մասին։ Արտահայտությունը հնչեց սեպտեմբերի 16-ին, մամլո ասուլիսի ժամանակ։ Զարգացնելով այն թեման, թե «ամենաապիկար վտանգները Հայաստանին սպառնում են դատական համակարգից», վարչապետն այդուհանդերձ անհրաժեշտ համարեց վերապահում անել, թե մեզանում ոչ բոլոր դատավորներին կարելի է անվանել «դռների տակ վնգստացող», թեև այդպիսիք կան և նրանցից ոմանց անունները հայտնի են հանրությանը։
Որպես շարունակություն այդ չափազանց հետաքրքիր և ճանաչողական թեմայի, մեկ-երկու օր անց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատեց, որ այդպիսի դատավորներ իրենց հայտնի են… Մի՞թե այլ կերպ կարող էր լինել. հայտնի են վարչապետին, ուրեմն պետք է հայտնի լինեն նաև իրեն։ Սակայն «վնգստալ սիրողների» անունները Վարդազարյանը գերադասեց գաղտնի պահել։ Իր հերթին, փաստաբան Հայկ Ալումյանը, որն ամեն օր ստիպված է գործ ունենալ տարբեր դատարանների և ատյանների դատավորների հետ, հետաքրքրասիրություն հանդես բերեց և հարցումով դիմեց պրն. Վարդազարյանին, որով խնդրում էր բացել գաղտնիքը և ներկայացնել «վնգստացող դատավորների» ցանկը։ Ոչ թե, այսպես ասած, դատարկ հետաքրքրասիրությունից դրդված, այլ գործի շահերից ելնելով…
Ռ.Վարդազարյանի պատասխանը ստացված է։ Բայց թե ինչ լեզվի պետք է տիրապետես՝գլուխ հանելու համար գրվածի իմաստից, այդ մասին գիտությունը լռում է։ Ամեն դեպքում, ո՛չ Ալումյանին, ո՛չ էլ մեզ չհաջողվեց ըմբռնել այն, ինչի տակ չի ամաչել իր ստորագրությունը դնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Որպեսզի ընթերցողը կարողանա անձամբ ըմբոշխնել ԲԴԽ-ից ստացված նամակում ամփոփված մտքի թռիչքը (կամ դրա բացակայությունը), տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց կրճատումների և փոփոխությունների։
«ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԱԼՈՒՄՅԱՆ Ի պատասխան Ձեր հարցման՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դատավորների, իրավական հանրության և ընդհանրապես հասարակության տարբեր շրջանակներում ձևավորված են անհատական գնահատողական դատողություններ որոշ դատավորների վերաբերյալ, ովքեր ընկալողների համար իրենց վարքագծով առերևույթ չեն համապատասխանում դատավորի բարձր կոչմանը: Մինչդեռ գնահատողական դատողությունները, պայմանավորված իրենց բնույթով, չեն կարող անհատականացվել նախ այն պատճառով, որ դրանք բոլոր դեպքերում արտահայտում են սուբյեկտիվ մոտեցումներ անձանց կամ երևույթների նկատմամբ՝ երբեմն սուր շեշտադրմամբ առկա խնդիրների վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրելու համար, նաև այն պատճառով, որ այդպիսի դատավորները, անկախ նրանց վերաբերյալ ձևավորված գնահատողական դատողություններից, ՀՀ դատավորներ են և գտնվում են մասնագիտական ու անձնական հեղինակության համահավասար պաշտպանության տիրույթում:
Յուրաքանչյուր դատավորի բարի համբավն արժեք է, որը չի կարող վտանգվել, այդ թվում՝ տեղեկության ազատության սկզբունքի քողարկմամբ շահարկման առարկա դառնալու միջոցով:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահի կողմից մամուլի հետ շփման ընթացքում կատարված արտահայտությունները գնահատողական դատողություններ են և չեն պարունակում կոնկրետ հասցեական տեղեկություններ՝ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԶԱՌԱՆՑԱՆՔ։ Իսկ եթե լուրջ, ինչը, խոստովանենք, դժվար է այսպիսի տեքստից հետո, ապա կարծում ենք, որ պարոն Վարդազարյանը պարզապես չգիտի որտեղ ելք որոնել այն իրավիճակից, որում ինքն է գցել իրեն։ «Վնգստացող դատավորների» առկայությունն իրենց շարքերում նա հաստատեց, բայց թե ինչպես դուրս գալ ասվածի հետևանքների խճճանքից, ակնհայտորեն չգիտի։
«Մարդն իր կյանքի առաջին 2 տարիներին սովորում է խոսել, իսկ հետո շատերին, ամենայն հավանականությամբ, 50 տարին էլ չի բավականացնում, որ սովորեն լեզուն ատամի տակ պահել։ Ահա սա էլ հենց այն դեպքն է, երբ այդ կարողությունը (լեզուն իրեն պահելու) շատ պետք կգար։ Այդժամ ստիպված չէին լինի հետո նման նամակներով փորձել շտկել իրավիճակը»,- կատակում է Հայկ Ալումյանը։
Հ.Գ. Ուրեմն վնգստում են դատավորները, թե՞ չեն վնգստում։ Մեր պատմությունն այդ մասին լռում է…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը