«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթինգի անցկացման հիմքերի և կարգի վերաբերյալ, գույքի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, և քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթինգ անցնել, ընդ որում` վեթինգ պետք է անցնեն նաև ԲԴԽ անդամները:
Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարևորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարևորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից:
Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը