«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մի ուշագրավ դիտարկում էր արել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից ստացվող հաղորդագրությունների մասին, դրանք համեմատելով ռազմաճակատից ստացվող «սվոդկաների» հետ։ ՔՊ-ականները, թերեւս, դեռ լավ չեն գիտակցել, որ իրենք իշխանություն են եւ բազում լծակներ են տնօրինում։ Հակառակ պարագայում այդքան սպառնալիք, այդքան նախազգուշացում, այդքան ակնարկ՝ ուղղված նախկին իշխանություններին, երբ նրանք մեկ տարի առաջ լքել են ասպարեզը եւ հատուկենտ կենդանության նշաններից բացի, ակտիվության այլ նշաններ չեն ցուցաբերում, տարօրինակ է։
Ո՞ւմ դեմ են ուղղված ՔՊ-ականների շուրթերից հորդող սպառնալիքներն ու նախազգուշացումները։ Ասենք, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ինչո՞ւ է վիրավորում եւ սպառնալիքներ տեղում իր նախկին կուսակից ընկերների հասցեին։ Ի՞նչ տեղեկատվության հիման վրա։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է սպառնում «բոմժ» դառնալու հեռանկարով եւ ո՞ր լրատվամիջոցներին նկատի ունի, որոնց «սիրելիների» թվում է հայտնվել նախկին «ատելին»։ Եվ ինչպե՞ս է ստացվել, որ նախկինում ֆեյսբուքյան հանրությունը «ժողովուրդ» էր, այժմ նախկիններից սնվող «ֆեյքեր» են, որոնց մեծահոգաբար չեն ոչնչացնում, բայց նախազգուշացնում են։
Զարմանալի է, որ իրենց քաղաքական գործիչ անվանող այս մարդիկ չեն հասկանում, որ քաղաքական գործունեություն, ֆեյսբուքյան փիառ անելու իրավունք ունի ցանկացած անձ։ Եվ որ անգամ իրենց կողմից մերժված ՀՀԿ-ն արգելված կուսակցություն չէ, եւ որքան էլ մենք դա չցանկանանք, կարող է պայքարել կրկին իշխանության վերադառնալու համար, եւ դա կախված է միմիայն ընտրողի քվեից։ Իսկ «սիրելիներ» մամուլը չունի․ կան մարդիկ, որոնց չլուսաբանել մենք չենք կարող, մանավանդ եթե նրանց իրավունքները ոտնահարվում են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը