«168 Ժամ»-ը գրում է․ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
Նրանք մասնավորապես նշել են. «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։
Արցախի երկու նախագահների այս դիմում-նամակը, առաջին հերթին, քաղաքական հայտարարություն է։
Օրվա ավարտին հետևեց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-նամակին:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար՝ Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»,- ասված է Դատախազության հայտարարության մեջ:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի «Խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու» 151-րդ հոդվածն ասում է.
1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
3. Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:
Գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել և վերացվել նաև քննիչի կողմից՝ դատախազի համաձայնությամբ:
4. Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
Բացի վերոնշյալ հոդվածից, նույն Քրդատ օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետն ասում է, որ մինչդատական վարույթում դատախազի լիազորությունների մեջ է մտնում ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանավորված անձանց։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանըկարծում է, որ ըստ էության Դատախազության պատասխանն իրավաչափ է։
«Նախաքննության ավարտ է համարվում մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելը։ Հիմա վարույթն իրականացնող մարմին համարվում է դատարանը, և դա դատարանի քննարկման ենթակա հարց է։ Այլ հարց է, որ դատախազի դիրքորոշումը լրացուցիչ անգամ կլսենք, երբ այդ հարցը դատարանում բարձրացնենք։ Դատախազն անձամբ իրավասություն չունի ազատել կամ չազատել, բայց դիրքորոշում հայտնելու իրավունք ունի, և այն մենք կլսենք դատարանում»,- նշեց պաշտպանը։
Փաստացի ունենք մի իրավիճակ, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները քաղաքական հայտարարություն են արել, ասել, որ պատրաստ են ցանկացած երաշխավորության, ինչը, ևս մեկ անգամ փաստենք, որ ազատության մեջ երկրորդ նախագահի գործողությունների համար լիարժեք պատասխանատվություն է ենթադրում, և հիմա արդեն դատարանում կտեսնենք, թե ինչպես կարձագանքի գլխավոր դատախազը Արցախի երկու նախագահների նամակին, երբ դիրքորոշում կհայտնի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը՝ դե՞մ կլինի, թե՞ կողմ, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Արցախի երկու՝ նախկին և ներկա նախագահները պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Արդյո՞ք գլխավոր դատախազն այնքան քաղաքական համարձակություն կունենա, որ դատարանում չի առարկի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը