Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պետական օղակներում իրականացվող կադրային քաղաքականությունը գրեթե ամեն օր քննարկման նյութ է դառնում: Հերթական տարօրինակ նշանակումներից մեկը բացահայտել է 168.am-ը, այս անգամ՝ ուժային կառույցներում: Ընդ որում, այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ նույն անձը ստանձնել է, միեւնույն ժամանակ՝ երկու գերատեսչություններում պարտականությունների կատարում. երկուսն էլ՝ ուժային կառույցներում:
Խոսքն ԱԻՆ-ից օրերս ՊՆ տեղափոխված Մարգարիտա Հակոբյանի մասին է, եւ տեղափոխությունից հետո նա շարունակում է փաստացի մնալ ԱԻՆ-ում՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգողի պաշտոնում։
Այս պաշտոնից բխող անձի պարտականությունները լոկալ չեն, ավելին՝ դրանց մի մասն իրականացվում է ամենատարբեր երկրներ հաճախակի կատարվող ուղեւորությունների, կոնֆերանսներին մասնակցության միջոցով:
Ու թերեւս հենց այդ նկատառումով է, որ Մարգարիտա Հակոբյանի բարձրաստիճան հովանավորը ջանացել է, որ վերջինս չզրկվի բարձրակարգ ավիափոխադրողներով հաճախակի իրականացվող ճամփորդություններից, մեծ հոնորարներից: Իսկ այդ «մեծահոգի» պաշտոնյան, որքանով ամենատարբեր օղակներից կայքից հաջողվել է պարզել, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից է:
Հայաստանը, տասնյակ այլ երկրների նման, միացել է ՄԱԿ-ի մակարդակով ընդունված «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին»։ Եվ ի թիվս այլ երկրների՝ մեր երկիրն էլ պարտավոր էր ունենալ ծրագրի իր ազգային համակարգողը, եւ այս նշանակումը, բնականաբար, պետք է արվեր Արտակարգ իրավիճակների նախարարի միջոցով, ու համակարգողը պետք է աշխատեր հենց ԱԻՆ-ից:
Ավելի քան երկու տարի Մարգարիտա Հակոբյանն է հանդիսանում Հայաստանի ծրագրի համակարգող պաշտոնյան, ով, ի դեպ, ըստ նույն աղբյուրների, ԱԻՆ է տեղավորվել կրկին նույն ճանապարհով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորությամբ:
Համակարգի ներսում նրա առավելությունների մասին հարցուփորձի ժամանակ մարդիկ սկսում եւ կանգ են առնում անգլերենի փայլուն իմացության վրա:
Երկրի ներսում՝ համակարգի ներքին կոնյունկտուրայի մակարդակում, առնվազն անընդունելի է, որ պետական կառույցի իրավասության դաշտում գտնվող հարցով անհասկանալի պատճառով սկսի զբաղվել պետական մեկ այլ կառույցի աշխատակից։
Այս տարօրինակ մոտեցումը չունի ոչ մի տրամաբանություն, այն կարող է ընկալելի լինել միայն Նոր Հայաստանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը