«Առավոտ»-ը գրում է․ «Արդեն հասկանալի է, որ հաջորդ տարի Արցախի հարցում կարեւոր զարգացումներ են սպասվում: Կրկին արձանագրենք, որ ոչ մի հայ ղեկավար միտումնավոր չի գնացել եւ չի գնա որեւէ քայլի, որը վտանգի կենթարկի Հայաստանն ու Արցախը: Հետեւաբար, չմտնելով «ծախում է-չի ծախում», «հանձնում է-չի հանձնում» անհետաքրքիր եւ, թող ներվի ասել, տափակ բանավեճի, ինչպես նաեւ «հայրենասիրական» զեղումների մեջ, մենք՝ քաղաքացիներս, պետք է փորձենք ստանալ մի շարք կարեւոր հարցերի պատասխանը:
Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Բոլթոնը, ինչպես նաեւ Մակրոնը, Պուտինը, ցանկացած այլ միջազգային խաղացող Հայաստանի նոր ղեկավարության հետ քննարկո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում, եւ հակառակը՝ քննարկո՞ւմ է այնպիսի մի լուծում, որը ենթադրում է տարածքների առումով ներկայիս կարգավիճակի պահպանում։ Արդյոք նման՝ մեզ համար չափազանց ձեռնտու լուծման հետ համաձա՞յն է Ադրբեջանը։ Եթե այդ երկու հարցերին տրվում է դրական պատասխան, ապա վերջ՝ մենք կարող ենք ասել, որ այս առումով մեր խնդիրները լուծված են, ու անհանգստանալու կարիք չկա։ Եթե, այնուամենայնիվ, քննարկվում է տարբերակ, որը նախատեսում է փոխզիջում, որի մասն է կազմում տարածքների հանձնումը, ապա ցանկալի է իմանալ, թե ի՞նչ է դրա փոխարեն մեզ առաջարկվում: Եթե խոսքը միայն ապաշրջափակման եւ ինչ-որ անհասկանալի հանրաքվեի անորոշ խոստումների մասին է, ապա դա ակնհայտորեն բավարար չէ:
Եթե վերոհիշյալ խաղացողների առաջարկները մեզ ձեռնտու չեն, ապա արդյոք մենք կարո՞ղ ենք մերժել դրանք, եւ եթե կարող ենք, ապա որքա՞ն ժամանակ: Դարձյալ՝ եթե հնարավոր է տարիներով կամ տասնամյակներով պահպանել status quo-ն, ապա դա թեեւ ամենալավ տարբերակը չէ, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի է: Եվ այդ ամենի հետ կապված առաջանում է մի «հարակից» հարց՝ արդյոք մենք տարբեր աղբյուրներից շարունակո՞ւմ ենք ստանալ զենքի նույն քանակությունը, որը ստանում էինք մինչեւ այս տարվա ապրիլը: Սրանք հստակ հարցեր են, որոնք, ի տարբերություն իշխանության՝ «ժողովուրդն է որոշելու» խոստումից եւ ընդդիմության՝ «ոչ մի թիզ հող» բացականչությունից, հնարավորություն են տալիս առերեսվելու իրականությանը:
Եկեք անկեղծ լինենք՝ ժողովուրդը ոչինչ չի որոշելու, որոշելու է ժողովրդի հսկայական վստահությունը վայելող իշխանությունը: Եվ շատ ցանկալի է, որ այդ իշխանությունը չսխալվի: Խնդիրը հետեւյալն է. երբ դու միջազգային ասպարեզում սխալ ես գործում, ոչ ոք, այդ թվում՝ գործընկերներդ ու դաշնակիցներդ չեն ասում՝ «այ, տես, դու սխալ գործեցիր»։ Նրանք գրանցում են այդ սխալը համապատասխան «դավթարում» եւ հետո պատեհ առիթի դեպքում քեզնից հաշիվ պահանջում դրա համար։ Այնպես որ, օրինակ, Պուտինի պարագայում բարեկամության ընդհանուր հավաստիացումները վճռորոշ չեն։ Ավելի կարևոր է այն գինը, որը հետագայում սխալի դեպքում կվճարես։ Առայժմ, իհարկե, ոչ մի սարսափելի բան չի պատահել։ Պարզապես այդ օրինաչափությունը պետք է մտքներումս պահենք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը