12 06 2024

Ցավալի է, որ FlyArna-ի հետ կապված այդ պատմությունը տեղի է ունեցել. Վահե Հովհաննիսյան

Ցավալի է, որ FlyArna-ի հետ կապված այդ պատմությունը տեղի է ունեցել. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ձախողման պատճառները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի  կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժմանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«ANIF-ը մի օրինակ է նրա, որ մենք փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել և չշարունակել։ Իհարկե, ցավալի է, որ FlyArna-ի հետ կապված այդ պատմությունը տեղի է ունեցել, բայց ոչ մեկ չի ասում, որ բոլոր այն գործողությունները, որոնք մենք անում ենք, 100 տոկոսով արդյունավետ են։ Շատ հաճախ անում ենք պիլոտային ծրագրեր, ինչ-որ գումար ենք ներդնում այդ պիլոտային ծրագրի համար և այստեղ, ըստ էության, այդպիսի մի ջանք էր լավ նպատակի համար, որպեսզի ունենանք ավիացիայի զարգացում Հայաստանում։

Կարծում եմ, որ դա լավ նպատակ է եղել, և պետք է նաև մանրամասն ուսումնասիրենք, թե որոնք են ձախողման պատճառները։ Մեր գնահատման համակարգի հիմնական նպատակը դա պետք է լինի։ Ոչ թե սպասենք մի բան ձախողվի ու նոր կանգնի, այլ ընթացքում հայտնաբերենք և ժամանակին փոփոխություններ անենք»,-ասաց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ունի վերահսկողության գործառույթ և հետևում է, թե արդյոք այս կամ այն ծրագրի գումարները ծախսվել են ընթացակարգերին համապատասխան։ 

«ANIF-ում ստուգում արել ենք, և խնդիրներ հայտնաբերվել են։ Այդ զեկույցը հրապարակվել է։ Արդյոք արդյունավե՞տ է եղել, թե՞ ոչ, հենց այստեղ է խնդիրը, որ չկա այդպիսի մի գործառույթ, որը կարծիք և գնահատական է տալիս այդ գործունեության արդյունավետությանը։ Եվ դրա համար ենք այդ ֆունկցիան ստեղծում, որպեսզի արդյունավետությունը հայտնաբերենք։ Հիմա ANIF-ը տեղափոխվել է պետգույքի կառավարման կոմիտե, և այստեղ գործընթաց է գնում, որի արդյունքում կարող ենք որոշ հարցերի պատասխաններ ունենալ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Մայիսի 23-ին կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) լուծարվել է։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ