«Ո՞նց կարելի է ներել, ես իրենց ամենավերջին մահապատիժն եմ ցանկանում» ,- համաներման մասին լսելով՝ ասաց ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը:
Ինչպես գրում է Aravot.am-ը, Անահիտ Պարոնիկյանի խոսքով, եթե «Սասնա ծռերը» համաներվեն ու պատասխանատվության չենթարկվեն, ազատ արձակվեն, իրենք բողոքարկելու են ու հասնեն մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անահիտ Պարոնիկյանին ամենից շատ զայրացրել է խմբի անդամներից Պավել Մանուկյանի հայտարարությունը, թե ինքը «ի՞նչ է արել, ժողովրդի ցասումն է ընդամենը բավարարել»:
«Ո՞նց թե՝ «ես ինչ եմ արել»: Ես մինուճար տղա եմ կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբում են: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք, իսկ էդ մարդասպաններն անմեղ տղերքի արյունը մարսե՞ն ու մի բան էլ համաներվեն ու շարունակեն ազատ ապրե՞լ… փորձվեն այդ մարդասպանները համաներման տակ ազատվեն կամ ինչ-որ այլ պատճառով ազատվեն… Ասում են՝ որպես ապստամբ կազատվեն, ո՞նց թե՝ որպես ապստամբ, նրանք ապստամբ չեն, խարդախ, ավանտյուրիստ մարդիկ են, մարդասպան: Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը