«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակումը ուղեկցվել է հետաքրքիր զարգացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այդ օրը նիստ է գումարել և քննարկել 2 հոգու՝ Գոհար Փանաջյանի և Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: Նիստից բացակայել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը:
Հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն առաջարկել է թեկնածուների առաջադրման գործընթացն անցկացնել հայտարարությամբ, որից հետո մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահովվեր մի քանի թեկնածուի մասնակցությունը մրցույթին և հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնածուն ստանձներ պաշտոնը:
Եվ ամենակարևորը՝ Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուները երկուսն են, որից մեկին՝ Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանն ինքնաառաջադրվել է: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը՝ առողջապահության նախարարը: Այլ կերպ ասած՝ բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմանալով նիստի մասին, ինքն իրեն է առաջադրել:
Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրության գործընթացը: Բայց այստեղ հարց է առաջանում, եթե հնարավոր է ինքնաառաջադրում, ինչո՞ւ չի հայտարարվել դրա մասին, որպեսզի այլ թեկնածուներ նույնպես օգտվեն այդ հնարավորությունից:
Բացի այս, խորհրդի անդամները, ըստ նիստի արձանագրության, նույնպես բավարար ժամանակ չեն ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ խորհրդի անդամներից Կ. Թամազյանը նիստում նկատել է, որ նախարարի «թեկնածուն»՝ Էդգար Խուրշուդյանը, շատ անգամ է աշխատանք փոխել: Ապա նրանից հետաքրքրվել է այս պաշտոնին նշանակվելուց հետո այն փոխելու հնարավորության մասին: Իսկ ի պատասխան Թամազյանի հետաքրքրությանը՝ Խուրշուդյանն արձագանքել է, որ աշխատանք փոխելը կապված է եղել աշխատանքային աճով և ծառայությունների համար մատուցվող գումարով: Եվ երկար քննարկումից, թեկնածուների հետ զրույցից հետո տեղի է ունեցել քվեարկություն։
«Ժողովուրդը» պարզել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր «բերած մարդուն»՝ Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին՝ դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունքները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը: Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, և նշանակվել է ևս մեկ նիստ՝ նոր թեկնածուների առաջադրմամբ:
Այս ամենից հետո՝ մեկ շաբաթ անց, թերթի տեղեկություններով, խիստ գաղտնի, առանց որևէ հայտարարության տեղի է ունեցել հերթական նիստը: Եկել են մասնակցելու նորից նույն թեկնածուները, քանի որ որևէ ձևով այդ մասին հանրությունը տեղյակ չի եղել՝ դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի՝ նիստերի հրապարակային լինելու պահանջը:
Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում, այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն», թե այս մեկին էլ ես եմ առաջադրում: Սրանից ավելի դասական կոռուպցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը և Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և աշխատել է իրավաբանական վարչության պետ: Նրա թեկնածությունը առաջադրել է Ս. Զաքարյանը:
Նշենք նաև, որ խորհրդի անդամների կողմից առաջարկվել է Արթուր Ասոյանի թեկնածությունը, սակայն վերջինս հրաժարվել է: Արդյունքում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած նիստին տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու: Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր համար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը: Նրա կարծիքով՝ Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն և համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փանաջյանի թեկնածությունը: Իսկ ահա Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Գոհար Փանաջյանին համարում է լավ կառավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարի լավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: Չէ որ հակառակ դեպքում իր մարդը՝ է. Խուրշուդյանը, չէր կարող նշանակվել տեսչական մարմնի ղեկավար:Բացի այս, խորհրդի նիստի անդամներից մեկը՝ Վ. Պետրոսյանը, նկատել է, որ Խուրշուդյանը իր վրա է վերցնում շատ մեծ բեռ, որին կարող է չդիմանալ:
Ավելին՝ Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան՝ թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը՝ 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը՝ 5 կողմ և 2 դեմ: Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փանաջյանի և Էդգար Խորշուդյանի թեկնածությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է է. Խուրշուդյանը: Բնականաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին:
Ի դեպ, առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո Թորոսյանը համակարգի կարևորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը