06 02 2025

Ակնհայտ է, որ Փաշինյանն այլևս ասելիք չունի․ «Փաստ»

Ակնհայտ է, որ Փաշինյանն այլևս ասելիք չունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքն ու պահվածքը, այդ թվում՝ «լեզվավարժությունները», շատ են նմանվում անծանոթ ու ջրառատ գետը հատել փորձողի հուսահատ գործողություններին: Ըստ որում, «գետը» հատել փորձողը գոնե ապահովության համար ինքզինքը ճոպանով մի ծառաբնից չի էլ կապել: Ոտքով շոշափելով փորձում է արագահոս գետի հատակում ինչ-որ քար գտնել, հենվել դրա վրա, մի կերպ պահում է հավասարակշռությունը, հետո մեկ այլ քար է փնտրում: Ու լինում է, որ չի գտնում, մինչև ծունկը խրվում է ինչ-որ տիղմով լցված փոսի մեջ:

 

Բայց իսկապես, նման է, չէ՞:

Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ասելիք չունի: Նա արդեն համառորեն կրկնում է ավելի վաղ շրջանառածները: «Մեղավորներ» գտնելու, իր բերած ձախողումները մե՛կ «նախկինների», մե՛կ ռուսների, մե՛կ առհասարակ ժողովրդի, բանակին զինվոր տված ծնողների վրա բարդելու քարոզչական հնարքներն այլևս չեն «անցնում»: Ավելին, մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս չի էլ լսում, առհասարակ, թե ինչ է ասում Փաշինյանը: Չեն լսում, չեն հետևում, չեն ընդունում: Իսկ հիմա նաև չեն ուզում ենթարկվել նրա իշխանության գրպանահատային կանոններին («ներքևինները չեն ուզում...»): Ավելին, քարոզչական «հզոր» գաղափարները, «պրոյեկտները» հենց վերոնշյալի արդյունքում անընդհատ «գցում է ոտքին»:

Փաշինյանական թեզերն այլևս չեն ազդում մարդկանց վրա: Լավ, գոնե բացարձակ մեծամասնության վրա:

Արտաքին հարաբերություններում խնդիրներ ունի, ներքին քաղաքականության մեջ ծայրեծայր խնդիրներ են: Տնտեսության մեջ փլուզումներ են ու անընդհատ մարդկանց գրպանը մտնելու գործողություններ:

Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության վարկանիշը չափազանց ցածր է, նույնիսկ արևմտյան հարցումներով՝ հազիվ 10 կամ 11 տոկոս, այսինքն՝ մոտենում է իր «պատմական» 7 տոկոսանոց վարկանիշին:

Տրանսպորտի թանկացում, հարկային բեռի կտրուկ ավելացում, համընդհանուր հայտարարագրման լուծ: Պարզ է, որ երկրում սոցիալական բունտ (խռովություն) է հասունանում:

Եթե գումարենք սրան երկրի գլխին նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ բերելը, այն հանգամանքը, որ այլ երկրների ղեկավարներն իրեն լուրջ չեն ընդունում, պատկերն առավել պարզ կդառնա:

Դա ցուգ-ցվանգ է՝ ցայտնոտի պայմաններում: Այսինքն, Փաշինյանին արդեն ժամանակը չի բավականացնում, ի լրումն՝ ցանկացած հաջորդ քայլ բերում է էլ ավելի վատ դիրքի: Այստեղ հարցը մեկն է. որ «քարի» վրա կգայթի Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ