24 02 2024

Փափազյանը Մակրոնի ներկայությամբ Փաշինյանին ամեն ինչ ասել է. «Հրապարակ»

Փափազյանը Մակրոնի ներկայությամբ Փաշինյանին ամեն ինչ ասել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման առիթով Ֆրանսիա կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար այնքան էլ խաղաղ չի անցել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինյանն արգելել էր, եւ ով դատական կարգով հասել է այդ սահմանափակման վերացման, Մակրոնի ներկայությամբ Փաշինյանի երեսին ասել է, որ իրեն «պերսոնա նոն գրատա» ճանաչելն անընդունելի քայլ էր։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց ինքը՝ Մուրադ Փափազյանը։


«Երբ պանթեոնում միջոցառումը վերջացավ, Մակրոնն ինձ հետ հանդիպեց եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ պետք է միասին հավաքվեն ընթրիքի, որպեսզի կարողանանք խոսել։ Ես ասացի՝ շատ լավ, շատ սիրով, եւ ընթրիքի վերջում կանչեց ինձ եւ Արա Թորանյանին: Ես, Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը եւ Արա Թորանյանը հանդիպեցինք։ Մակրոնն ինքը բացեց թեման, ասաց, որ ուզում է, որ մենք կարողանանք միասին խոսել, որովհետեւ մի կողմում Հայաստանի վարչապետն է, որն ընտրված է հայ ժողովրդի կողմից, եւ մյուս կողմից կան Ֆրանսիայի համայնքի ղեկավարները, որոնց հետ ինքը շատ լավ հարաբերություններ ունի, ասաց, որ կարող է վստահեցնել, որ մենք պաշտպանում ենք Հայաստանն ու Հայ դատն այնպես, ինչպես ոչ ոք չի կարող պաշտպանել։ Մակրոնն ասաց, որ ուզում է, որ առիթից օգտվենք եւ կարողանանք խոսակցություն մը ունենալ։ Ես խոսքը սկսեցի ու Փաշինյանին ասացի, որ ուզում եմ ֆրանսերեն խոսել, որովհետեւ ուզում եմ հարգել Ֆրանսիայի նախագահին, եւ թող թարգմանիչը գա, որպեսզի կարողանա թարգմանել Նիկոլ Փաշինյանի համար։ Ես Փաշինյանին ասացի՝ պարոն վարչապետ, ես անկեղծությամբ պետք է խոսեմ եւ իմ ասելիքը պետք է ասեմ այսօր. անընդունելի եմ համարում, որ Դուք իմ մուտքը Հայաստան արգելել եք, բոլորովին անընդունելի է, որովհետեւ նախ իրավունքը չունեիք այդպիսի քայլ անելու, որովհետեւ 19 ամիս հետո հաստատվեց, որ պատճառ չկար, ուրեմն Դուք, որ Հայաստանի իշխանության գլուխն եք եկել՝ ծածանելով ազատությունների եւ ժողովրդավարության դրոշակը, առաջինը առիթից օգտվեցիք սփյուռքի անձնավորության մը մուտքը Հայաստան արգելելու համար։ Ինչո՞ւ․ որովհետեւ տարակարծություններ ունենք, ես ընդդիմադիր եմ, լրջորեն քննադատել ու դատապարտել եմ Ձեր քաղաքականությունը, բայց դա ժողովրդավարական երկրի մեջ իմ իրավունքն է, եւ ես այդ իրավունքը կգործածեմ։ Ոչ մեկ չի կարող ինձ արգելել գործածել իմ այդ իրավունքը։ Հետո ասացի՝ Ձեր քայլով Դուք սփյուռքն ու Հայաստանն ավելի բաժանեցիք, նույնիսկ Ձեր աջակիցների մոտ խնդիր առաջացավ, որովհետեւ իրենք խաբված զգացին իրենց։ Դուք փորձեցիք տկարեցնել սփյուռքը, իսկ դա նշանակում է թուլացնել հայկական կողմը։ Ասացի՝ մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, դա խնդիր չէ, ժողովրդավարական կյանքի մեջ կարող ենք միմյանց հետ համաձայն չըլլալ, կարող ենք վիճել, կարող ենք իրար քննադատել, եւ Դուք դա պետք է ընդունեք։ Դուք պետք է ընդունեք, որ մենք Ձեզ հետ Արցախի հարցի վերաբերյալ համաձայն չենք, Ադրբեջանի հետ պայմանագրի վերաբերյալ համաձայն չենք, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ձեզ հետ համաձայն չենք, պետք է ընդունեք, որ Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայն չենք, եւ սա քաղաքական կյանքն է, եւ պետք է ընդունեք, որ քաղաքական կյանքը ենթադրում է համաձայնություններ ու տարակարծություններ»,- ասաց Փափազյանը։

Մուրադ Փափազյանի խոսքով՝ իր այս խոսքերը լսելով` Նիկոլ Փաշինյանը նախ զայրացել է, ապա պատասխանել է։ «Նա ուղղակի նեղվեցավ ու ջղայնացավ, ապա ասաց՝ ինչո՞ւ ես դու քաղաքականության մասին խոսում Ֆրանսիայի նախագահի առջեւ, ամոթ է։ Ասացի՝ ամոթ չէ, որովհետեւ Ֆրանսիայի նախագահն է այս նախաձեռնությունը ցուցաբերել, եւ, հավանաբար, միայն ինքը կարող էր այս քայլն անել, եւ Մակրոնն է ուզել մեզ հավաքել, որպեսզի պրոբլեմների մասին խոսենք, եւ ես անկեղծորեն բարձրաձայնում եմ այս պրոբլեմի մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գիտե՞ս ինչու քեզ արգելեցի գալ Հայաստան, ասացի՝ ոչ, շարունակեց՝ որովհետեւ դու 2021 թվականի հունիսի 1-ին ցույց կազմակերպեցիր եւ դու կազմակերպեցիր հարձակում իմ մեքենայի վրա։ Ասացի՝ պարոն վարչապետ, սուտ է, ես չեմ կազմակերպել։ Ասաց՝ դու ես, ես գիտեմ, որ դու ես։ Ասացի, որ եթե Դուք այդքան վստահ էիք, որ ես եմ, ապա այդ փաստերն ԱԱԾ-ն կներկայացներ դատարան, բայց 19 ամիս անց որեւէ փաստ դատարանին չփոխանցվեց, ուրեմն չեք կարող վստահ լինել, որ ես եմ կազմակերպել, եւ ես Ձեզ ասում եմ, որ կապ չունեմ այդ ցույցի հետ։ Բայց եթե նույնիսկ ես կազմակերպած լինեի այդ ցույցը, ապա դա իմ իրավունքն ու ազատությունն է։ Ժողովրդավարական երկրի մեջ կարող ենք ցույցեր կազմակերպել։ Դուք Ձեր հեղափոխությունն իրականացրիք ցույցերով, ռադիոտունը գրավեցիք, չնայած որ դա արգելված էր, բայց Ձեզ ոչ ոք բանտ չտարավ, ոչ ոք Ձեզ չդատապարտեց, ոչինչ Ձեզ չարգելվեց։ Արա Թորանյանն իմ կողքն էր, նա Փաշինյանին ասաց՝ ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ Մուրադը չի կազմակերպել այդ ցույցը։ Թորանյանի հանդեպ շատ վատ վերաբերմունք ունեցավ, ասաց՝ դուն ինչո՞ւ կխոսիս, դուն ինչպե՞ս գիտես։ Թորանյանն ասաց՝ գիտեմ, որովհետեւ մենք միշտ միասին ենք, ես գիտեմ, որ դա ինքը չի արել»,- պատմեց ֆրանսահայ գործիչը։

Փափազյանը պատմեց նաեւ, որ դրանից հետո նաեւ Մակրոնի հետ է զրույց ունեցել։ «Ես Մակրոնին ասացի՝ պարոն նախագահ, անկեղծ լինենք, այս մա՞րդը մեզ պիտի պաշտպանի, այս մա՞րդը Հայաստանը պիտի ղեկավարի, այս մա՞րդը պետք է Պուտինի, Ալիեւի ու Էրդողանի հետ խոսի։ Այս մակարդակի մարդուն տվեցիք Հայաստանի ղեկը։ Ասացի՝ անկեղծ լինենք, պարոն նախագահ, մեղք ենք, հայ ժողովուրդը մեղք է, որ իր գլխին այսպիսի ղեկավար ունի, որն իսկապես մակարդակ չունի եւ այնքան շուտ է ջղայնանում, որովհետեւ տգետ մարդ է։ Որովհետեւ Ֆրանսիայի նախագահի առջեւ այդպես արագ նեղվել՝ իրեն է ամոթ, ես միշտ հանդարտ եմ եղել եւ հանդարտորեն ներկայացրի հարցերը, իրեն դատապարտեցի ու քննադատեցի։ Ֆրանսիայի նախագահն ինձ ասաց, որ պետք է բարկանա Փաշինյանի վրա։ Խոսակցությունը վերջացավ, Մակրոնը Փաշինյանին տարավ, մոտ 5 րոպե խոսեցին առանձին, եւ տեսա, որ բարկանում է Փաշինյանի վրա։ Երբ միջոցառումն ավարտվեց, գնացի, Փաշինյանին ցտեսություն ասացի, ասացի՝ ցտեսություն, պարոն վարչապետ, մենք կարող ենք միմյանց հետ համաձայն չլինել, դա խնդիր չէ։ Նա ինձ ընդհատեց ու ասաց՝ դու դատարանում դատը շահեցի՞ր։ Ասացի՝ այո, շահեցի, բայց մինչեւ վաղը գիշեր դեռ կարող եք բողոքարկել, ասաց՝ չեմ բողոքարկի, ԱԱԾ-ին կասեմ, որ չբողոքարկի։ Ֆրանսիայի նախագահն իրեն ասել էր, որ մի բողոքարկիր։ Այդ է եղել իրականությունը»,- ասաց Փափազյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ