22 02 2024

Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին․ «Փաստ»

Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախը, նկատենք, և հուշարձանագետները թույլ չեն տա վրիպել, Արևելյան Հայաստանի ամենից հուշարձանառատ աշխարհն է կամ, ցավոք, էր: Լինի Դադիվանքը, լինի Ամարասը, որտեղ, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցն է հիմնել կամ առաջիններից մեկը այնտեղ է դպրոց հիմնել: Լինի Գանձասարը, լինի Ղազանչեցոցը, լինեն բազմաթիվ մատուռները, կամուրջները և այլն, և այսպես շարունակ: Օր չի անցնում, որ լրահոսում մի տեղեկություն չշրջանառվի այն մասին, որ ադրբեջանական հրոսակը ջարդել է, վնասել է, պղծել է այս կամ այն հուշարձանը: Առայժմ հիմնականում Արցախյան ազատամարտի հերոսների, հայ գործիչներին նվիրված արձանների, հուշաքարերի մասին են տեղեկությունները, բայց մենք չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, թե ինչ վիճակ է, օրինակ՝ նույն Դադիվանքում ու Գանձասարում: Էլ չենք խոսում Ծիծեռնավանքի կամ Բերձորի տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանների մասին:

Փաշինյանի՝ արդեն 6 տարին լրող իշխանավարման ցցուն հետևանքներից մեկը Արցախի ամբողջական կորուստն է: Բայց մի փոքր այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Օրերս ֆեյսբուքյան լրահոսում առանձնացավ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մի հրապարակում: Մասնավորապես, առաջարկվում է «վիրտուալ զբոսանք Գանձասարում՝ Արցախի ամենակարևոր վանական համալիրներից մեկում»: Այդ «վիրտուալ զբոսանքը» կենտրոնի՝ «Հայկական մշակութային ժառանգության վայրերի պահպանման» նախաձեռնության շրջանակում է ստեղծվել, եռաչափ սկանավորման միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ մասնագետները և թվային տեխնոլոգիաների մեջ հմտացող պատանիներն ու աղջիկներն ահռելի աշխատանք են կատարել: Դա այնքան էլ դյուրին բան չէ, որքան կարող է թվալ «վիրտուալ զբոսնելիս»: Եվ արդյունքն էլ, ինչ խոսք, տպավորիչ է: Բայց խոսքն այս դեպքում կատարած իսկապես շնորհակալ աշխատանքի մասին է:

 

Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք երազանքների, ապա՝ վիրտուալության աշխարհում: Վիրտուալ զբոսանքը որոշակի իմաստով խաբկանք է: Տվյալ դեպքում նաև թույլ մխիթարանք: Մեծ հաշվով, ի՞նչ է ստացվում: Իսկ մեծ հաշվով, ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ազատագրված ու Մայր Հայաստանին վերամիավորված էր, որ բոլոր հայերս հնարավորություն ունեինք ոչ վիրտուալ, այլ իրականում զբոսնել Գանձասարում, Ամարասում, Դադիվանքում, Ծիծեռնավանքում, Հադրութում ու Շուշիում, Մարտակերտում ու Կովսականում, որ կարող էինք այցելել Տիգրանակերտ...

Իսկ հիմա... Իսկ հիմա մեզ մնացել է վիրտուալ զբոսանքը: Հա, մեկ էլ... երևի նոր երգերը: Ազգային երգերը: Արդեն Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ստեփանակերտի ու Շուշիի մասին: Կրկնենք, լավ ու կարգին գործ են արել թումոցիները: Մնում է հասկանանք՝ ոնց անենք, որ վիրտուալության սահմաններն անընդհատ չմեծանան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ