23 12 2023

Դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Փաշինյանի պահանջները. «Հրապարակ»

Դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Փաշինյանի պահանջները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորին ընդառաջ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում նախատոնական պարգեւավճարներ են բաժանում կամ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են տալիս։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանում եւս` ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատակազմն ու աշխատողները մեկ դրույքի չափով պարգեւավճարներ են ստացել, միակ բացառությունը, պարզվում է, դատական համակարգն է։ Դատական համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պարգեւավճարներ չտալը մեկնաբանել են իրենց բարձր աշխատավարձերի փաստով:

Մինչդեռ դատավորները եւ պատգամավորները գրեթե նույն չափի աշխատավարձ են ստանում, սակայն բավական չէ, որ տարվա մեջ պատգամավորները մի քանի անգամ աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճարներ են ստանում, տարեվերջին էլ՝ 13-րդ աշխատավարձ, մինչդեռ դատական համակարգի աշխատողներին,  հավանաբար, «պատժում» են` դրամական պարգեւ չտալով: Ամեն դեպքում, նրանց մեջ դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ներկայացուցիչների անօրինական պահանջները եւ, ասենք, միշտ չէ, որ կալանավորում են կամ պատիժ են սահմանում նրա քաղաքական հակառակորդների նկատմամբ:

Փաշինյանական իշխանությունն ամեն կերպ հասկացնում է, որ ով լավ է ծառայում, նա շահում է ամեն ինչում. մեծ գումարներ է ստանում, նրա ապօրինությունների վրա աչք են փակում, նրա պաշտոնավարումը երաշխավորված եւ անամպ է ընթանում: Իսկ ըմբոստները միայն տուժում են:

Արցախի նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռահար փոխհրաձգությունը շարունակվում է նաեւ ոչ հրապարակային տիրույթում։ Սամվել Բաբայանը Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա: Մյուս կողմից՝ Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել:

Նա տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի։ Տեղեկացանք նաեւ, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ