14 09 2023

Հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»

Հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել:


Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ.-ին ձեւավորված խորհրդարանում: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, եւ նա պատգամավորի օգնականից պատգամավոր դարձավ: Ամենաարտոնյալ պատգամավորներից է, ամենաշատ գործուղումների մեկնողը:

Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝

  • հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,
  • իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,
  • քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
  • իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
  • Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, այս առիթով մեկնաբանություն վերցրել է Հասմիկ Հակոբյանից, որը, բնականաբար, չի հերքել մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Իսկ 2018թ.-ից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ. բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»:

Նիկոլ Փաշինյանը իսկապես շեղվել է հեղափոխական արժեքներից, եւ հիմա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ստում էր: Հասմիկ Հակոբյանը փաստացի իրեն պահում է նախկիններից ավելի վատ՝ անպատիժ եւ արտոնյալ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ