19 08 2023

ՀԿ-ների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում․ «Ժողովուրդ»

ՀԿ-ների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Ռուբեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նշենք, որ Սարգսյանը չունի աշխատանքային լուրջ ձեռքբերումներ. հիմնականում աշխատել է որոշ հասարակական կազմակերպություններում։ Մինչ նախարարի տեղակալ դառնալը՝ 2020 թվականին, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ում՝  որպես հետազոտող, խորհրդատու, սոցիոլոգ, վիճակագիր։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 100 եվրո, 5 հազար դոլար, 2 մլն 889 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար, 2 մլն 700 հազար դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն 547 հազար դրամ, որից 13 մլն 371 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունից, 28 հազար դրամը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից, 52 հազար դրամը՝ «ՖՐԻԴՐԻԽ-ԷԲԵՐՏ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։

Փոխնախարարի կինը՝ Լիանա Բալյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել 2017 թվականին Նոր Նորք վարչական շրջանում, սակայն ամուսինը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա 2020 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2011 թվականի արտադրության, Hyundai մակնիշի, սակայն ամուսինը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Բալյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է վարչապետի աշխատակազմում՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 262 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար 800 դոլար և 4 մլն դրամ։

Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 318 հազար դրամ, որից 5 մլն 476 հազարը՝ վարչապետի աշխատակազմից, 7 մլն 519 հազար դրամը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբից. երկու դեպքում էլ եկամտի տեսակը եղել է որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։

Իսկ աշխատանքի վարձատրություն նա ստացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից՝ 332 հազար դրամ։ Այսպիսով, հասարակական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ