05 08 2023

Հիմնական խնդիրն, իհարկե, Արցախի ու Հայաստանի հետագա գոյության հարցն է. «Փաստ»

Հիմնական խնդիրն, իհարկե, Արցախի ու Հայաստանի հետագա գոյության հարցն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի՝ նրա գլխավորությամբ, ամեն օր, նույնիսկ լինում է, որ օրվա մեջ մի քանի անգամ, իրեն իշխանազրկելու, իշխանափոխության ընդգրկուն գործընթաց սկսելու ծանրակշիռ առիթներ է տալիս: Միայն Արցախն ուրանալու մասին Փաշինյանի հայտարարությունը նրա պաշտոնանկության գործընթաց սկսելու չափազանց ծանրակշիռ պատճառ է: Բայց նախքան այդ, եկեք թեթևակի, ինչպես ասվում է՝ մի քիչ մակերեսայնորեն դիտարկենք նախօրեին հրապարակված սոցհարցման արդյունքները՝ սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Ցանկացած սոցհարցման տվյալներ միշտ էլ որոշ վերապահումով է պետք ընդունել, իհարկե, սակայն մի ցուցանիշ առանձնահատուկ աչք ծակեց: 

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, որ ուժի օգտին կքվեարկեին, հարցվածների 36,3 տոկոսը նշել է որ չի մասնակցի, 6,5 տոկոսը նշել է՝ «ոչ մեկին», 20,2 տոկոսը «դժվարացել է պատասխանել», ևս 5,4 տոկոսը ոչ թե դժվարացել է, այլ կոնկրետ ասել է՝ «չեմ պատասխանի»: Պետք չէ սոցիոլոգ լինել՝ նկատելու համար, որ չմասնակցողները, բոլորին դեմ-երը ու մյուսները, միասին վերցրած, կազմում են հարցվածների գրեթե 70 տոկոսը: Կոնկրետ «չմասնակցողները» և պատասխանել դժվարացողները, բոլորին դեմ արտահայտվողները միասին կազմում են հարցվածների 63 տոկոսը: Դա առավել քան խոսուն թիվ է: Ու դա, նշենք, բավականին օբյեկտիվ պատկեր է: Չգիտենք, թե այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին, գործչին տրված նախապատվություններն ինչպես, բայց այ, չմասնակցողների, չկողմնորոշվածների, «ոչ մեկին» չընտրողների մասով պատկերը բավականին մոտ է ընդհանուր հանրային տրամադրությունների պատկերին:

Ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ ամենից առաջ քաղաքական ուժերը աշխատելու մեծ ճակատ ունեն և մեծ ծավալ, եթե իհարկե, մտնեն ընտրապայքարի մեջ: Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է ոչ այնքան իր գրանցած «բարձր» տոկոսը, այլ հիասթափվածների ահռելի տոկոսը, հատկապես՝ չմասնակցողներինը: Հանրահայտ է, որքան քիչ լինեն ընտրությունների մասնակիցները, իշխանության համար այնքան ավելի հեշտ կլինի կեղծել քվեարկության արդյունքները: Ավելին, եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը, ստանալ թեկուզ ընդհանուր առմամբ համեստ արդյունքներ, որոնք սակայն բավարար կլինեն մայրաքաղաքի մասշտաբով վերարտադրվելու, իշխանությանը կառչած մնալու համար:

Այս խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ առնվազն այս պահի դրությամբ նկատելի չեն քաղաքական շոշափելի պրոցեսներ, խմորումներ կամ քննարկումներ (թեկուզ՝ կուլիսային) Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Վերջին հաշվով, Երևանի ավագանին չէ այս դեպքում ամենաէականը, այլ բուն քաղաքական զարգացումներն ու գործընթացները: Մյուս կողմից՝ առկա իրավիճակը, զարգացումների օրհասական ու ծանր բնույթը կարող են կտրուկ ավելացնել քաղաքական ակտիվության պահանջը, ավելին՝ կարող են արագացնել ուժերի մեկտեղման, համախմբման բնական ու անխուսափելի գործընթացը: Ի վերջո, բոլոր լուրջ ուժերում էլ հասկանում են, որ առկա ձախավերների իշխանությունից կարելի է ազատվել միայն համատեղ ուժերով, միայն համախմբման միջոցով: Բայց այս պահին, այսպես ասենք՝ քաղաքական անհողմություն է: Քաղաքական ակտիվությունն ու ռեալ գործընթացների թափն ու ծավալները հակադարձ համեմատական են Արցախի ու Հայաստանի օրհասական վիճակին: Այնուհանդերձ, առկա պայմաններում կան պայքարի օջախներ, և կան պայքարողներ:

Կարծում ենք, որ քաղաքական ուժերի խնդիրն է համախմբել առնվազն նրանց: Խոսքն առաջին հերթին փաշինյանական ռեժիմի քաղբանտարկյալների մասին է՝ Արմեն Աշոտյան, Գրիգորի Խաչատուրով և այլն: Հայտնի է, որ Վանաձորի ընտրված քաղաքապետն էլ է քաղաքական պատճառներով արդեն տևական ժամանակ պահվում բանտում: Կարելի է ոչ միայն համախմբել առանձին-առանձին պայքարողներին, այլև որոշակի կազմակերպչական աշխատանքներ տանել ու ավելացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիաները և այդ գործողությունների հնչեղությունը մեծացնել: Զուգահեռաբար, պետք է աշխատել հասարակական կոնկրետ խմբերի հետ, որքան էլ տարբեր ակցիաներ, որոնք ինքնին քաղաքական են, փորձ է արվում ներկայացնել որպես «ապաքաղաքական»: Հիմնական խնդիրն, իհարկե, Արցախի ու Հայաստանի հետագա գոյության հարցն է: Ու դա առաջնահերթ է: Սակայն կարելի է ակտիվացումն սկսել և այլ՝ վերը նշված հարցերից, մանավանդ, որ դրանք այս կամ այն կերպ շաղկապված են հիմնական խնդրին: Ասացինք անհողմություն, բայց ոչ թե կանխատեսման, այլ զուտ ներքին զգացողության, եթե կուզեք՝ ինտուիցիայի առումով այնպիսի տպավորություն է, որ ներկա վիճակը լռություն է՝ փոթորկից առաջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ