«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:
Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որեւէ փաստաթղթում չի նշվել,սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլեւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչեւ հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։
ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ եւ 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաեւ Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը