«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձևովորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրքն» ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանդրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել:
Օրինակ, եթե նախկինում ԿԸՀ անդամության համար իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր էր, ապա այժմ բավարար է ունենալ միայն բարձրագույն կրթություն: Կուսակցական շահը պետականից վեր է դասվել: Եվ եթե օրենքը չփոփոխվեր, ապա, օրինակ, ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանն ու Արուսյակ Տերչանյանը ԿԸՀ անդամ դառնալ չէին կարող. իրավաբանական կրթություն չունեն, համեյանդեպս՝ նրանց կենսագրական տվյալների մեջ այդ մասին ոչինչ գրված չէ:
Իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ միայն 2021-ին է կարողացել մի կերպ վաղուց կյանքը դադարած Մովսես Խորենացու անվան համալսարանից դիպլոմ ստանալ՝ իրավաբանի որակավորմամբ: Բացի իրավաբանի որակավորումը՝ պահանջներից դուրս են մնացել նաև վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժի, իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժի, բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի կամ բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի դրույթները:
Նոր փոփոխությամբ պահպանվել են միայն «հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվելն» ու «բարձրագույն կրթություն» ունենալու դրույթները: Եվ եթե անգամ վերոնշյալ մնացյալ բոլոր դրույթները մի կողմ դնենք, ապա միան «հրապարակային քաղաքական գործունեություն չծավալելու» ամրագրումը բավարար է արձանագրելու համար, որ ԿԸՀ նախագահն այդ պաշտոնին է գնացել ուղիղ Աժ-ից՝ երկրի թիվ մեկ քաղաքական հարթակից:
Դեռ չասած այն մասին, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից է: Եվ, հետևաբար, խստագույնս հետաքրքիր է՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քաղաքական գործիչ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելով, ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել: Ի՞նչ է ստացվում, իշխանավորներն անգամ ԸՕ-ի փոփոխությունները չեն կարողացել գրագետ ու անխոցելի կերպով իրենց հարմարեցնել: Իսկ, դա, ինչ խոսք, ՔՊ-ականների «արհեստավարժության» մասին է խոսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը