14 06 2022

ՔՊ-ն ցանկանում է իրենով անել Հայաստանի համայնքների միությունը․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն ցանկանում է իրենով անել Հայաստանի համայնքների միությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը: Այս մասին վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել: Միության ընդհանուր, վերջերս տեղի ունեցած ժողովի ժամանակ ՔՊ-ական համայնքապետերը, ըստ մեր տեղեկությունների, որպես միության նախագահ ցանկացել են իրենց թեկնածուին ընտրել, բայց քանի որ, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանել կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին, օրվա քաղաքական իշխանությանը նախապես մտածված պլանը կյանքի գործել չի հաջողվել:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստանձնել: Համայնքների միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է միության նախագահ Էմին Երիցյանի հետ:

-Պարոն Երիցյան, վերջես պարզ դարձավ, որ ՔՊ-ն շահագրգռված է, որ միությունում ունենա սեփական թեկնածուին, անգամ անուն էր շրջանառվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Միության մեջ չկան նման բաներ, չկան կուսակցականներ, բոլորը համայնք ներկայացնող են:

-Այո, կարող են չլինել, բայց ՔՊ-ն կարող է ցանկանալ ներսում իր մարդն ունենալ:

-Չկա, էլ նման կուսակցական միտումներով խմբավորումներ գոյություն չունեն:

-Ժամկետը լրանում է, չէ՞, նախագահի: Ի՞նչ է սպասվում:

-Մեզ մոտ մի քանի հիմնական հարց. մեկը, որ հնգամյա ժամկետը բոլոր մարմինների համար է, մեզ մոտ կոլեգիալ մարմին է, իսկ վարչատարածքային ռեֆորմների արդյունքում մենք նախաձեռնել էինք միության կառավարման համակարգի փոփոխություն: Օրինակ, եթե մենք ունենք 900 կամ 500 համայնք, ապա մի քանի մակարդակի կառավարում է: Հիմա խորհրդի կազմում անդամների թիվը քիչ է, եւ կանոնադրական փոփոխություններ պետք է լինեն: Այդ տպավորությունները պրոյեկտվում են հանրության քաղաքական միջավայրի տպավորություններով: Մեր միության ներսում միշտ եղել է բազմակուսակցական համակարգ, եւ դա հիմք չի հանդիսացել, որ ներսում խմբավորումներ ձեւավորվեն: Այդ դեպքում կազմակերպությունը չի կարող գործել. դա անբնական երեւույթ է մեզ համար:

-Իշխող համայնքապետերը, որոնք նաեւ ՔՊ-ականներ էին, առաջարկներով էին հանդես եկել, օրինակԱրմավիրի համայնքապետը՝ չափորոշիչներ փոխելու առումով: Հիմա, այսինքն, որ դա փոխվի, ավելի հավանական չէ՞, որ նրանք հնարավորություն կունենան առաջադրվելու որպես Համայնքների միության ղեկավար:

-Բոլորն էլ հնարավորություն պետք է ունենան եւ կարող են ունենալ: Արտառոց որեւէ բան այստեղ չկա: Եթե որեւէ համայնքի ղեկավար կուսակցության անդամ է եւ առաջարկներով է հանդես գալիս, դա չի նշանակում, որ ինչ-որ գործողություն է կամ կուսակցականացվում է: Նույն կերպ համայնքների շատ ՔՊ-ական ղեկավարներ առաջարկներով հանդես չեն եկել կամ այլ նախընտրություններ ունեն, ինչպես մնացածի պարագայում:

-Էջմիածնի համայնքի ղեկավարի անունն է շրջանառվում:

-Դրանք ասեկոսեներ են: Երբ կգա ընտրությունների պահը, ցանկացած մեկը կարող է լինել թեկնածու, առաջադրվել եւ այլն: Ես նորից պատրաստվում եմ առաջադրվել որպես թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ