03 06 2022

ՔՊ-ի թեթև ձեռքով Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր դարձած Ղազեյանը սկսել է վրեժխնդիր լինել. «Ժողովուրդ»

ՔՊ-ի թեթև ձեռքով Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր դարձած Ղազեյանը սկսել է վրեժխնդիր լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական վերադասավորումներից հետո եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: 2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը սկզբից որպես ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել: Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը եւ այլք: Պատգամավոր Արթուր Խաչատրյանին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու են տեղեկացրել, որ ակադեմիայում այլևս չի դասավանդում: «Կողքից լսած լուրերով՝ իբրև թե, պատգամավոր լինելու հանգամանքն էր խանգարելու (զբաղվածության պատճառով), որ դասավանդեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորն ու շեշտում՝ ՊԿԱ-ի որոշումը, անկասկած, քաղաքական ենթատեքստ է ունեցել:

Հանրապետական Արտակ Զաքարյանին ոչ թե ակադեմիայի ռեկտորը (այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատարը), այլ ամբիոնից են հայտնել՝ այլևս չի դասավանդելու: «Նա ընդհանրապես ռեկտորացու էլ չի, ամբիոնի վարիչին է խնդրել փոխանցել, որ ակադեմիան չի կարողանալու ինձ հետ պայմանագիրը երկարացնել: Քանի որ դրանք վարչապետի աշխատակազմի շնիկներն են, պարզ է՝ քաղաքական պատճառներով ու առանց հիմնավորման են դադարեցրել պայմանագիրը»,- ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Զաքարյանը: ՊԿԱ ռեկտոր Ղազեյանը վերոնշյալ անձանց դասախոսական աշխատանքից ազատելը «ծառայությունների մատուցման» պայմանագրի ժամկետը լրանալով է բացատրում: «Ամեն տարի նոր՝ տարեկան հիմքով պայմանագիր է կնքվում: Տարին լրացրել է, ու նոր դասախոսի հետ ենք պայմանագիր կնքել»,- ասում է նա: «Վա՞տ են աշխատել, թե՞ նրանց քաղաքական դեմք լինելն է պատճառը, որ հրաժարվել եք համագործակցել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ Ղազեյանը շեշտեց, որ նման հարցերին ռեկտորը չի խառնվում: «Դա ամբիոնի գործն է, ամբիոնն է որոշում, «կուրացիա» անում:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, ապա եթե նման բան լիներ, մեզ մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը եւ այլք»,- հավաստիացնում է ՊԿԱ ռեկտորը: Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որ ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը: Հայաստանում, ի դեպ, պետական երկրորդ բուհը դժվար թե գտնվի, որտեղ պրոռեկտորը կարող է չպաշտպանած լինել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ղազեյանը ռեկտորի պաշտոնին է անցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչների թեթև ձեռքով ու օժանդակությամբ: Ակադեմիայից մեզ փոխանցեցին, որ նա վրեժխնդիր է լինում, գրավոր նկատողություններ անում բոլոր այն մարդկանց, որոնք մինչև ռեկտոր դառնալն իրեն փոքր-ինչ թարս են նայել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ