22 02 2022

ՔՊ-Փաշինյան-Ալիև-Էրդողան. Անխախտ դաշի՞նք, թե՞ պարզապես հրահանգների կատարում

ՔՊ-Փաշինյան-Ալիև-Էրդողան. Անխախտ դաշի՞նք, թե՞ պարզապես հրահանգների կատարում

Հայերից խլված, ըստ էության՝ ՀՀ գործող իշխանության կողմից ադրբեջանաթուրքական ելուզակներին հանձնված Շուշիում, որը, գիտեք, Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների համար «դժբախտ, դժգույն քաղաք էր», ավելին՝ սրանց համար այն «ադրբեջանական քաղաք էր», Ալիևն ու Էրդողանը «Շուշիի հռչակագիր» էին կնքել: Դա գործնականում ուլտրա հակահայկական փաստաթուղթ է, որը նախանշում է տարածաշրջանում Հայաստանը, հասկանալի է՝ Արցախի բեկորներն էլ հետը, որպես սուբյեկտներ վերացնելու, հայությանը բնաջնջելու և ցեղասպանական ծրագրերը ամբողջացնելու ադրբեջանա-թուրքական տանդեմի ծրագրերը: Այդ հակահայկական հռչակագիրն ընդունած երկու կողմերը խորհրդարանների մակարդակով վավերացրել են այն:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը առաջադրել էր «Շուշիի հռչակագիրը» ՀՀ ԱԺ կողմից դատապարտելու նախագիծ: Դա, կարելի է ասել, ոչ այնքան նախագիծ էր, որքան ինդիկատոր՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի համար, որը բացահայտորեն սպասարկում է ադրբեջանական ու թուրքական շահերը: Թերևս, մի լրացուցիչ ինդիկատոր կամ լակմուսի թուղթ: Առ այն, որ ՔՊ-ն իսկապես էլ թուրքերի ու ալևյան հակահայ ռեժիմի կողմից է հանդես գալիս: Չնայած, այդ առումով երևի արդեն «լակմուսի թղթերն» էլ են սպառվում: Դժվար է պատկերացնել, թե է՛լ ինչ պետք է անեն Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ոները, որպեսզի նույնիսկ ամենավերջին «պողոսին» պարզ դառնա, որ նրանք հենց Ալիևի ու Էրդողանի հետապնդած շահերն են սպասարկում: Դա ի՞նչ է, ՔՊ-Փաշինյան-Ալիև-Էրդողան անխախտ դաշի՞նք, թե՞ պարզապես վերջիններիս հրահանգների պարտաճանաչ ու կզած կատարում փաշինյանական ռեժիմի կողմից: Եթե երբևէ Նիկոլ Փաշինյանն ու իր պետականակործան խմբավորումը կանգնեն դատարանի առաջ, միգուցե հարցի պատասխանը կոնկրետանա: Չնայած, առկա կատաստրոֆիկ հետևանքների առումով դա ավելի շուտ տեխնիկական մանրամասնություն է, քան թե կարևոր հանգամանք:

Անխուսափելիորեն ակնհայտ էր, որ ՔՊ-ն մերժելու է թուրք-ադրբեջանական տանդեմի կնքած հակահայ փաստաթուղթն ու այն վավերացնելը դատապարտելու նախագիծը: Դա էլ գործնականում տեղի ունեցավ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում: Ի վերջո, այսօր ԱԺ-ում բացահայտորեն թուրքական շահերն սպասարկողներն են մեծամասնություն:

Ինչ վերաբերում է թուրքերին, կոնկրետ՝ արևելյան կողմի, ապա Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկերները՝ Ալիևի հակահայ ռեժիմը հետախուզում հայտարարեց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հասկանալի է, որ սա առավելապես քաղաքական ու քարոզչական քայլ է: Չնայած, ամենևին չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները փորձեն ձերբակալել նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա արտահանձնեն ՔՊ-ի ու ՔՊ առաջնորդ Նիկոլի թուրք գործակիցներին: Նիկոլ Փաշինյանից, նրա ՔՊ-ոներից ու նիկոլականներից սպասելի է ցանկացած տմարդի արարք, ցանկացած ստորություն:

Բայց հարցը, տվյալ դեպքում այն է, որ նշված երկու իրադարձությունները, կարելի է ասել՝ զուգահեռվեցին: Միգուցե պատահականություն է, չնայած նման «պատահականություններն» այնքան էլ պատահական չեն թվում:

Սա ավելի շատ «պասերով» խաղի տպավորություն է թողնում: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն յուրովի վավերացրեցին, ըստ էության՝ ընդունեցին ալիև-էրդողանյան «Շուշիի հռչակագիրը», այսինքն՝ նրանց հակահայ ծրագրերի վերաբերյալ ակտը, իսկ մյուս կողմից ալիևյան ռեժիմը յուրովի փոխլրացրեց իրենց կամակատարի դերում գտնվող «օլդու Փաշինյանի» բռնապետիկական հետապնդումները՝ նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի դեմ: Համենայն դեպս, ակնհայտ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական նկատառումներով քրեական հետապնդում իրականացնում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ու Ալիևի ռեժիմը, այսպես ասենք՝ ձեռք-ձեռքի տված:

Իսկ ինչ վերաբերում է «Շուշիի հռչակագիրը» դատապարտելուն, ապա բնական է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն նման բան չէին կարող անել: Ի վերջո, Նիկոլն ու ՔՊ-ն այդ հռչակագրի կարևոր բաղկացուցիչն են. այդ իրենք են ապահովել այն վիճակն ու պայմանները, որոնք հնարավոր են դարձրել, որ Ալիևն ու Էրդողանը Շուշիում նման փաստաթուղթ ստորագրեն:
Այնպես որ ՔՊ դիրքորոշումը զարմանալի չէ: Զարմանալին այն է, թե ինչու են դրանք մինչև այժմ իշխանություն, այլ ոչ թե կալանքի տակ գտնվող մեղադրյալներ:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ