17 11 2021

Փաշինյանը որդուն գերիների հետ պատրաստ է փոխանակել միա՞յն քարոզարշավի օրերին

Փաշինյանը որդուն գերիների հետ պատրաստ է փոխանակել միա՞յն քարոզարշավի օրերին

Հակասական տեղեկատվություններից հետո, ի վերջո Պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնական թվեր ներկայացրեց զոհերի, գերեվարվածների և անհետ կորածների մասին: Ունենք մեկ զոհ, 13 գերի, 24 անհետ կորած զինծառայողներ:

Ի՞նչ պայմաններում են գերեվարվել զինծառայողները, ի՞նչ աշխատանքներ են տարվում անհետ կորածներին գտնելու ուղղությամբ, ո՞վ է բանակցում գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս հարցերին որևէ մեկը չի պատասխանում: Գերիների մասին, առհասարակ մեր երկրում կարծես էլ ոչ մեկ չի հիշում: Մինչդեռ, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր անգամ սեփական որդուն ուղարկել Ադրբեջան գերիների փոխարեն:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, մասնավորապես, հունիսի 8-ին նա ամբիոնից հայտարարում էր.

«Ասում եմ պաշտոնապես և իմ որդու անունից, հանկարծ չմտածեք, որ չափազանցություն կա ասածիս մեջ, իմ որդին պատրաստ է և իքնն այդ մասին արդեն հյատրարարել է, որ ինքը պատրաստ է պատանդի կամ այլ կարգավիճակով մեկնել Բաքու մեր բոլոր գերիների դիմաց:

Որ մենք ասում ենք, որ էնտեղ գտնվող յուրաքանչյուր ոք մեր ընտանիքի անդամ է, գիտե՞ք ձև ենք անում, ընդհակառակը, մեր համար ավելի թեթև կլինի տանել այս դժոխքը, այս տառապանքը, եթե մեր որդին լինի այնտեղ, քան թե մեր որդիները, մեր զավակնեը: Էնտեղ հիմա իմ եղբայրներն են, իմ որդիներն են»:

 Ավելին, նա կոչով դիմում էր միջազգային միջնորդներին, Ադրբեջանի իշխանություններին, որ իրագործեն իր առաջարկը: Քարոզարշավն ավարտվեց, Փաշինյանը նորից իշխանությունը գրավեց, անցավ գրեթե կես տարի, գերիները ոչ միայն չվերադարձան, այլ նրանց թիվն ավելացավ: Իսկ Աշոտ Փաշինյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ գարեջուր է վաճառում Սարյան փողոցի վրա, գերիների առկայությունը սեփական ընտանիքի վիշտը համարող Փաշինյանի ընտանիքն էլ, նորից ըստ մամուլի, օրեր առաջ Փաշինյանի դստեր ծննդյան տարեդարձն էր նշում շքեղ պայմաններում:

Իշխանական պատգամավորներն էլ ասելիք չունեն, յուրաքանչյուր դեպքում ուղղորդում են դիմել ՊՆ: Չնայած երևի լավ դեռ լավ է, կարո՞ղ էին չէ ասել՝ ՌԴ-ից պահանջեք:

Հիմա ասելու բան չունեն, ժամանակներն էլ չեն պահանջում առանձնապես շատ խոսել, շահարկել ամեն թեմա, խաղալ մարդկանց զգացմունքների և հույզերի վրա:

Նախընտրական շրջան չէ, երբ պետք է մարդկանց անդադար խաբել, ստեր հորինել, ձայն ստանալ:

Իսկ այդ շրջանում Փաշինյանը պատրաստ էր զոհվել հանուն մեզ, որդուն ուղարկել Բաքու, հարուստներից վերցնել աղքատներին բաժանել…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ