Ակնհայտ է, որ փաշինյանական «իշխանությունը», եթե կուզեք՝ «կապիտուլյանտների ռեժիմը», սպառել է իրեն: Այն իրեն սպառել էր դեռ նախքան պատերազմը: Նման փուչ բովանդակությամբ, իհարկե, այդ արագ ինքնասպառումը անխուսափելի էր:
Վերցնենք թեկուզ այն, թե ինչպես այդ ռեժիմը դրսևորվեց կորոնավարակի բռնկման և տարածման ընթացքում: Դա մոտավորապես մեկ տարի առաջ էր: Երբ արդեն հարևան երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանի հետ հաղորդակցություն ունեցող երկրներում արձանագրվել էին կորոնավարակի առաջին մտահոգիչ դրսևորումները, սրանք, Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված էին Սահմանադրության «կարուձևի» վրա:
Առհասարակ, կորոնավարակի հետ կապված, հենց սկզբից թույլ տրվեցին կոպտագույն սխալներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների՝ հազարավոր մահեր, հարյուր հազարից ավելի վարակվածներ, տնտեսական շփոթ, հսկայական կորուստներ: Ու այդ ամենը այն պատճառով, ուր իշխանության ղեկին, պատասխանատու պաշտոններում հայտնված անպատասխանատուների խմբավորումը սխալ գնահատեց հնարավոր վտանգները, ժամանակին չձեռնարկեց կանխարգելիչ քայլեր, կարանտինային միջոցառումներ, ուշացումով սահմանափակեց դրսի հետ, օրինակ, օդային հաղորդակցույթունը, նոր տիպի կորոնավարակի դեմ պայքարի հարցում իրեն դրսևորեց գեղջկամիտ անգիտությամբ:
Նախքան այդ փորձությունն էլ ակնհայտ էր, որ փաշինյանական ռեժիմն այն իշխանախումբը չէ, որն ունակ է դիմագրավել լուրջ մարտահրավերների և փորձությունների: Ավելին, ակնհայտ երևաց այդ ամբողջ «ուսապարկանոցի» անձեռնահասությունն ու իրական խնդիրների նկատմամբ անտարբերությունը: Կորոնավարակով պայմանավորված իրավիճակն ընդամենը ծայրեծայր բացահայտեց այդ ամենը՝ ի տես հանրության:
Նույն անձեռնահասության, «վճռական սխալների» փաշինյանական «հանճարեղ» մարտավարության հետևանքով իրավիճակը արագորեն հանգեց այն բանին, որ թշնամիները վերսկսեցին պատերազմը: Ինչ կատարվեց պատերազմի 44 օրվա ընթացքում և ինչ աղետալի, եթե չասվի՝ կործանարար հետևանքների հանգեցրեց, արդեն ակներև է բոլորին, թերևս: Արցախի կորուստ, Հայաստանի պետականության կորստի ռեալ սպառնալիք, հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, ռազմատեխնիկայի, առհասարակ, բանակի զինանոցի շոշափելի կորումտներ...
Եվ, այսքան աղետներից հետո, փաշինյանական ռեժիմը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ինքզինքը մխիթարում է այն քարոզչական ինքնախաբեությամբ, թե ինչ-որ վարկանիշ ունի:
Մինչդեռ ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը չունի հանրային աջակցություն, ակնհայտ է, որ հանրային կարծիքն ու ընկալումը նրանց նկատմամբ օրեցօր փոխվում է: Ու գնալով ավելանալու է սթափվող, պատասխան պահանջող քաղաքացիների քանակը: Ըստ որում, ամենևին կապ չունի, թե այդ մարդկանցից քանիսն են ելնում հրապարակ, քանի՞սը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահ, քանի՞սն են իրենց խոհանոցում «տապակվում սեփական վշտի մեջ»:
Մեծ հաշվով, Հայաստանը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ ունի անպետք իշխանություն: Մի իշխանություն, որը չկա, վերացած է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի քաղաքցիների կյանքի անվտանգությանն ու իրավունքներին, երբ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, երբ հարցը վերաբերում է մարդկանց քաղաքացիական իրավունքներին և ազատություններին: Մի «իշխանություն», որի գոյությունը երևում է միմիայն Հայաստանի քաղաքացիների դեմ ոստիկանական բռնաճնշումների, ոստիկանական կամայականությունների և պաշտոնական դիրքի չարաշահմամբ նմանօրինակ այլ կամայականությունների դրսևորումներով, անկապ տուգանքներ սահմանելով ու տուգանքներով, քաղաքացիների մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարումներով, մեկ էլ՝ թշնամիների առջև ստորացուցիչ խոնարհումներով:
Եվ ո՞ւմ է պետք նման անպետք իշխանությունը:
Հատկանշական է, որ փաշինյանական ռեժիմի «ուսապարկային» ներկայացուցիչները, գրեթե ամենօրյա ռեժիմով, շարունակում են ձեռք առնել, ծաղրել հանրույթանը, վիրավորել մարդկանց, հատկապես մեր այն հայրենակիցներին, ում զավակներն ու հարազատները զոհվել են Փաշինյանի հրահրած այս «տարօրինակ պատերազմում»:
Եթե նրանք կարծում են, որ դրանով իրենց կողմն են գրավում համակիրների, ապա չարաչար սխալվում են: Բայց նրանց կարծես դա էլ չի հետաքրքրում: Իրենց հետաքրքրում է միայն միառժամանակ էլ իրենց աղետաբեր իշխանավորումը երկարաձգելը, իսկ հետո՝ «մի կերպ կպլստան», «ընտրություններ» կանեն՝ կվերարտադրվեն, մեղքը տարրալուծելով բոլորի վրա և այսպես շարունակ:
Բայց: Դրանից նրանք ավելի պիտանի չեն դառնալու, և ուստի՝ ո՞ւմ է պետք անպետք «իշխանությունը»:
Ակնհայտ է առնվազն այն, որ վճռական որոշումներ կայացնելու և պետության ղեկը իրական ազգային ու պետական գործիչներին վստահելու ժամանակն է: Հանուն նույն այդ պետության և նույն հասարակության՝ փրկության գոնե որոշ շանս ունենալու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը