Երևանն այսօր
Հայաստանի պատմության մեջ չի եղել նման իրավիճակ, որ հրապարակվի պետության վերնախավում գտնվողների՝ միաժամանակ մի քանի հանցագործությունների մասին։ Մարդիկ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է թուղթ, որտեղ Արցախը վաճառելու գումարն է եղել, նշվում է անգամ թիվը՝ 5 միլիարդ դոլար։ Նախկին գլխավոր ռազմական տեսուչը հայտնում է, որ վարչապետի տիկինը պատերազմի ժամանակ գտնվել է Պաշտպանության բանակի շտաբում, նստել և լսել է, թե ինչ են քննարկել զինվորական ղեկավարությունը՝ չզբաղեցնելով համապատասխան որևէ պաշտոն։ Ասում են, անգամ՝ մի բարձունք հետ բերելու համար վարչապետի կինն այդ նույն շտաբում հիստերիկացել է, թե՝ ուզում է՝ 5 հազար մարդ զոհվի, պետք է հետ բերենք։ Նույն Մովսես Հակոբյանը հայտնեց որ, վարչապետը պատերազմից մի քանի օր անց տվել է անթույլատրելի հրաման՝ դադարեցնելու ռազմական կանոնավոր ուժերի համալրումը, կանոնավոր անձնակազմով, փոխելով այն կամավորականներով։ Նախկին դեսպանը հայտնում է՝ ունի տեղեկություն, որ թուրքական գործակալ է ԱԺ նախագահը, նշում է անգամ, թե երբ է հավաքագրվել, այնուհետ՝ երբ է բացահատվել և հրապարակում է փաստաթուղթ, որ, ի վերջո, հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից։ Նախկին ոստիկանապետը հայտարարում է, որ վարչապետը ապօրինի հրամանն է տվել իրեն։ ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել քաղաքական ընդիմախոսի նկատմամբ գործ հարուցելու։ Հրապարակվում է հեռախոսազրույց որտեղ Արցախի նախագահն ասում է, որ Փաշինյանը 10 օր է՝ օգնություն չի ուղարկել պատերազմող Արցախ։ Ցանկը կարող ենք շարունակել, այս և այլ դեպքերով։
Մեր՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պատշաճ արձագանք չկա։ Պետական պատասխանատու իրավական կառույցը այն ամենին, ինչը վերաբերում է մերօրյա իշխանավորների հանցագործություններին, նայում էն այնպես, ինչպես կնայեին դրանց հենց այդ հանցանք կատարողները։
Yerevan.Today-ը հետաքննության արդյունքում նյութ հրապարակեց այն մասին, որ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկի որդին բանակում չի ծառայել և՝ բավականին տարօրինակ կերպով, ձևակերպել են առողջական հիմունքներով տարկետում հենց այն ժամանակ, երբ ուսման հիմքով տարկետումը վերջացել է։ Նյութը հրապարակում ենք, հնարավոր հանցագործության մասին հաղորդում ենք տալիս դատախազություն։ Մարդիկ ընդամենը երկու օրում ուսումնասիրում են ու ասում են, որ ամեն ինչ կարգին է։ Երկու օրում հասցրել են ուսումնասիրել և «պարզել են» որ Անդրանիկ Քոչարյանը, լինելով մի պաշտոնյա, ով վերահսկում է Պաշտպանության ոլորտը, կոռուպցիոն գործարքի արդյունքում չէ, որ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո չհասցնելով թեզը պաշտպանել, բժշկական տարկետում է ստանում։ Այն դեպքում, երբ, ասենք, Սուրիկ Խաչատրյանի որդու՝ նույն բժշկական հիմքով բանակից խուսափելու վերաբերյալ գործը բացեցին և մեկ տարի քննեցին, հետո նոր կարճեցին։ Հասկանո՞ւմ եք։ Որովհետև չգիտես ինչու, դատախազությունն էլ նախիկին ու ներկա տրամաբանությամբ է աշխատում, չնայած այդտեղ բոլորն էլ նախկիններ են։
Չկա մի բան, որ հրապարակես այս իշխանության ենթադրյալ հանցագործությունների մասին, ու իրավապահ համակարգը գնա հետևից։ Բայց հենց գրենք, որ ասենք, նախկիններից այսինչը պատերազմի ժամանակ ծառի տակ ծխում էր, ազգի դավաճանի հոդվածով գործ կհարուցեն։ Բա որ մի հատ էլ հեռախոսը գաղտնալսեն ու տեսնեն, որ մեջը Նիկոլին են հայհոյում, միանգամից մահափորձի մեղադրանքով կալանքի կտանեն։ Սա հենց այն է, որ այդ կառույցներից մենք տեսել ենք վերջին 2,5 տարում։
Հարց դատախազությանը՝ կորցրել ենք 9,5 հազար քառակուսի կիլոմետր, դրանց մի մասը՝ առանց կրակոցի, առանց Սահմանադրությանը նայելու, առանց քննարկելու և իրավական հիմքերի, գաղտնի, ընդամենը մի հոգու ստորագրությամբ։ Գլխավոր դատախազությունն անելիք ունի՞, թե՞ չունի։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Շուշին Ադրբեջանական քաղաք է, մեզ բացատրում է, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջան է։ Դատախազությունն անելիք ունի՞, թե՞ չունի։ Այդ թուղթը ստորագրելուց հետո Փաշինյանը բունկերից ուղիղ եթեր է մտնում և հայտարարում, թե՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, կոչ է անում քաղաքացիական բախումների, ինչ-որ հաշվեհարդարների։ Դատախազությունն անելիք ունի՞, թե՞ չունի։ Արծրուն Հովհանիսյանը 44 օր սուտ է ասում պետության անունից, ուղիղ եթերում, բոլոր էկրաններից։ Դատախազությունը մեկ անգամ նրան հրավիրե՞լ է՝ հասկանալու՝ ի՞նչ հիմքերով, ո՞ւմ ասածով էր Արծրունը սուտ խոսում, հանրությանը մոլորեցնում, խաբում, թե հաղթում ենք։ Կրկնեմ՝ պետության անունից։ Ինչ կասե՞ք, անելիք ունի՞ այստեղ դատախազությունը, թե՞ չունի։ Դատախազությունը սրանց չի արձագանքում, բայց արձագանքում է այն լուրերին, որոնք վերաբերում են դատախազների ընտանեկան կյանքին վերաբերող լուրերին։ Երկիր ենք կորցրել, իրենք դրանից են նեղվել։ Ընդ որում, մանիպուլացնում են։ Գրում ես, որ դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ունի երկու բնակարան, բայց կինը հերթագրվել է առաջնահերթ կարգով տուն ստանալու համար, հայրենիքը ծախելուն չարձագանքած դատախազությունը անմիջապես այս լուրին արձագանքում է, թե՝ կինը չի մասնակցել մրցույթին, ամուսինն է մասնակցել։ Մոտավորապես այսպես՝ ոչ թե ձու, այլ՝ հավկիթ։
Դատախազությունը ևս հավասարվել է էն մյուս կառույցներին, որոնց Փաշինյանը շարունակում է դարձնել պոլի շոր։ Գլխավոր դատախազության անունից տեքստ են գրում ու արդեն մեջը ներառում են՝ «հակաքարոզչություն», «հայրենասիրություն», «նախկինից մնացած արատավոր մտածողություն» տերմինները։ Ու սա գրում են դատախազությունում նախկինից մնացածները։ Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ քաղաքական տեքստեր չէիք գրում։ Չէիք գրում, չէ՞։
Դատախազությունը մեզ մեղադրում է, որ Գևորգ Բաղդասարյանի՝ բավականին մեծ արագությամբ պաշտոնի բարձրացումները կապում ենք սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ սարքած գործում ներառվելու հետ։ Ասեմ իմանաք, լրատվամիջոցը իրավունք ունի ենթադրել ինչ ուզում է, ու կարող է իր հիմնավոր ենթադրությունները դարձնել նյութ ու հրապարակել։
Այո, մենք պնդում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու գեներալների դեմ շինծու գործի առիթն էր, որ հենց Սասուն Խաչատրյանը դարձավ ՀՔԾ պետ․ որովհետև, մեր տեղեկություններով, միայն նա էր համաձայնել վերցնել այդ գործը։ Այո, այդ նույն տեղեկությունների տրամաբանությունն է հուշում, որ Գևորգ Բաղդասարյանը այդ «ջուր գործը» պաշտպանելու շրջանակներում դարձավ Երևանի դատախազ ավանսով, որ հետագայում դառնա մեղադրող։ Հետո դարձավ գլխավոր դատախազի տեղակալ։ Այո, հենց այդ շրջանակներում Սասուն Խաչատրյանը ստացավ մեդալ, պարտված պատերազմից հետո, Արցախը հանձնելուց հետո։ Հիմա մարդ կա, որի համար պաշտոնը ավելի կարևոր է, քան իր անունը, պատիվը, հեղինակությունը։ Մենք իրավունք ունենք սա պնդելու, բայց դուք իրավունք չունեք դասեր տալու որևէ լրատվամիջոցի, դուք իրավունք չունեք էդ տոնով պատասխանել որևէ լրատվամիջոցի, քանի որ դուք ունեք ձեր գործունեության հետ կապված որոշ լիազորություն, բայց նաև սահմաններ, որից չեք կարող անցնել։ Դուք, պետական ապարատը, պետության հաշվին գործունեություն իրականացնողները, վարձատրվում են մեր և այլ քաղաքացիների հարկերի հաշվին, ոչ թե հակառակը։ Այո, մենք մեր հարկերով պահում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, որ նա ու կինը տուն ձեռք բերեն, պահում ենք նաև դատախազության՝ էդ քաղաքական տեքստերը գրողին, բայց ձեր որևէ վճարից մենք չենք սնվում։ Ու մենք իրավունք ունենք ու մեր առաքելությունն է հանրությանը ներկայացնել, թե ինչով է զբաղված այս և այլ պետական պաշտոնյան։ Հանրությունը պետք է իմանա, որ մեր հայրենիքը ծախողներով զբաղվելու փոխարեն, դատախազությունը զբաղված է 2008 թվականին սահմանադրական կարգը ենթադրյալ տապալելու նիստով, ինչպես ոչինչ չի եղել։ Նիստում էլ, նեղվում է, կոկորդ է պատռում, թե՝ հատկապես ինքը Շուշին հանձնող չէ։
Որ ասում են՝ Գևորգ Բաղդասարյանը Շուշին հանձնող է (նաև մյուս դատախազները, ովքեր պաշտպանում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման շինծու մեղադրանքը), նկատի չունեն, թե Գևորգ Բաղդասարյանը Շուշիի դարպասները փակել է ու բանալին տվել է Ալիևին։ Ավելին, Շուշի ասելով նկատի չունեն միայն Շուշին։ Ո՛չ․ 2018 թվականին, երբ սարքվեց այս գործը, նպատակը, իմ և շատ շատերի կարծիքով, բանակը և գեներալներին հեղինակազրկելն էր, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելն էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտարկելը․ այն մարդկանց, որոնք ազատագրել են Արցախը և դերակատար են, հնարավոր է՝ խանգարեն Արցախի հանձնումը, նրանց նկատմամբ իրավական ճնշում բանեցնելը։ Հենց այդ մեղադրանքը դատախազները պաշտպանեցին, ինչպես երբեք, ոչ մի գործ, ու այսօր ստացվեց, որ բոլոր կասկածները հիմնավոր էին։ Ու դատախազները ի սկզբանե ժամանակ, ռեսուրս, ջանքեր են գործադրել, որ Քոչարյանը մնա կալանքի մեջ, որ գեներալները իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացնեն իրենց նկատմամբ քրեական գործի վրա, իսկ Նիկոլը կողքից Արցախը տա թուրքերին։ Դե հիմա թող դատախազությունը կոկորդ պատռի, թե մեղադրանքի պաշտպանությունը իշխանությանը պաշտպանելու հետ կապ չունի։ Թող դատախազությունը ասի, թե ինչպես եղավ, որ Նիկոլը իրենց հրահանգեց չառարկել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելուն։ Իսկ միգուցե այլ խնդրանք կամ հրահանգ է՞լ է տվել։
Այո, դատախազության այսօրվա վարքը, հանցագործների նկատմամբ այս փափուկ դիրքորոշումը բերեց նրան, որ մենք Արցախի 80 տոկոսի մասին խոսում ենք նախկինով։ Սրա համար պատասխան տվողը միայն Նիկո՞լն է։ Ոչ, շատ մարդիկ կան, այդ թվում՝ դատախազությունից, այդ թվում՝ նրանք, ովքեր դատախազությունում զբաղված են պատվերով քաղաքական տեքստեր գրելով։
Ահա այն ամենը, ինչ մնացել է նախկին գլխավոր դատախազությունից։
Հ․Գ․
Yerevan.Today-ի լրագրողի ձեռքից միկրոֆոնը խլում է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, նաև քաշում է լրագրողի թևից՝ խոչընդոտելով մասնագիտական գործունեությանը։ Դա հանցագործություն է, ինչի առիթով հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն։ Սպասելիք ունե՞մ, ոչ։ Ավելի քան վստահ եմ, որ էդ հանցագործությունը չի պատժվելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը