Երևանն այսօր
Բոլորս հիշում ենք, երբ 1-2 տարի առաջ «թավշյա» հեղափոխության ջերմեռանդ աջակից տարեց կինը իր տուն այցելած Նիկոլ Փաշինյանին ասաց հետևյալը․ «Թեկուզ հացը 1000 դրամ դառնա, կարևորը, որ մեր վարչապետը Նիկոլն է»։ Այսօր կարող եք արձանագրել, որ «հպարտ» քաղաքացու «երազանքը» իրականացման ճանապարհին է։ Հացի, ինչպես և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքների՝ ալյուր, կարագ, ձեթ, շաքարավազ, ձու, թռչնամիս և այլ ապրանքների գներն իսկապես որ աննախադեպ բարձրացել են։ Չգիտենք, թե դրան ինչպե՞ս է արձագանքում վերոնշյալ արտահայտության հեղինակը, բայց որ սորոսաթավշյա ոհմակը լեզուն կուլ է տվել, դա ակնհայտ է։ Մինչ 2018 թ․-ը վերոնշյալ ոհմակը ոռնոց էր դնում ամեն պատեհ կամ անպատեհ առիթով, օրինակ՝ եթե հացի որևէ տեսակի գինը 5 կամ 10 դրամով թանկանար։ Հիմա հացը թանկացել է 20-40 դրամով կամ 10-15 տոկոսով, իսկ վերոնշյալ աղմկողները չկան՝ քանի որ հիմա իշխանություն են։
Տարբեր հրապարակումներով փաստել ենք, որ տնտեսական կացության վատթարացման հիմնական պատճառը մի կողմից այս իշխանության կառավարման ունակությունների բացակայությունն է, մյուս կողմից՝ նրա առաջին դեմքի անհավասարակշիռ գործողությունները։ Բնական է, որ նման իշխանության պարագայում կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները շատ ավելի աղետալի պետք է լինեին մեզ համար, քան եթե պետությունը ղեկավարեին գիտակից և կառավարման փորձ ունեցողները։ Միանշանակ է, այս ամենի հետևանքով Հայաստանում կտրուկ ավելացել է աղքատությունը, և շատերը հայտնվել են սովի հեռանկարի առջև։ Ինչպիսի՞ն է իշխանության արձագանքը։
Էկոնոմիկայի փոխնախարար մի երիտասարդ, Արման Խոջոյանը, որը փաստորեն համակարգում է գյուղատնտեսույան ոլորտը, օրերս մի հարցազրույցում հավաստիացնում է, որ Հայաստանը սովի խնդիր չունի, որ հացահատիկի և մյուս ապրանքների ներմուծումը կանոնավոր կատարվում է, որ Արցախի ցանքատարածությունները թշնամուն հանձնելու պատճառով այդտեղից ներմուծվող հացահատիկի պակասը որևէ խնդիր չի ստեղծի, որ հնարավոր չէ ամեն ապրանքի գնով ինքնաբավ լինել և այլն։ Նա նշում է, որ մեր հացահատիկի պահանջարկի 25 տոկոսը ստացվում էր Արցախից։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է շուրջ 200 հազար տոննա հացահատիկ։ Մեր պահանջարկը կազմում է մոտ 450 հազար տոննա։ Այսինքն, Հայաստանն ապահովում է իր պահանջարկի մոտ 45 տոկոսը, իսկ մնացած մոտ 55 տոկոսը կամ 250 հազար տոննա ներմուծում ենք։
Մեր ընդհանուր պահանջարկի շուրջ 25 տոկոսը կամ մոտ 100-110 հազար տոննան, ինչպես նշում է էկոնոմիկայի փոխնախարարը, ներմուծում էինք Արցախից։ Այսինքն, Հայաստան և Արցախ միասին ունենում էինք ինքնաբավության բարձր աստիճան՝ 65-70 տոկոս։ Հենց այս ինքնաբավության ցուցանիշն է կտրուկ վատացրել Արցախից ստացվող բերքի կորուստը, ստեղծելով ազգային անվտանգության լուրջ խնդիր։ Էկոնոմիկայի փոխնախարարը կամ չի հասկանում դա, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում։
Հավելենք, որ Արցախից հացահատիկը ներմուծում էինք 1 կգ-ն 100-120 դրամով, իսկ արտերկրից՝ 1 կգ-ն 150 դրամով։ Գումարային կորուստ էլ ենք ունենում, չխոսելով աշխատատեղերի, մարդկանց եկամուտների կորուստների մասին։ Այսինքն, մի կողմից մեր ինքաբավության աստիճանն ենք կտրուկ իջեցրել Արցախի ցանքատարածությունների կորստով, մյուս կողմից՝ դա դարձել է հացի թանկացման պատճառ։ Եվ, ի գիտություն Արման Խոջոյանի, երբ խոսք է գնում սովի մասին, նկատի է առնվում այն, որ սննդամթերքի և հատկապես հացահատիկի գների կտրուկ թանկացման պատճառով շատերը պարզապես չեն կարողանա հաց և մյուս ապրանքները գնել, մատնվելով սովի։ Չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներին դա առանձնապես չի հուզում՝ սեփական պարգևավճարները նրանք ստանում են անկախ համաճարակից, պատերազմից և անկախ սովից նույնպես կստանան։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը