20 01 2021

Հա՛մ ասում է, թե գերիներին լավ են վերաբերվում, հա՛մ էլ՝ գերիներին վտանգում ենք

Հա՛մ ասում է, թե գերիներին լավ են վերաբերվում, հա՛մ էլ՝ գերիներին վտանգում ենք

Օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովը փաստացի բացահայտեց, որ հայ ռազմագերիներին Ադրբեջանը չի վերադարձնում նաև մեր` ՀՀ իշխանությունների մեղքով։ Բանն այն է, որ «ռազմագերիներին փոխանակելու համար հաստատում են ցուցակները», իսկ «հայկական կողմը չի տրամադրել ռազնագերիների ու անհետ կորածների ցուցակները ամբողջությամբ»։ Լավրովը նաև շեշտեց, որ իրենք` ՌԴ-ն է պնդում, որ ռազմագերիները, գերեվարվածները, անհետ կորածները փոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Իսկ հիմա եկեք կարդանք, թե հայ ռազմագերիներին ու գերեվարվածներին գերությունից վերադարձնելուն վերաբերող բոլոր հարցերը փակ ռեժիմով «ջրելու» առաջամարտիկ Մարիա Կարապետյանն այս մասին ինչ է գրել իր ֆբ էջում։ Նա «կարծիք» է հայտնել, թե չի կարելի որևէ ցուցակ հրապարակել, քանզի «վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը», նաև «կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը»։

Այսինքն. ԱԺ այս պատգամավորը, ով, մեկ այլ պատգամավորի խոսքով, հավաստիացնում էր, թե «հայ ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում», հիմա էլ հրաժարվում է մտածել ու համառորեն չի ուզում հասկանալ, որ եթե մենք այսօր ներկայացնենք, օրինակ, ռազմագերիների ու գերեվարվածների 100 հոգանոց ցուցակ, ապա այն միշտ կարող ենք լրացնել` հենց որևէ տվյալ ունենանք որևէ անհետ կորած անձի վերաբերյալ։ Չի էլ կարողանում բացատրել, թե «թիվ հրապարակելը» ո՞ր գերու կյանքը ու ինչպե՞ս կարող է վտանգել, եթե գերությունից ազատված ամեն անձ «գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց» մասին նոր տեղություններ ունենալու և «թիվը» լրացնելու լավագույն աղբյուրն է։

Հավանաբար հենց ա՛յս աղբյուրն է ուզում փակել պատգամավորը. Այլապես, իր գրառման մեջ, ակամա, չէր նշի, որ իրենք «անձի գերության մեջ լինելու հանգամանքը» պնդում են ո՛չ թե իրենց ունեցած տվյալներով, այլ ռուսական կողմի, Կարմիր խաչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շնորհիվ։ Այսինքն. իրենք անգործության են մատնված, ուղղակի տեղի ունեցողին պասիվ հետևողներ են, բայց ռազնագերիներին ու գերեվարվածներին րոպե առաջ ազատել ջանացող բոլոր հայ քաղաքացիներին ակտիվորն խանգարում են։

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ