Երևանն այսօր
Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից փորձագիտական և քաղաքական հանրություն առանձնապես սպասելիքներ չուներ։ «Հանկարծ նոր վատ բան չանի, թե չէ լավը՝ դժվար թե կարողանա անել»․ մոտավորապես այսպսիսի ձևակերպմամբ էին սպասելիքները, թեև հույս կար, որ գոնե գերիների հարցով որևէ առաջընթաց կլիներ: Բայց, պարզվեց՝ իզուր:
ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը օրերս Ազգային ժողովում անդրադառնալով գերիների հարցին, ասաց. «Բոլորս հասկանում ենք, որ գերիների հարցը մեկ օրվա մեջ լուծման հարց չէ: Բոլորս հասկանում ենք, եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա դա շուտ լուծված կլիներ»:
Այս պատասխանը մոտավորապես հիշեցրեց այն փաստը, որ օրինակ պատերազմի ավարտից մեկ ամիս անց դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը գերիների հարցով հրատապ քննարկում անցկացրեց: Այո, մեկ ամիս անց՝ հրատապ քննարկում:
Պատերազմը սկսելու դեպքում դիվանագիտական հարթակում պարտությունը չընդունող նախարարին հիշեցնենք, որ գերիները հարցը ոչ թե պետք է լուծվեր հենց ամսի 11-ին և մեկ օրում այլ պատերազմի ավարտից անցած արդեն 60 օրերի ընթացքում:
Եվ հետո, այդ ինչպե՞ս մեկ օրում, ավելի շուտ՝ մեկ գիշերում որոշվեց Արցախի կապիտուլյացիայի, տարածքների հանձնման հարցը, ինչպե՞ս մեկ գիշերում որոշվեց երեք օրում ազատել բնակեցված գյուղերն ու թաղամասերը, ամենաանտրամաբանական ժամկետներ սահմանել զոքրի հետքաշման համար: Այդ ինչպե՞ս բանավոր համաձայնությամբ որոշվեց թշնամուն հանձնել Սյունիքի մարզի բնակավայրերն ու տները:
Իսկ իշխանության ներկայացուցիչները շարունակում են լուրջ դեմքերով ասել այն, ինչը պետք է այդպես լիներ առանց հայտարարելու անգամ․ ինչպիսին է օրինակ, «գերիների հարցը մեր օրակարգում է», «այն առաջնային հարց է»: Այո, բոլորիս համար է գերիների վերադարձը առաջնային հարց, պարզապես դա անողը պետք է հենց իշխանությունը լինի:
Լուրջ դեմքերով խոսելու փոխարեն լուրջ քայլերի գնացեք, կամ պարզապես ընդունեք, որ այդ հարցը դուք չեք կարող լուծել, որովհետև դուք, առհասարակ, Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների օգտին որևէ հարց չեք կարողանում լուծել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը