22  10  2019

Գործազրկության ցուցանիշի խայտառակ կեղծումը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ

Գործազրկության ցուցանիշի խայտառակ կեղծումը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ

Ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի կողմից  գործազրկության ցուցանիշի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում կատարելու մասին է։

Հիշեցնենք, ըստ վիճկոմի, այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության ցուցանիշը առաջին եռամսյակի համեմատ նվազել է 46 հազարով։ Ասել, որ դա պարզապես անհնար է, նշանակում է ոչինչ չասել։ Համեմատության համար նշենք, որ երբ 2001 թ․-ին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեկ տարում կստեղծվի 40 հազար աշխատատեղ, իսկ տարեվերջի մամուլի ասուլիսում  ներկայացրեց ավելի քան 40 հազար նոր աշխատատեղերի ցուցանիշը՝ ըստ ճյուղերի և ձեռնարկությունների, ոմանք դա կասկածի տակ դրեցին՝ չնայած լրատվամիջոցներին տրամադրված կոնկրետ տեղեկությունների առկայությանը։ Եվ այժմ, երբ Հայաստանը գտնվում է անընդհատ ցնցումների մեջ, ներդրումները անգամներով նվազում են, տնտեսական ակտիվությունը դանդաղում է, աշխատատեղեր են կրճատվում մասնավոր և պետական հաստատություններում՝ երեք ամսում 46 հազար աշխատատե՞ղ է ստեղծվել։

Մեր կանխատեսումն այս առթիվ նախորդ հրապարակման մեջ հետևյալն էր․ «Վիճակագրական ցուցանիշների նման կտրուկ փոփոխություններն իրական լինելու դեպքում, դրանք անմիջապես կնկատվեին իրական կյանքում և մարդիկ կզգային, որ գործազրկությունը նվազել է և զբաղվածության մակարդակը բարձրացել։ Բնական է, որ դա անմիջապես կազդարարվեր Նիկոլ Փաշինյանի հերթական լայվով կամ գրառմամբ։ Առայժմ դա տեղի չի ունեցել։ Սակայն գործազրկության առնչվող ցուցանիշների նման խայտառակ կեղծումից հետո չենք բացառում, որ դա տեղի կունենա։ Եվ գուցե հենց այդ նպատակով էլ դրանք կեղծվե՞լ են։ Հիմա արդեն այդքան լավատես չենք, որ Նիկոլ Փաշինյանը կզգուշանա նրանից, որ կեղծիքը բացահայտ կերևա»։

Ակնհայտ է, որ այս տարվա առաջին եռամսյակին գործազրկության կտրուկ ավելացումը արտացոլում էր «թավշյա» Հայաստանի տնտեսության և սոցիական կացության իրական պատկերը։ Դա լավագույն ցուցիչն էր այն բանի, որ այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է։ Եվ բնական է, որ վիճկոմի նման «վրիպումը» Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանդուրժել։ Հետևաբար երկրորդ եռամսյակում պետք էր ցույց տալ գործազրկության նվազման այնպիսի «աննախադեպ» ցուցանիշ, որը «հպարտների» անմիտ ցնցության հերթական ալիքն առաջացներ։ Այսինքն, տեղի է ունեցել վերջին ամիսներին արդեն կանխատեսելի դարձած՝ «վիճակագրություն՝ փաշինյանական գրառման համ լայվի համար» երևույթը։

Սակայն, քանի որ երեք ամսում 46 հազար նոր աշխատատեղ ստեղծվելու հեքիաթը կարող էր կասկածներ առաջացնել անգամ հավատարիմ «դուխովների» մոտ, Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ փոքրիկ խորամանկության է գնացել։ Նա գործազրկության ցուցանիշը համեմատել է ոչ թե այս տարվա առաջին եռամսյակի, այլ անցած տարվա երկրորդ եռամսյակի հետ և գործազրկության նվազման համեմատաբար «համեստ» ցուցանիշ է նշել՝ 29 հազար 200 մարդ։ Բնականաբար սա ևս առաստաղից վերցված և իրականությանը չհամապատասխանող ցուցանիշ է։  Նիկոլ Փաշինյանի վկայակոչած գործազրկության ցուցանիշի սուտ լինելն ավելի ակնառու է դառնում, երբ համեմատում ենք նրա իսկ ընտրած տարբերակով՝ մասնավորապես 2018 թ․-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը համեմատելով 2017 թ․-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի հետ։Այս դեպքում պարզվում է, որ գործազրկության ցուցանիշը անցած տարվա երկրորդ եռամսյակում նախանցած տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է ընդամենը 1200 մարդով՝  237,6 հազարից դառնալով 236,4 հազար։ Այսինքն,  2017 թ․-2018 թ․-ի սկիզբ բարձր տնտեսական աճ արձանագրող երկրում, մեկ տարվա ընթացքում գործազրկությունը նվազել է ընդամենը 1200 մարդով, իսկ Նիկոլ Փաշինյանի և նրա ապաշնորհ կառավարության իշխանության մեկ տարվա իշխանության ընթացքում անընդհատ ցնցվող և քայքայվող երկրում 29200 մարդո՞վ։ Կատարյալ ապուշ պետք է լինել վերջին թվին հավատալու համար։ Թեև նման ապուշների պակաս կարծես թե չունենք, որի վկայությունն է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը և մեկուկես տարի մնալը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ