«2020 թվականին երկրաշարժից տուժած 457 ընտանիք կապահովվի բնակարանով: Հարցը վերջնականապես կլուծվի: 30 տարի ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում լուծել այս հարցը: Մեկ տարում լուծեցինք»:
Այս մասին հուլիսի 1-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում շտապել էր ավետել ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը: Նշենք, որ նույն օրը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը իր պաշտոնավարման 100 օրը ամփոփող ասուլիսում նշել էր, որ նախատեսվում է՝ 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտի շահառու» հասկացության: Վերմիշյանը հավելել էր, որ 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ:
Լավ լուրերի մասին՝ բոլորը, խնդիրների մասին՝ ոչ ոք: Այս սկզբունքով են իշխանության ներկայացուցիչները իրենց դրսևորում սոցիալական ցանցերում: Անգամ ամենափոքր քայլը իշխանամերձ շրջանակաները հնարավոր տարբերակներով տարածում են, կիսվում, բարձրաձայնում, իսկ երբ կա խնդիր, համատարած լռություն է: Նույն տրամաբանության մեջ էլ վարչապետի խորհրդականը տարածել էր լուրը՝ սեփական նախընտրություններով կրճատումներ և հավելումներ անելով:
Միֆ առաջին՝ 30 տարի ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում լուծել այս հարցը:
Այն, որ ամեն տարի բյուջեից հատկացումներ են արվել և աշխատանքներ են կատարվել, դա ասաց նույն ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Նա, մասնավորապես նշել էր.
«2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»:
Իսկ եթե մի փոքր էլ հետ գնանք, ապա պատկերն այսպիսին է՝ 1998-2007 թվականներին միայն Շիրակի մարզում կառուցվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը Աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Իսկ ընդհանուր Աղետի գոտի համարվող՝ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք, 3674 բնակարանով։
Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:
Երկրորդ՝ 30 տարվա խնդիրը մեկ տարում լուծելու միֆը:
1988-ի երկրաշարժից տուժել էին 5396 ընտանիք, եթե 30 տարի չի լուծվել նրանցից ոչ մեկի բնակարանային խնդիրը, ապա ինչպես է ստացվել, որ մնացել են 457 ընտանիք, որոնց լուծմամբ խնդիրը կվերանա:
Հաջորդը, եթե վերցնենք անգամ Վերմիշյանի հղում արած տարիներին, ապա ստացվում է, որ ամեն տարի լուծում է ստացել մոտ 537 ընտանիքի բնակարանային խնդիր՝ հատկացվելով մոտավորապես 7 միլիարդ դրամ: Ի դեպ, մի փոքրիկ հիշեցում, սրանք այն տարիներն էին, որոնք անցյալ տարի մեծ հանդիսավորությամբ մերժվեցին, հայտարարվեցին որպես ոչինչ չարված: Ամենապարզունակ հաշվարկներով, անգամ ստացվում է, որ այդ ժամանակահատվածում բյուջեից ավելի շատ հատկացումներ են արվել և առավել մեծ թվով բնակարանների խնդիր է լուծվել, ավելին, եթե իշխանափոխությունը տեղի չունենար, Սերժ Սարգսյանի կառավարությունը նույն տեմպերով կարող էր նաև ավելի շուտ վերջ դնել աղետի գոտու խնդրին:
Ի դեպ, նշենք նաև, որ մեկ օր հետո արդեն Արտակ Գասպարյանը գրառումը հեռացրել է: Հավանաբար անտեղյակ և իրավիճակին չտիրապետող խորհրդականին խորհուրդ են տվել առավել լավատեղյակները, կամ գուցե հուշել են, որ անընդհատ հետ նայելով առաջ չեն գնա՝ հատկապես որ հետ նայելուց նայում և տեսնում են այն, ինչ ուզում են և ինչպես ուզում են:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը