Խառնիճաղանջ բառակուտակումը, որն ակտիվորեն քննարկվեց, քննադատվեց ու դեռ քննադատվում է, որպես կառավարության ծրագիր, գործադիրի վերջին նիստում արժանացավ նույն այդ կառավարության հավանությանը:
Կառավարության և գործնականում պետության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ կարևոր փաստաթղթի վերաբերյալ նշված նիստում ունեցած ելույթում մասնավորապես հայտարարեց. «Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է…»:
Երբ հեղափոխական տրիբունը իրեն պետական այր է երևակայում և իր միտինգային բառաֆոնդը փոխում է, այդպիսի զավեշտական բան է ստացվում: Բայց դա չէ չարիքը: Աղետը այն է, որ պետական կառավարման հիմունքների մասին տարրական պատկերացում չունեցողները սկսում են ղեկավարել այդ ամենը:
Իրենք էլ են հասկանում, որ բան չեն հասկանում, այստեղից էլ՝ երկարաձագ ու, որքան հնարավոր է՝ խճողված, խրթին արտահայտությունները: Մեջբերված հատվածի նման, որի համաձայն՝ հայեցակարգային պատկերացման անկյունաքարային նշանակությունը հեղափոխության հաեցակարգն է և այդպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանի արտասանած բառակույտից դուրս բերենք հիմնական ձևակերպումը ա) ներկայացված ծրագիրը նշանավորում է «տնտեսական հեղափոխության մեկնարկը», բ) կառավարության առանցքային ֆունկցիան քաղաքացիների ու տնտսվարողների համար նկատելի հնարավորություններ ստեղծելն է:
Գործող վարչապետին, որ այլևս ոչ թե թավշյա հեղափոխական է կամ ընդդիմադիր պատգամավոր, այլ պետության սոցիալ-տնտեսական վիճակի ու նաև տնտեսական զարգացման համար 1 պատասխանատուն, անցած ամիսների ընթացքում մի քանի անգամ փորձեցին հասկացնել, որ տնտեսությունը և հեղափոխությունը խիստ հազվադեպ են միմյանց հանդուրժում:
Տնտեսական հեղափոխություն կամ տնտեսության մեջ հեղափոխություն լինում է ու կարելի է պատմությունից տարբեր օրինակներ բերել, սկսած մանուֆակտուրաներից, վերջացրած կոնվեյերացումով, գիտատեխնիկական հեղափոխություն ասվածով և այլն:
Բայց ի՞նչ նկատի ունի կոնկրետ դեպքում Հայաստանի վարչապետը: Արդյոք կարելի՞ է հեղափոխություն համարել նրա ասած հավասար հնարավորությունները, որ ամեն դեպքում ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ և ցանկացած կառավարության պարտավորությունների շարքում են, ինքնըստինքյան ենթադրվող գործառույթներից մեկը: Ո՞րն է դրա հեղափոխականությունը:
Ենթադրենք, նախորդ կառավարությունները այդ գործառույթը անտեսել են կամ ինչպես հարկն է՝ չեն կատարել իրենց պարտավորությունը, ու նաև այդ պատճառով, մոտ մեկ տարի առաջ «քաղեցին պտուղները»: Եկել է նոր իշխանություն, ձևավորվել է նոր կառավարություն՝ ժողովրդական վստահության այնպիսի քվեով, որ մինչ այժմ ոչ մի իշխանություն Հայաստանում չի ունեցել: Եվ ահա այդ «համաժողովրդական կառավարության» ղեկավարն ասում է, թե իրենց հայեցակարգային անկյունաքարի… Կարճ ասած՝ հնարավորություններ ստեղծելն է, ապահովելը, դրանցից օգտվելը քաջալերելը՝ բլա-բլա-բլա-բլա…
Ինչպե՞ս կարելի է կառավարության, գործադիր իշխանության բազմաֆունկցիոնալ գործունեությունը նեղացնել մինչև 1 գործառույթ: Կարելի է, եթե այդ ամենը արվում է դիլետանտական մակարդակով և ընկալմամբ: Դիլետանտին ամենից առաջ մատնում է այն, որ նա ամեն գնով ձգտում է թաքցնել իր դիլետանտությունը: Ու հենց դրա վրա էլ սայթաքում է:
Եթե վարչապետն ասեր, որ կառավարության հայեցակարգի անկյունաքարը Հայաստանի բնակչության բարեկեցությունն է, աա ավելի պարզ ու ընկալելի կհնչեր: Ու լավ միտք է: Հնարավոր է, ուրիշներն ասեն, թե շատ պրիմիտիվ է հնչում, բայց նրանց հակահեղափոխական հռչակելը համակարգչային մկնիկի մեկ-երկու սեղմման հարց է:
Տնտեսական հռչակված հեղափոխության «առաջին ծիծեռնակը» կառավարության կառուցվաքի թևերով եկավ: Հայաստանը գյուղատնտեսության նախարարություն չունի:
Այդ գերատեսչության գործառույթները կփոխանցվեն կամ կանցնեն այլ նախարարության կառուցվածք: Սակայն բուն փաստը, որ գյուղատնտեսության նախարարություն Հայաստանը չի ունենալու, արդեն արտառոց է: Ու չի կարելի ասել, թե՝ հեղափոխական չէ: Այդ կոնտեքստում զարմանալի է, թե Հայաստանի ինչի՞ն է պետք ունենալ առողջապահության կամ բնապահպանության առանձին նախարարություն:
Որքան ակտիվ շարունակվի տնտեսական հեղափոխությունը, այնքան ավելի արագ պարզ կդառնա, որ Հայաստանը նաև ֆինանսների նախարարություն ունենալու կարիք չի ունենա:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը