26 07 2021

«Կարճ ասած»․ Ափսոս, որ տղերքը զոհվեցին սրանց համար ու սրանց պատճառով



 

 

2019 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»։ Փաստերից մեկը հետևյալն էր․ «Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում»: Այսօր վարչապետի շարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլև բոլոր ճանապարհներին, որով անցնում է այդ կապիտուլյանտը, իր մանկապարտեզի ընկեր ոստիկանապետը կաշվից դուրս է գալիս, որ ոչ մի այլ ավտոմեքենա չլինի՝ թե՛ Երևանում, թե՛ Հանրապետությով մեկ։ Երեկ Իջևանի ճանապարհին բոլոր ավտոմեքենաներին ոստիկանությունը կանգնացնում էր, հազարավոր ոստիկաններ էին ամբողջ ճանապարհին․ Նիկոլն էր վերադառնում քեֆից։ Նա էլ էր հանգստանալու գնացել, դու էլ, բայց նա քո ամեն տեղաշարժին է փորձում խանգարել, չի թողնում ոչ մի պահ մոռանաս իր գոյության մասին։

Իր շարասյունը կազմված էր 10-ից ավելի ավտոմեքենայից։ Ո՞ւմ եք պաշտպանում, ումից եք պաշտպանում, ո՞ւմ է պետք էդ անարժեք կյանքը։ Պետության փողերը քամուն տալով` 10-ից ավելի ավտոմեքենա մեկ անարժեք մարմին են տեղափոխում երկրի մի ծայրից մյուսը։ Պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ծախսում միայն դրա տեղաշարժի համար։ Հարգանք վայելող ղեկավարին ամեն պահի հազարավոր ոստիկաններ չեն հսկի։ Ճապոնիայում, Գերմանիայում նախարարներ են հրաժարական տվել ծառայողական ավտոմեքենաները մի երկու անգամ անձնական նպատակով օգտագործելու համար։ Սա ամբողջ ավտոպարկն ու ոստիկաննությունն է օգտագործում անձնական նպատակով։ Պետությունը, պետական բյուջեն ծախսում են, որպեսզի մի ընտանիք հանգստի կամ հարսանիքի գնա։

Դրանից մեկ օր առաջ Նիկոլի թիկնազորը, ոստիկանները, դիպուկահարները ոտքի էր հանվել, Նիկոլը գնացել էր հարսանիք։ Դիպուկահարներով։ Մամուլը ողողված է չհերքվող նյութերով։ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, նույն ինքը՝ Շիշ բռնողի հարսանիքն էր։ Դատելով տեսանյութերից, լուսանկարներից, շքեղ հարսանիք էր կազմակերպել «բետոնե հիմքերով տների թշնամի» դեպուտատը։ Ուղղակի ամոթ ու ափսոսանք ես ապրում այն տեսարանից, որ բացվում է քո առաջ։ Որևէ իշխանական գործիչ, առավել ևս՝ երկրի ժամանակավոր ղեկավարն ու իշխանական թիմը իրավունք չունի այս օրերին որևէ հանգիստ կազմակերպելու, քեֆ կազմակերպելու, որևէ խնջույք անելու դուք տվել եք գերիներ, ունեք անհետ կորածներ, չհուղարկավորված ջահելներ, ոսկի տղերք, որոնք գնացին ձեր պատճառով։ Դուք իրավունք չունեք քեֆ անելու։ Մեր երկրում կրակում է թշնամին, մարդիկ ահ ու դողի մեջ են ապրում, թշնամու անօդաչուն գրեթե մայրաքաղաք է հասնում, արդեն 2 ու կես մաիս է՝ մեր երկրում կան հազարավոր ադրբեջանական զինվորներ, Սև լճի հատվածում երկու զինծառայող է անհետացել, մամուլը գրում է՝ գերի են ընկել, Նիկոլենք խաբար չեն, ո՞նց եք քեֆ անում, ձեր թևերը ո՞նց է բարձրանում, որ պարեք։ Ի՞նչն էիք նշում։ Վստահ եմ, հայրենիքի կենացն էլ չեք մոռացել խմել, էն հայրենիքի, որն էսքան տառապանք բերեցիք։

Ես, օրինակ, ուղիղ մեկ տարի է՝ չեմ մասնակցում որևէ ուրախ առիթի, որտեղ լինելու է երգ, պար, չեմ մասնակցում որևէ կնունքի, ծնունդի, հարսանիքի, շուրջ 10 նման արարողության հրավեր եմ մերժել։ Պարելդ չի գալիս, ինչի՞ մասնակցես, ի՞նչ սրտով ուրախանաս, ինչի՞դ վրա ուրախանաս։ Չկա տրամադրություն որևէ բանի։ Քեզ մեղավոր ես զգում էն տղերքի համար, որ գնացին։ Քո միջով անցկացնում ես կատարվածը։ Այո, կյանքը շարունակվում է, բայց դու չես կարող շարունակել, երբ հաշիվներդ չես փակել ընդամենը վերջերս կատարվածի հետ։ Իսկ էդ հաշիվը երկար ժամանակ է բաց մնալու։

Դու՝ երիկրի ղեկավար ես, ոչ բարով, բայց հարսանիքի քավոր ես, քեֆ ես անում, հաջորդ օրն էլ ոստիկանական զորքը հանում ես ոտքի, որ քեֆդ շարունակես բնության գրկում։ Մեռնելիք է։

Չանե՞ր Հայկ Սարգսյանը հարսանիք։ Նրա՝ Շիշ բռնողի թիմի պատճառով մեր երկրում պատերազմ է եղել, հայրենիք ենք կորցրել, 5 հազար զոհ ենք տվել, անտուն մարդիկ ունենք, վիրավորներ ունենք։ Նա պետք է չոքեչոք գնար բոլոր շիրիմների վրա, հարսանիքի գումարով էլ անտուն ընտանիքներին տանիքով ապահովեր։ Սովոր եք գնալ Եռաբլուր, խոնարհվել, ձեռքեր պաչել, ցուցադրաբար, իսկ իրիկունը գնալ խնջույքի, էս ա տեսակը։ Այո, մեր երկրում պետք է լինեն հարսանիքներ, ծնունդներ, ավելի շատ, որովհետև սերունդ ենք կորցրել բայց պետք է լինի անաղմուկ, հանգիստ, փոքր կազմով։ Մեկ անձի հարսանիքը մեր երկրում երբեք չէր դառնա քննարկման նյութ, եթե դա աներ զուսպ։ Մի՛ զարմացրեք, մի՛ արեք ցուցադրական, արեք էնպիսի կազմով, որպեսզի ժողովուրդը ինքը չամաչի ձեր փոխարեն։

Պետք է պաշտոնյան իր վարքով քեզ օրինակ լինի, ձգտես նմանվել նրան։ Վերջին երեք տարում ի՞նչ օրինակ է ձեզ, ինձ համար դարձել նիկոլական էս խմբակը, Նիկոլը ի՞նչ օրինակ է, ինչի՞ հետ է ասոցացվում, Շիշ բռնողը, մյուսները։ Էն մեկիդ ախպերն է աջ ու ձախ կրակում, էն մեկդ միկրոֆոնի գող է, էն մյուսը սպառնում է բոլորին։ Բայց ի՜նչ թիմ եք հավաքել։

Այսօր վերաքննիչում դատ էր, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցն էր։ Զավեշտը դա չէ, զեվշտն այն է, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ ոչ մի պարագայում Սյունիքի համայնքապետերը դուրս չգան բանտից, քանի դեռ Սյունիքի վերաբերյալ Փաշինյան-Ալիև տանդեմի ծրագրերը չեն իրականացել։ Այդ առիթով ԱԱԾ-ն առևանգեց վերաքննիչ դատարանի մակագրումների համակարգիչը, ու արդեն դատարանի նախագահը ձեռքով է մակագրում բողոքները։ Ու «պատահաբար» Փարամազյանի բողոքը մակագրվեց Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ համբավն ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին, որի վարկանիշտը զրոյից ցածր է։ Պարզ չէ՞, որ Փարամազյանին ու մյուս համայնքապետերին փորձելու են պահել կալանքի տակ։ Համայնքապետերը խիզախ են ու խանգարում են Սյունիքի հետ կապված պլաններին։ Իսկ ՆԻկոլը մտադիր է տալ, զիջել, որպեսզի առանց գլխացավանքի հանգիստ հարսանիքներ անի, կնունք ու ծնունդներ։ Իրենց պատճառով զոհվածների դիերը լցնեն նկուղներում ու քեֆ անեն։

Կարճ ասած՝ այս իշխանությունը վայրենիներին բնորոշ ամեն ինչ արել է, արել է ամեն տեսակի հանցագործություն, արտոնել է ամեն տեսակի հանցանք, մարդասպանություն, դավաճանություն, հարստահարում, թալան, կոռուպցիա, չկա մի բան, որ չեն արել։ Անցել են բարոյականության բոլոր արգելված գծերը։ Հայաստանի բոլոր ժամանակների բացասական երևույթների, վատ բարքեռրի մարմնացումն են։ Մի բանի համար եմ ափսոսում՝ մեր տղերքի։ Ափսոսում եմ, որ գնացին ու սրանց պատճառով, սրանց համար զոհվեցին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ