Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամը դժգոհում էր, որ գիտութանը հատկացվել է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որ էդպես գիտնական չեն պահում, երկիր չեն պահում, ու կրթության մասին նոր օրենքը հավասարեցնում է Շուշիի հանձնմանը։ Գիտե՞ք համեմատությունը որոշակի առումով տեղին է, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ քննադատել են օրենքը, բայց այն մնում է։ Տպավորություն է, թե էս ամենն ի սկզբանե արվել է ի շահ թշնամու․ հիմա ինչ կատարվում է՝ այդպես է ընկալվում։
Մի քանի անգամ ասել եմ՝ երբ ասում ենք Շուշիի հանձնում, նկատի չունենք միայն Շուշին, ուղղակի նա բոլոր հանձնումների խորհրդանիշն է, ինչպես որ առաջ հաղթանակների խորհրդանիշն էր: Եվ այս պարագայում Շուշին հանձնելը միայն զենքով կռիվը չէր։ Այդ հանձնման նախապատրաստումը շատ երկար է տևել։ Գիտնականն օրինակ է բերում կրթության մասին օրենքը, հիմա կբերեմ վերջին 2 տարի 9 ամսվա փաստեր, որոնք կատարել է այս իշխանությունը՝ տեսնենք՝ դրանցից քանի՞սն էին հավասարազոր Շուշիի հանձնմանը, քանի՞սն էին դրա նախապատրաստումը, ու քանիսն են դեռ Շուշիի կրկնակի հանձնման վտանգ պարունակում։
Այ, օրինակ՝ Շուշիի հանձնմանը հավասարազոր կամ գոնե նախապատրաստող չէ՞ր Նիկոլի թիմակից Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղաշրջումն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը: Եվ այո, արդյո՞ք դա նախապատրաստումը չէր այդ հանձնման։ Դրան հավասարազոր չէ՞ր այն, որ պաշտոնավարման սկզբից մինչև հիմա Նիկոլ Փաշինանն Արցախի իշխանություններին հետևողականորեն անվանել է ընտրված ներկայացուցիչներ:
Եկեղեցու դեմ էն աստիճանի անմարդկային գրոհ է, որ քաղաքացիները, հավատավոր ժողովուրդը ստիպված է գնալ-հերթապահել Մայր Աթոռի մոտ, որ սրիկաները չկարողնանա կաթողիկոսի վրա գրոհել։ Շուշիի մի հանձնում էլ սա է։ Տխրահռչակ ստամբուլյան և լանզարոտեի կոնվենցիաները, որոնց նպատակը սերունդների հերն անիծելն է, սրբապղծությունը դպրոց մտցնելը, հավասարազոր չէ՞ Շուշիի հանձնմանը: Իսկ ո՞վ ասաց, որ Շուշին ընկավ նոյեմբերի 9-ին: Էն որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը ոչ պարտադիր է դարձել, մերժվել է ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, դպրոցական ծրագրերից հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն», «Ռազմագիտություն», «Հայրենագիտություն» առարկաները կամ օրակարգում է ակադեմիայի լուծարումը, սրա՞ն ինչ կասեք։
Հայաստանում փակվել է ամենակարևոր ոլորտներից մեկը՝ գյուղատնտեսությունը համակարգող նախարարությունը, մի տարի հետո իմանում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են հանգիստ բերել ու գյուղմթերքով լցնել մեր շուկան, ոչնչացնել մեր մրցունակությունը։ Հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ փաստի առաջ են կանգնել:
Սրանք Շուշին շատ վաղուց էին հանձնել, էն ժամանակ, երբ Հայաստանում բարձր պաշտոններ ստացան նրանք, ովքեր Ռուսաստանի դեսպանատան ու ռազմաբազայի մոտ բողոքի ցույցեր էին անում, Նավալնիների համար էին բողոքում: Էն ժամանակ, երբ այս իշխանությունը դիմակավորված մտավ ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ ու սկսեց անկապ գործեր հարուցել՝ Պուտինի վրա իբր ճնշում բանեցնելու համար, իբր գազի գնի համար, բայց հետևողական քանդեց հայ-ռուսական կապերը, վստահությունը։
Շուշիի հանձնմանը հավասարազոր էին էն բոլոր խոստումները, որոնք այս իշխանությունը տվեց ու տիրացավ գահին, բայց մոռացավ անմիջապես: Խաբեց վարորդներին, թե արագաչափեր ու կարմիր գծեր կհանենք, խաբեց տաքսիստներին, թե լիցենզիան կհանենք, խաբեց բոլոր աշխատողներին, թե պարտադիր կուտակային համակարգը կվերացնենք, խաբեց զինծառայողների հարազատներին, թե ձեր զինվորին այլևս բատինկա ու տուլիկ չեք ուղարկի, բոլոր գործազուրկներին խաբեցին, թե ներդրում կբերենք, կաշխատեք, ընդունելի աշխատավարձն էլ կսկսի 500 հազար դրամից, դիպլոմավորներին խաբեցին, թե արդարության սկզբունքով կլինի պաշտոնների բաժանումը, ոչ թե ԽԾԲ սկզբունքով, սփյուռքահայերին խաբեցին, թե նոր դրախտ ենք կերտում, կվերադառնաք, բոլորին խաբեցիք, թե վենդետա չի լինելու։ Հենց էս ժամանակ դուք խաբեցիք ու թուլացրիք մեր ներուժը, դավադիտ արեցիք ու հանձնեցիք Շուշին: Շաքարի գործարան, բալոնների գործարան, հայկական տեխնիկայի գործարան, Թեղուտի հանքավայր, Ալավերդու գործարան և մյուսները, որ խոստացաք ու չբացեցիք, մարդկանց մղեցիք աղքատության ու արտագաղթի, պակա՞ս դավաճանություն էր:
Դե հիմա ասեք՝ Պատվերով ու զանգով արդարադատություն անելը, վարչապետի խնդրանքով արդարադատություն անելը, վարչապետի կոչով դատարանները շրջափակելը, հավասարազոր չէ՞ Շուշիի հանձնմանը: Չորս գեներալ գնդապետներից երեքի դեմ քրգործի հարուցումը, պատերազմող երկրի գեներալ գնդապետներին գործազուրկ թողնելը հավասարազոր չէ՞ Շուշին հանձնելուն։
Շուշին հանձնեցիք էն ժամանակ, երբ սկսեցիք սուտ խոսել, երբ պետությունը սկսեց ստել։ Երբ երկրի վարչապետի անունը կապվում է զենքի, ծխախոտի, ադամանդի առևտրի հետ, այն էլ՝ ապօրինի, սա հավասարազոր չէ՞ դավաճանության։ Երբ կադրային դիվանագետներին ու սպաներին աշխատանքիօց ազատում ես, քանի որ նախկին իշխանության հետ ինչ-որ կապեր ունեն, ու նրանց փոխարեն ոլորտ ես բերում նորելուկների, դա հավասարազոր չէ՞ Շուշին հանձնելուն: Էն, որ Հայաստանը լեփ-լեցուն է թուրքական գործակալներով, Սորոսի գործակալներով, որ մեր ԱԺ պատգամավորները թուրքերի հետ դպրոցական առարկայի չափորոշիչների են սահմանում, իսկ ԱԱԾ-ն էլ հանձնարարություն է ստանում սատանա բռնելու, մեր անվտանգությունն թուլացում չէ՞ր։
Հայաստանից ներդրումները փախչում են, տնտեսական անկումը եղել է 7,5 տոկոս, վարկերի հաշվին ենք ապրում, սա դեռ նոր Շուշիների հանձնում է։ Շուշին էն ժամանակ չհանձնվե՞ց, երբ հայրենիքն ազատագրած հերոսների, խոշոր ներդրողների փոխարեն սկսեցին ֆիլմ նկարել սեռափոխների մասին, տրանսգենդերը զավթեց խորհրդարանի ամբիոնը՝ իշխող խմբակցության պատգամավորի հրավերով, իսկ այդ սեռական փոքրամասնության կոլեգաներն էլ ծեծի ենթարկեցին ոստիկաններին հենց ոստիկանության բաժնում: Շուշին էն ժամանակ չհանձնվե՞ց, երբ ինչքան անփորձ ու անարժեք մարդ կար, լցվեց կառավարություն ու Ազգային ժողով:
Շուշին էն ժամանակ չհանջձնվե՞ց, երբ վարչապետը հայտարարեց, որ բանակում ամեն ինչ կարգին է, քանի որ տրուսիկ-մայկայի ու ելակի խնդիր չունեն, Շուշին էն ժամանակ չհանձնվե՞ց, երբ սպառազինության բյուջեն կրճատեցին, իսկ բյուջե մտած գումարներն էլ ուղարկեցին պարգևավճարին: Էն, որ գնաճի պատճառով մարդիկ հաց քիչ են առնում, ցրտահարությունից էլ թոշակառուն մահանում է տանը, պակա՞ս Շուշիի հանձնում է:
Արդյո՞ք Շուշին էն ժամանակ չհանձնվեց, երբ Նիկոլը Հայաստանի ղեկավարների փոխարեն սկսեց Ալիևից իմանալ բանակցությունների պատմությունը ու վերջում էլ ասաց, որ կիրթ է ու կառուցողական: Երբ հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար։ Դու Շուշին հանձնեցիր էն ժամանակ, երբ հայտարարեցիր, որ եթե տեսնես Ալիևի հետ չի ստացվում պայմանավորվել, հեղափոխություն կանես Ադրբեջանում: Դուք Շուշին հանձնեցիք էն ժամանակ, երբ երկրորդ նախագահին նստացրիք բանտ, քրգործ սարքեցիք գլխին միայն նրա համար, որ հնարավորություն չունենա Շուշին հանձնելու ձեր ծրագրերը խափանելու: Էն որ հիմա Հայաստանի սահմաններն ադրբեջանցիներն են գծում դա նույնպես հավասարազոր է Շուշի հանձնելուն:
Էն, որ մարդիկ գլուխ են ջարդում երկրից գնալու համար, դա ավելին է, քան Շուշին հանձնելը, դրանով հանձնում ես նաև Հայաստանը: Վերջապես, դուք Շուշին հանձնեցիք էն ժամանակ, երբ համաձայնեցիք Շուշին հանձնելու համար գալ իշխանության: Էդ որ գիտնականը ասում է՝ կրթության մասին նոր օրենքը հավասարազոր է Շուշիի հանձնմանը, ճիշտ է ասում, բայց տեսեք, թե մեր փոքրիկ երկրում դեռ քանի՜-քանի բան է հավասարազոր դրան։
Կարճ ասած՝ Շուշին, այո, վաղուց էր հանձնված, մեր պետությունը վաղուց է թուրքերին հանձնված, մեր երկրում երկուսուկես տարի իշխում են թուրքերը: Այո, թուրքերն մեր երկրում ավելի ազդեցիկ են, քան ժողովուրդը, նրանց ուզածը արագորեն կատարվում է, իսկ ժողովրդինը՝ ոչ մի դեպքում։ Երբ առանց հասկանալու ու իմանալու ենթարկվում էիր, ժողովուրդ, փառաբանում էիր, էլի հասկանալի էր, բայց որ հա՛մ գիտես էս ամենը, հա՛մ դեռ ենթարկվում ես, դա չեմ հասկանում ու չեմ հասկանա բոլորովին:
Մենք դրել ու լուրջ դեմքով ասում ենք՝ Շուշին հանձնեցին, բայց ախար Շուշին վաղուց են հանձնել ու նոր Շուշիների հանձնում են նախապաստում։ Հըն, ժողովուրդ, գո՞հ ես, սենց շարունակվի՞․․․
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը