29 01 2021

«Կարճ ասած»․ Ֆիքսեք Նիկոլի ոստիկանության դեմքը։ Էս ատելությունը սրբել-տանելու է



Արդեն երկրորդ անգամ ականատես եղանք մի խայտառակ պատկերի․ հետախուզվողը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակում է մի քանի անգամ, հետո իր 3-ամյա որդուն մոտը պահում ու սպառնում, թե՝ բռնել եք՝ կվնասեմ էրեխուն։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը գնում-բանակցում է, զինաթափում է։ Զավեշտը կատարվում է դրանից հետո։ Հանցագործը, տեսախցիկի առաջ ոստիկանապետի հետ հանգիստ քայլում է ծխելով։ Ոստիկանապետի մերկ ձեռքին էլ դրա զենքն է։ Կողքներին լիքը ոստիկաններ կան, մի մասը՝ դիմակով։ Հանցագործին  նստեցնում են հենց ոստիկանապետի ավտոմեքենան ու տանում։ Չկա ձեռնաշղթա։ Կրկնում եմ՝ տղամարդը ատրճանակով կրակել էր, պատանդ էր վերցրել իր երեխային, կասկածվում էր թմրանյութ պահելու մեջ: Սա առաջին դեպքը չէ: Նախորդ տարվա հունվարի 23-ին էլ ոստիկանապետ Արման Սարգսյանը Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն մուտք գործած ահաբեկչին իր մեքենայով ուղեկցեց, էլի առանց ձեռնաշղաթաների։ Ինչպես ասում են՝ առոք-փառոք։ Մնում էր մի հատ էլ շոմպայն հյուրասիրեին։ Դե ամոթ ա, էլի, մենք հո ահաբեկչին չենք նվաստացնի, ասֆալտին փռենք, կարող ա՞ նրանք իրավապաշտպան են կամ արվեստագետ, որ մի հատ հավեսով կանդալենք։

 

Էս ֆոնին, երեկ հրապարակում ցույցի մասնակիցներին, որոնք Նիկոլի հրաժարականն էին պահանջում, ոստիկանները քաշքշելով բաժին էին տանում։ Ուզում եմ ֆիքսեք Նիկոլի ոստիկանության դեմքը։ Սա Հայաստանի նոր ոստիկանությունն է, այսպիսին երբեք չի եղել, որտեղ ահաբեկչի ճակատը պաչում են, ցուցարարին՝ ստորացնում, ձեռնաշղթաներ են հագցնում, ծեծի են ենթարկում։ Ի՞նչ էր անում ոստիկանությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին, Սորոսի գործունեությունը Հայաստանում արգելել պահանջողներին, համավարակի անկապ սահմանափակումների դեմ բողոքողներին, հազար ու մի քաղաքական ցույցերի մասնակիցներին, հատկապես՝ հայրենիքը վաճառած Նիկոլի դեմ բողոքողներին։ Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին ոստիկանները ձերբակալելիս վնասում էին, ցուցարարին այնպես էին ձերբակալել, որ ուշագնաց էր եղել, ԱԺ պատգամավորին գետին էին շպրտում, քարշ տալիս, լրագրողներին քաշքշում էին, աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանի վրա հարձակվել էին մի 10 հոգով։ Ասես թե այդ մարդիկ են երկրի հիմնական սպառնալիքը, այլ ոչ օտարի կողմից ֆինանսավորած իշխանականները։

Ինչո՞ւ։ Կհարցնեք։ Որովհետև ահաբեկիչը Նիկոլի համար վտանգ չի ներկայացնում, ջհանդամ, թող մի երկու հոգու էլ սպանի, մեկ է՝ Նիկոլը արյան սովոր է նույն ահաբեկիչները կակ ռազ կարող են օգտակար լինել ընդդիմության դեմ պայքարում։ Իսկ հրաժարական պահանջողները իր համար վտանգավոր են, լրագրողները վտանգավոր են՝ հարցեր են տալիս անհարմար։

Այսօր՝ հունվարի 29-ին, դատական նիստ էր․ փաստաբանները պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլի նկատմամբ։ Էդ մարդը բունկերից ուղիղ եթեր է մտնում ու զինված խմբերին կոչ անում գալ և վրեժ լուծել զենքով։ Գլխավոր դատախազությունը այդտեղ քրեական գործի հիմք չի տեսնում, ՀՔԾ-ն չի տեսնում։ Փաստաբանները բողոքարկել են դատարանում ու գիտե՞ք ով է դատավորը՝ հայտնի Մնացական Մարտիրոսյանը։ Նշանակում է, որ փաստաբանները կարող են իզուր ժամանակ չմեռցնել, էդ դատավորից նորմալ բան սպասելի չէ։ Նա Արմեն Դանիելյանի, Արտուշ Գաբրիելյանի ու մի քանի այլ դատավորի հետ համարվում է ամենածառայամիտը․ եթե իշխանությունը ասի մածունը սև է, նրանք մածունը սպիտակ է ասողներին ցմահ կտան։ Նրանք իրենք իրենց էլ կախաղանի կդատապարտեն, բայց էնպես կանեն, որ Նիկոլի կիսաքյաչալ գլխից այլևս ոչ մի մազ չպակասի։

Կրկնում եմ՝ Նիկոլը, որը գաղտնի կապիտուլյացիա է ստորագրել, ժամ հետո եթերում կոչ է անում քաղաքացիական պատերազմի, իրավապահ համակարգը գետնի տակ է անցնում բայց հունվարի 28-ի միտինգից 21 հոգու բերման է ենթարկում ոստիկանությունը, քննչական կոմիտեն մի քանիսին ձերբակալում է՝ կառավարության շենքը զավթելու փորձի մեղադրականով, էն մեկին էլ՝ Նիկոլին սպանությամբ սպառնալու համար։ Ես չեմ անդրադառնում հարցին՝ նրանց արածը օրենքով է, թե ոչ, ես ասում եմ, որ 5 հոգու ձերբակալում են նրա համար, որ փորձել են մտնել պետական հիմնարկ, իսկ Նիկոլը Ռադիոտունը զավթում է դուռը ջարդելով, բերում-սարքում են վարչապետ, հետը եղածներին էլ՝ նախարար-դեպուտատ։

Քաղաքացիները Նիկոլի հետ խոսում են արդեն Նիկոլի լեզվով, բայց չգիտես ինչի՝ նա վարչապետ է դառնում, իրենք՝ ամբաստանյալ։ Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք ծառայամիտ, խղճուկ, ա՛յդ անձնավորության համար աշխատող ոստիկանություն, նույնպիսի դատախազություն, քննչական կոմիտե, ՀՔԾ և այլն։ Էնտեղ ծառաներ են, որոնք պատրաստ են կատարել Նիկոլի ցանկացած ապօրինի հրահանգ ու այդպես էլ չնկատել իր ու իր քայլածների ապօրինությունները։

Հենց էդ մարմիններին եմ դիմում՝ դուք գոնե մտածում ե՞ք, թե այս վիճակը ինչի համար է։ Երկրում անհնազանդություն է ամբողջությամբ, էդ ալիքը մեռցնել հնարավոր չի լինելու, քանի դեռ Նիկոլը չի գնացել։ Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանից մեղմ ասած՝ զզվողները և նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցանկացողները շատ են։ Հիմա տասը հոգի արտահայտվում է, երկու միլիոնը չի արտահայտվում։ Նիկոլ Փաշինյանը պետք է Հայրենիքի փրկության շարժմանը ղուրբան լինի, Վազգեն Մանուկյանի ոտները լվա, ջուրը խմի, որովհետև էդ շարժման գոյության պատճառով է, որ ռադիկալ քայլեր անողներ դեռևս չկան։ Նրանք ակցիաները բերեցին քաղաքական հուն, նորմալ հուն։ Չնայած այն ամենին, ինչ արել է Փաշինյանը, նրա նկատմամբ վերաբերմունքը եղել է շատ մեղմ։ Մի՛ մոռացեք, հազարավոր մարդիկ հայրենիք ու զավակներ են կորցրել, և վստահ են որ հենց նրա մեղքով։ Բայց Նիկոլն այնքան անշնորհակալ էր, էնքան եսասեր ու տմարդի, որ սա չգնահատեց, չգնաց։ Բնականաբար, եթե հրաժարական պահանջողները հաջողության չեն հասնում, գալիս են մարդիկ, որոնք ավելի կտրուկ բաների կոչ են անում ու պատրաստ են կոչը իրականացնել։ Դա օրինաչափ է։ Դուք տեսել ե՞ք, որ ամբողջ քաղաքը լցված է «վերացնել դավաճանին» թռուցիկներով։ Իշխանություն, հասկացեք վերջապես, դուք մարդկանց ստիպում եք, որ ամեն օր ատեն ձեզ, որովհետև հա՛մ հրաժարական չեք տալիս, հա՛մ էլ Նիկոլի ուսապարկերը փոխանակ սսկվեն, հայտարարում են, թե 5 հազար զոհը, 15 հազար վիրավորը, էդքան գերիները, հայրենիքի կորուստը քիչ ա, որ Նիկոլի հրաժարական պահանջվի։ Այսինքն իրենց ցինիկ տրամաբանությունը այն է, որ ոչ միայն կարիք չկա, որ պատժվի գերագույն գլխավոր վարի տվողը, այլ պտի մնա ու շարունակի, կարծես բան չի էլ եղե՞լ։ Մարդկանց հանում եք հունից։

Ցավում եմ, որ երկիրը հասել է էս վիճակին, որ մարդու մտքով անցնում է բռնության կոչեր հնչեցնել։ Բայց եկեք ճիշտը խոսենք՝ էս բռնության կոչերը որտեղի՞ց եկան։ Արդյո՞ք առաջինը Փաշինյանը չէր, որ հայտարարում էր ասֆալտին փռելու մասին։ Բա սիրում ես փռել, կսիրես նաև փռվել։

Էս ամենում մեղավոր է նաև ոստիկանությունը, որովհետև բառացի էր ընկալում Փաշինյանի խոսքն ու իսկապես փռում էր, ձերբակալում ու ծեծում էր, արյուն էր հանում։ «Հանդուրժող» ոստիկանության սպան, մարզային ոստիկանության բարձր պաշտոնյա, օրումեջ ֆեյսբուքյան էջը ողողում է նախկինների դեմ ատելությամբ ու վատ քոմենթներով․ նա ֆեյք չէ, նա ոստիկանության սպա է, բավականին բարձրաստիճան։ Ձեր կարծիքով էդ ամենը մարսելու ե՞ք, ձեր կարծիքով վաղը Նիկոլից հետո ձեր էդ որակով աշխատելու եք որպես օրենքի պահապա՞ն, թե գնալու եք նրա հետ։

Կրկնում եմ, ոստիկանությունը կարող է էսքան ծառայամիտ չլինել։ Ցույց տվեցիք, որ ձեր մեջ կան թասիբով տղերք, որոնք հայրենիքը վեր դասեցին Նիկոլի հրամանները կատարող ստրկամտությունից։ Նրանք հարգեցին մեր հայրենիքը, հարգեցին էն ոստիկանների հիշատակը, որոնք անհասկանալիորեն զոհվեցին Շուշիում, անկապ տեղը, դեռ կռիվ չտված։ Դուք էլ կարող էիք հարգել հիշատակը, բայց դուք գերադասեցիք լինել Նիկոլի կամակատարները։ Ես մեղադրանքս ուղղում եմ ոստիկանության ղեկավարությանը, հրահանգ տվողներին կատարողներին էս պահին բան չեմ ասում, ընտանիք պահելու հարց են լուծում, իսկ հրահանգ տվողները քաղաքականություն են առաջ տանում։ Կոկորդիլոսագետն ասում էր՝ ոստիկանությունն օրվա իշխանության ծառայողն է։

Հիմա դուք չեք կարող պահանջել հասարակությունից հարգանք մի ոստիկանության նկատմամբ, որը ահաբեկչի ճակատը պաչում է, իսկ իրավապաշտպանին՝ փռում ասֆալտին։ ՊՊԾ պետը ձիու պես քացի է տալիս ցուցարարին։ Երևի իրեն թվում է, թե այդ ամենը մոռացվելու է։ Խո՛սք եմ տալիս՝ ո՛չ, չի մոռացվելու։

Կարճ ասած՝ ոստիկանության միջոցով Նիկոլ Փաշինյանը մարդկանց մեսիջ է ուղարկում նրանք վախի մթնոլորտ են ստեղծում, թե՝ տեսեք, այլևս չպահանջեք գերիների վերադարձ, չպահանջեք հրաժարական հայրենիքը վարի տալու համար, չպահանջեք ձեզանից խլած տունը վերադարձնել կամ փոխհատուցել, խոստումները չկատարելու համար չհամարձակվեք բողոք անեք։ Ուրախեմ, որ վախեցնելը չի ստացվում, ոչ մեկին էլ վախեցնել չկարողացաք։ Դժգոհությունը շատ է՝ հազար ու մի թեմաներով, Էն մեկին կբռնեք, մյուսին կվախեցնեք, երրորդին շանսատակ կանեք, բայց բոլորին լռեցնել չեք կարող։ Էս ալիքը մեծանալու է, սրա տակ չեք դիմանա։ Դուք շուրջ երեք տարի ամեն օր ատելություն եք քարոզել ու էդ ատելությունը ձեզ սրբել-տանելու է։

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ