26 01 2021

«Կարճ ասած»․ Ո՛ր նախկինները պետք է գան և ինչու



 

Հայաստանում ամենաանառողջ դիսկուրսը շարունակում է մնալ նախկին-ներկա արհեստական օրակարգը։ Մեր ունեցած, նախկինից մնացած ու հաղթանակած Հայաստանը ձախողվել է, քայքայվել է՝ «Միայն թե նախկինները չգան» արատավոր լոզունգի պատճառով։ Այս բառակապակցության ներքո մենք թողեցինք լիքը սրիկայություններ անեն ու դեռ անում են։ Մարդիկ ասում են՝ հրապարակ կգնայինք, բայց 17 ուժերի մեջ նախկիններ կան։ Նախ այնպես չէ, թե միայն նախկիններն են․ բայց հետո՞ ինչ, որ նախկիններ կան, այդ ի՞նչ է, այդ նախկինները ավելի վատն են քան սրա՞նք, որ Արցախը նվիրեցին թուրքին։ Շատ եմ ուզում մեկընդմիշտ անդրադառնանք ու փակենք հարցը։

Լավ, եկեք փորձենք։ Սկսենք ամենակարևոր հարցից․ ի՞նչ են թողել այդ այդքան «ատելի» նախկինները այս նոր ապիկարներին: Թողել են ամենակարևոր բանը՝ անվտանգ պետություն, ապահովություն, դուք և մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել գլուխներս բարձր քայլել որևէ երկրում, մենք մեր երկրում շրջագայելիս գերի չենք ընկել, մարդկանց չեն կանգնեցրել տունը վառելու ու փախչելու փաստի առաջ։ Տվել են հայրենիք, որի տնտեսությունը հնարավոր է քիչ, բայց կայուն աճ էր գրանցում։ Այդ նախկիններն են որ, տվել են Երկու պետություն, տվել են տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը սրանք երկու տարվա մեջ սարքեցին չուլ։ Պետության մեջ ենթակառուցվածքներն են զարգացրել, կառավարման ինստիտուտներ են ներդրել․ այնպես են սարքել, որ սրանք երկուսուկես տարի ոնց ուզում-քանդում են։ Քանդում են ինչ հնարավոր է, իսկ երբ դժգոհություն է ի հայտ գալիս, հանրությանը վախեցնում են՝ ահա, եթե մեզ դեմ եք, կգան նախկինները։

Ոչինչ չանող, ոչնչի ընդունակ ու միամիտ մարդկանց գլուխը լցրեցին, թե դու վատ ես ապրում, որովհետև նախկինները թալանել են։ Ու մարդը սկսեց իր բոլոր դժբախտությունների համար, իր չաշխատելու համար, դիվանին պառկելու համար մեղադրել նախկիններին, թե՝ մեզ թալանել են։ Բայց չեն էլ իմանում, թե այդ ո՞ր փողերն են թալանել։ Ի՞նչ ուներ ինքը, որ իրենից տարել են այդ նախկինները։ Շատ հարմար է՝ ինչը մարդու կյանքում այն չէ, նախկիններն են մեղավոր։

Իսկ իրականում արդար ու անարդար դժգոհությունները խառնվեցին իրար։ Բերեցիր քո պատկերացմամբ արդարներին, բայց էլի չես աշխատում, էլի ունես լիքը խնդիրներ, գումարած դրան՝ չունես անվտանգություն, կյանքիդ իրավունքը արդեն անգամ ո՛չ Նիկոլի, այլ՝ թուրքերի ձեռքին է։ Բայց փաստ է՝ էլի վատ ես ապրում, էլ ավելի վատ։ Եթե նախկինները մեղավոր էին, որ դու վատ էիր ապրում, բա հիմա՞ ինչի ես վատ ապրում, բա ինչու այս 3 տարվա մեջ չերջանկացա՞ր որ։

Ամենաապուշ ու ախմախ թեզը՝ նախկինները հողերը ծախել էին։ Ցնդաբանության գագաթնակետը։ Ով դրան դեռ հավատում է, դուք բացառիկ եք․ Նիկոլն ասում է՝ ես կայացրել եմ ցավալի որոշում, ստորագրել եմ էդ անտեր կապիտուլյացիան, ասում է՝ ավելի շուտ չեմ արել, որ չասեք դավաճան է, դրա համար մարդկանց տարել եմ մահվան, բայց այդ բացառիկներն, անգամ այդքանից հետո ասում են՝ նախկիններն են մեղավոր, նրանք էին ծախել։ Նախկիննե՞րն են սկսել Նիկոլի կետից, նախկիննե՞րն են ռազմական բյուջեն կրճատել, նախկիննե՞րն են հակաօդային միջոցների փոխարեն ելակ առել, նախկիննե՞րն էին լիֆտում խոստումներ տվել Ալիևին, որ չեն կրակի, նախկիննե՞րն էին Ալիևի մոտ բանագնացներ ուղարկել, նախկիննե՞րն էին 44 օր մեզ ասում, թե հաղթում ենք, պարզվեց՝ առաջին իսկ օրվանից պարտության են տարել։ Նախկիննե՞րն էին գեներալներին շտաբից հանում ու Աննային թողնում ցուցումներ տար հրամանատարներին։ Նիկոլը չէ՞ր ասում՝ մենք արդեն էնպիսի զենքեր ենք բերել, որ թուրքերի հերը կանիծենք։ Բա անիծեիր։ Ի՞նչդ էր պակաս։ Պակաս էր՝ ամեն ինչ անեիր պատերազմ չլիներ, ոչ թե մեծ մեծ խոսայիր, բանակցությունները տապալեիր, ռուսների հետ հարաբերությունները պոլին տայիր, ինչ է, թե սորոսենց սրտով չէ։

Այս հակապետական քարոզիչները կարողացան ձեր աչքին էնքան թոզ փչել, որ գերխնդիր եղավ ոչ թե պետությունը զարգացնելը, պատերազմում հաղթելը, այլ՝ նախկինների չգալը։ Մարդիկ լավ ապրելու համար պայքարելու փոխարեն պայքարեցին նախկինների դեմ ու հիմա զրոյի, մինուսի վրա վրա նստած եք, ու դեռ խոսում եք։ Բացառիկ անմեղսունակ այդ քարոզիչներն ակցենտը արեցին հների վրա, որ արդարացնեն դավաճանությունը։ Էդ ամենի պատճառով ենք հասել էս օրվան։ Ներկաները չբերեցի՞ն 5 հազար զոհ, չտվեցի՞ն Արցախը, չբերեցի՞ն երկնիշ տնտեսական անկում։ Հը, սրանք չե՞ն այդ ամենը բերել ձեր ու մեր գլխին։

Եվ հիմա որ ասում եք՝ նախկինին վերադարձ չի լինելու, ո՞ր նախկինին վերադարձ չի լինելու, հստակեցրեք։ Երկնիշ տնտեսական աճի՞ն, 12 հազար քառակուսի կիլոմետրանոց հաղթած ու ազատ Արցախի՞ն, խաղաղ ապրելակերպի՞ն, Ռուսաստանի, Իրանի հետ բարեկամական հարաբերությունների՞ն, աշխարհի հետ հավասարակշիռ կեցվածքի՞ն, ամենաանվտանտգ երկիրը լինելու տիտղոսի՞ն։ Ինչի՞ն վերադարձ չկա։ Նախկիների ժամանակ ո՛չ Ադրբեջանն էր գծում մեր սահմանները, ո՛չ էլ ռուս խաղաղապահները։

Այո, կոռուպցիային պետք է վերադարձ չլինի։ Բայց կոռուպցիան չի էլ գնացել, որ վերադառնա, այլ ծաղկել և էլ ավելի է լկտիացել սրանց օրոք։ Ամենաթալանչի կադրերը, կոռուպցիոներները պաշտոն են ստանում․ ինչքան նախկին կոռուպցիոներ ու օլիգարխի անուն գիտեք, փնտրեք էս իշխանության ճամբարներում։ Ասում եք՝ նախկինին վերադարձ չկա, բայց վերադառնում են Ջհանգիրյաններն ու անդոնքոչարյանները։ Սրանց վերադարձ պետք է չլիներ, ոչ թե հաղթանակած բանակի ու զարգացող պետության։

Մերժեցիք Սերժին, ստացաք դավաճան Նիկոլին։ Չասեք նախկինների գովքն ես անում, ես ուզում եմ հասկանաք, տեսնեք ի վերջո, որ էդ նախկին-ներկա բաժանումը հիմարություն է։ Գիտե՞ք ձեր ասած նախկինների սխալը որն էր․ իրենք իրենց չէին քարոզում, չէին գովազդում։ Նիկոլը երկու ամիսը մեկ 100 հատ փաստ էր բերում, ու դուք ասում էիք՝ տեսեք, շան տղեն աշխատում ա։ 100 փաստը նայում էիք, գրած էր՝ բացել եմ ԱԺ այգու դարպասները, Փոքրիկ հաղթանակ՝ բացել եմ «Կարապի լճի» կամրջակը, ամանորյա ուղերձս հնչել է ուղիղ եթերով։ Դե հիմա համեմատեք։ Ցանկացած մեկը թող վեր կենա, եթե պատգամավոր չէ, նախարար չէ, իշխանական կերակրատաշտից չի օգտվում, լավ, թեկուզ նրանք, թող վեր կենան ու ասեն՝ նախկինում այսինչ բանը վատ էր, հիմա նույն բանը լավ է։ Ո՞րը, ասեք մեկ բան։

Դուք բոլորդ հիմա սկսեք համեմատել ձեզ նախկիում ու հիմա, տեսեք՝ ինչ էիք ու ինչի եք հասել։ Դուրս եկաք, որ բան փոխվի ձեր կյանքում, բայց եղածը վարի տվեց ու միակ բանը, որ հիմա կարողանում եք անել, Նիկոլի շարասյունը տեսնելիս սիգնալ տալն է որպես հայհոյանքի նշան։ Ձեզ էդ մնաց՝ հնամաշ ավտո ու բարձր սիգնալ։ Մեզանից ոչ մի կարևոր խնդիր Նիկոլի օրոք չի լուծվելու։ Մի հոգու անուն տվեք ներկաներից, որի հետ հույս եք կապում։ Մեկ հոգու ընդամենը։

Եվ հիմա, որ դեռ մերժում եք անցյալը, իրականում՝ ձեզ անցյալում, բա ի՞նչն եք ընդունում, այս դավաճանած, պարտված, նվաստացած ու ամեն ինչ վարի տված ներկա՞ն։ Գործողները Ղարաբաղը թուրքին են տվել, երկրով մեկ լցված են թուրքերն ու թուրքի ագենտները ու խոսում են նախկինների մասի՞ն։

Ինձ՝ քաղաքացուս, այսօր հետաքրքրում է այն, որ ես իմ երկրում գլուխս կախ չապրեմ, որ իմ երկրով շրջագայելիս գերի չընկնեմ, որ ես իմ ապագան կառուցելու հույս ունենամ, որ չմտածեմ փախուստի մասին, ինձ պետք է, որ թշնամիների հետ ռիսկով բանակցող լինի, որ ես չապրեմ վախով, որ ամեն պահի թուրքի անօդաչուն կհասնի իմ տանը կամ կողքիս ռումբ կպայթի։ Ինձ սա՛ է պետք։ Պետք է, որ երկրում վերջ ի վեջո ներդրում գա, բիզնես բացեն մարդիկ․ Հայաստանից պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ փող է դուրս եկել, քան ներս է եկել։ Ինձ համար կարևորը ոչ թե նախկին ու ներկան է, այլ իմ հայրենիքի ու ընտանիքի ապահովությունը։ Ո՞վ է ընդունակ էս ամենը կարգավորելու կամ ովքե՞ր, էս դավաճանները՞։

Էսօր նախկին ու ներկայի պայքար չէ, էսօր Հայաստանի լինել չլինելու պայքար է, մեր երեխաների ապագայի պայքարն է։ Կրկնում եմ, վերջ տվեք անհեթեթություններին։ Կարևորը կարողներին ու անկարողներին իրարից զատելն է ու երկրի ղեկը կարողներին հանձնելը։ Որ չբերենք մարդու ու ընկնենք հետևից՝ սա էսպես արա, նա էնպես արա։ Էս դավաճաններից ազատվելուց հետո մենք չենք կարող իշխանության ղեկը մարդկանց տալ, որոնց չենք ճնաչում, չենք տեսել իրենց արած գործը, արդյունքը։ Ինձ համար ընդունելի չէ, որ նախկին փորձված, տեսած կադրերի փոխարեն բերենք մարդկանց, որոնց չենք ճանաչում ու նոր պետք է փորձենք։ Մի անգամ բերեցինք ու տեսնում ենք արդյունքը։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Պատերազմը չի ավարտվել, ու ես համաձայն չեմ նորից Նիկոլի ղեկավարած՝ ծախած պատերազմին զինվորագրվելու, որտեղ վերջում ես մեռնելու եմ, իսկ ինքը կյանքը վայելի։

Կարճ ասած՝ Նախկինի որոշ բարքերի, այո, վերադարձ չկա ու պետք է չլինի։ Բայց դուք նախկինների բոլոր լավ բաները մերժեցիք, բոլոր վատը պահպանեցիք ու զարգացրեցիք և ուրա՞խ եք։ Դուք հիմա պետք է մտածեք, թե ոնց անեք, որ հետ բերեք կորցրածը, ոչ թե մտածեք նախկինների գալ-չգալու մասին։ Ու հիմա, եթե կուզեք իմանալ, կան մի քանի նախկիններ, որոնց պետք է խնդրենք, որ գան։ Որ շարունակեք որպես ազգ գոյություն ունենալ։ Որ պետությունդ մնա։ Պետք է օգտագրծել բոլորի հնարավորությունները, եթե կարող են՝ անկախ նրանից՝ նախկին են, թե ոչ։ Դադարեցրեք նախկին-ներկա բաժանումները, դա աղետ է։ Չկործանվել հնարավոր է միայն ուժեղ ձեռքի պարագայում։ Ես այդ ձեռքն եմ ընտրում։ Ես էս երկրին տեր կանգնող եմ փնտրում։

Ի դեպ, քանի դեռ Հայաստանը ամբողջությամբ չի դատարկվել ու լցվել նորածիններով, մենք բոլորս էլ նախկին ենք։ Այդ թվում՝ ես, ինձ դիտողն ու չդիտողը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ