25 01 2021

«Կարճ ասած»․ Ասա՝ ի՞նչ որակի ես դու, ասեմ՝ ինչ որակի կլինի թիմդ



Վարչապետական կյանքի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է լայն թափով պաշտոն բաժանել ու առաջին հերթին նրանց, ովքեր իր հետ պետք է դատարանի առաջ կանգնեն։ Միաժամանակ, պաշտոնի են անցնում հիմնականում այդ ոլորտներում դիլետանտները։ Ընդամենը օրեր առաջ, երբ բոլորը սպասում էին, որ պետք է հրաժարական տա, Փաշինյանը ասաց, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի կարիք ունի։ Ու ի՞նչ արեց, առողջապահության նախարարին հանեց-բերեց իր աշխատակազմի ղեկավար։ Թորոսյանը պաշտոնյա է, որով պետք է լրջորեն զբաղվեն իրավապահները։ Հիշենք, այսօր գրանցվել է կորոնավիրուսից 3800-րդ զոհը։ Իսկ մասնագիտությամբ բժիշկ Արսեն Թորոսյանն ասում էր, թե դա սովորական գրիպ է։

Ուշագրավ է, որ Փաշինյանն ուզում է ռեսթարթ անել հին կադրերով, մաշեցրած կադրերով, մարդկանցով, որոնցից հանրությունը իրենից ոչ պակաս չի ընդունում, մասնագիտական շրջանակները համարում են դիլետանտ։ Ահա այսպիսի ռեսթարթ։

Գիտե՞ք, կապիտուլացիան ստորագրելուց հետո, երբ արդեն պարզ էր որ 44 օր ժողովրդին ստել են, տարել են պարտության և որի հիմնական մեղավորներ ընկալվում էին Փաշինյանը, Տոնոյանը և արտգործնախարար Մնացականյանը, սպասվում էր՝ նրանք առաջինը հրաժարականներ կտային։ Տվեցին՝ Մնացականյանը և Տոնոյանը միայն, Փաշինյանը դեռ աներեսի պես համառում է․ բայց ի՞նչ եղավ հետո։ Պատերազմից առաջ մեծ-մեծ խոսացած, հետո երկրից թռած Դավիթ Տոնոյանին փոխարինեց գեներալի տնազ համարվող Վաղարշակ Հարությունյանը։ Նախ նրա մասնագիտական որակները համարվում են շատ թույլ․ Էլ չասեմ, որ նա էր ռազմական խորհուրդներ տալիս Փաշինյանին, այնքան «արդյունավետ» խորհուրդներ էր տվել, որ հասանք կապիտուլյացիայի։ Ու պարտության տարած մի կերպարին հանում է, մյուս ոչ պակաս պատասխանատուին դնում տեղը։ Այսօր նա ղեկավարում է ամենակարևոր ոլորտը՝ ամենակարևոր շրջանում։ Պաշտպանության նախարարի մի տեղակալ նշանակվեց ֆիզիկոս, որը բանակի հետ առնչություն ունի այնքան, ինչքան Գևորգ Պետրոսյանը՝ քվանտային ֆիզիկայի։ Մյուս տեղակալը ոստիկան է՝ նախկին ոստիկանապետ, որի պաշտոնանկությունը, ասում են, այն խայտառակ դեպքն էր Գեղարքունիքում, որ հանցագործները իր ներկայությամբ մտել էին հիվանդանոց ու ջարդուփշուր արել, վիզ կտրել։ Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ սա նշանակում է, որ շուտով բանակը ներգրավելու է բողոքի ցույցերը ցրելուն։ Որովհետև ոստիկան Արման Սարգսյանից այլ բան չի սպասվում։ Սա նույնն է, որ պատերազմի ժամանակ զորամասը լքած հրամանատարը նշանակվում է դիվիզիայում բարձր պաշտոնի։ Այդպիսի դեպքերն էլ, ցավոք, շատ են Նիկոլի օրոք։

Արտգործնախարար Արա Այվազյանի սկանդալային աշխատանային կենսագրության մասին արդեն գրվել է՝ սկսած դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքից, մինչև Ցեղասպանության տարելիցի նախօրեին թուրք դեսպանի հետ գինեխմություն, թանկարժեք մեքենաների առքուվաճառք, կոնտրաբանդա և այլն։ Նա համարվում է դիվանագիտական կորպուսի ամենահեղինակազուրկ կադրերից մեկը։ Բայց այս կարևոր պահին նշանակվում է արտաքին գործերի նախարար։ Էն էլ հիմա, երբ նրա նախորդի օգնությամբ քանդվեց արտաքին հարաբերությունների ոլորտը։ Լիլիթ Մակունցը ասում է, որ նշանակվելու է ԱՄՆ-ում դեսպան։ Նա ընդամենը մեկ դրական կողմ ունի էդ պաշտոնում՝ անգլերեն գիտի։ Մակունցին, որը մշակույթի հերն անիծեց, ԱԺ-ում ոչնչով աչքի չընկավ, բացի նրանից, որ պատերազմից երկու օր առաջ հայտարարեց, որ Թուրքիան Ադրբեջանին չի օգնի։ Նա գնում է մի ոլորտ, որից նույնպես ոչինչ չի հասկանում, ինչպես բոլոր մյուս պաշտոններից, որ աշխատել է ու ի՞նչ է ասում․ ասում է՝ փորձը առաջնային չէ։ Հասկանո՞ւմ եք։ Սրանք երկուսուկես տարի քանդեցին բոլոր այն ոլորտները, որ վստահվել էր իրենց ու առաջին պատճառը անփորձությունն էր․ հիմա մարդը գնում է դեսպան ու էլի ասում՝ փորձը կարևոր չէ։ Իմ հասկանալով, Մակունցի այնտեղ ուղարկելու իմաստը նա չէ, որ ԱՄՆ հետ հարաբերությունները որակապես փոխվեն․ սա պետության հաշվին, ընդամենը իր՝ Մակունցի հարցն են լուծում, էլ չի դիմանում այստեղ՝ ասում են անդադար լաց է լինում, վախենում է․․․

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ապրում է իր հոգեվարքը ու հիմա բոլոր այն կադրերին, որոնք պետք է դատվեն, կամ փախցնում է կամ նշանակում է օրենքով երաշխավորված աշխատանքի։ Մակունցը գնում է ԱՄՆ․ ցանկացած պահի նոր իշխանությունը հետ կկանչի։ Բայց ոչ, նա գուցե մնա այնտեղ՝ փախստականների ճամբարում։

Ասում են՝ ՍԴ հերն անիծելու, դատարանները շրջափակելու ջատագովներից էր Ջհանգիրյանը։ Գագիկ Ջհանգիրյանին նշանակում է ԲԴԽ անդամ, ինչը օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետ ունի։ Բայց մեկ է՝ հաջորդ իշխանությունը պարտավոր է նրանով զբաղվել։ Նա իր կերպարով անարդարություն է։ Նա անգամ չկարողացավ բացատրել, թե շքեղ առանձնատները իրեն որտեղից․ այլ ընդամենն ասաց, որ դրանցից շքեղներն էլ կան։ Նա խոսում է հոկտեմբերի 27-ից, այն դեպքում, երբ հենց ինքն էր բացահայտողը, այն դեպքում, երբ հենց այդ օրը, ոճրագործությունից հետո զբաղված էր իր համար պաշտոն քերելով։ Շատ-շատերի կարծիքով, մեր երկիրը հերն անիծողներից առաջինների շարքերում է, բայց հենց նա է, պարզվում է, այս չիշխանության սրտի դատավորը։

ԲԴԽ մյուս անդամի «սրտի» թեկնածուն էլ մի մարդ է, որը եղել է Սորոսի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Իսկ Սորոսի անուրանալի դերը Հայաստանը քանդելու և Արցախը հանձնելու գործում ասելու չէ։

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ որակի մարդիկ են պաշտոնի գնում։ Մեզ համար սովորական է, որ բանակն ավարտելուց հետո պետք է փոխնախարար աշխատեն, որ դասատուն պետք է դեսպան աշխատի, այդ պաշտոնի համար չթուլատրված տարիքում գտնվողը՝ ԲԴԽ անդամ։ Աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում սոցապնախարար է աշխատում մարդ, որի կազմակարեպությունը 400 տոկոսով վարկ է տալիս։ Էկոնոմիկայի նախարար են նշանակում մեկին որը նախորդ բոլոր բիզնեսները, որ իրեն վստահել էին, բանկրոտի է տարել։ Ու էս կադրերով Նիկոլն ուզում է ռեսթարթ անել։ ԿԳ նախարարից բոլորը զզվում են, տանում է իր գլխավոր խորհրդական, դատարանը որոշում է կայացնում, որ սննդի անվտանգության տեսչական մարմնում Գեորգի Ավետիսյանի նշանակումը լեգիտիմ չէ: Նա ազատվում է և օրեր անց էլի Նիկոլը նշանակում է նույն պաշտոնին։ Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվում մարդ, ով կերպարվեստի բաժինն է ավարտել։

Շատ հետաքրքիր է, որ մարդիկ է նշանակում, որոնք իրենց պաշտոններում քիչ են աշխատել, անմիջապես հանել է գործից, ոստիկանապետ Արման Սարգսյանին ասեմ, մի քանի օրով ԱԱԾ պետ աշխատած Քյարամյանն ասեմ։ Ասում է՝ պրոֆեսիոնալիզմը Փաշինյանը գնահատել է, ուստի նշանակել է քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, բա ի՞նչն է գնահատել, որ հանել է ԱԱԾ պետի պաշտոնից, այն էլ՝ պատերազմի ամենածանր շրջանում։ Եթե էդքան լավն էր, ինչի՞ պաշտոնը ցածրացրեց։

Սա՛ է էս մարդու կադրային բանկը։ Ու դուք հարցնում եք, թե ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ մենք պարտվեցինք, ինչո՞ւ տնտեսության հերն անիծվեց, ինչո՞ւ որևէ երկիր մեզ լուրջ չի ընդունում։ Սրա՛ համար։ Հիմա եթե քո համակարգը փչացած է, ռեսթարթը չի օգնելու, պետք է գցես աղբարկղը ու բերես նորը։ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չարեց վատ կադրերից ազատվելու համար։ Նա «Ճ» կլասով լցրել էր կառավարությունը, Ազգային ժողովը, դատական համակարգը, հիմա էդ «Ճ» կլասին ռակիրովկա է անում։ Ամեն մի գնացող վատին էլ փոխարինում է վատագույնով։ Այո, ժողովուրդ, Զառա Բաթոյանից վատն էլ կա, Զոհրաբ Մնացականյանից էլ։

Դե հիմա թող մեկը ինձ ապացուցի, թե սա դիտմամբ չի արվում։ Թող ինձ համոզեն, որ ամեն մի կադրը պլանավորած պրավալ չի տալիս իր ոլորտը, իր դերը չի խաղում։ Ամեն մեկն էլ ԲԴԽ նորընտիր անդամ Դավիթ Խաչատուրյանի պես իր «Գրին քարտն» ունի ու հարմար պահի կծլկի երկրից։

Նիկոլի կադրային քաղաքականությունից ես հասկանում եմ, որ նա ընդամենը պեղում ու բերում է բոլոր նրանց, ովքեր համաձայնում են աշխատել իր հետ, որովհետև հեշտ չէ համոզել մեկին գա աշխատի նախարար՝ դավաճանի թիմում։ Փաշինյանը կարող է ամբողջ կառավարությունը փոխել, բայց ոչինչ չի փոխվի, քանի որ նա այսօրվա մեղքերի պատճառն է ու նա շարունակում է մնալ։

Կարճ ասած՝ Հիմա պաշտոնյաները բաժանվում են մի քանի խմբի․ ամենաշատը լևոնականներն են, հետո՝ քայլածները, հետո՝ սորոսները, ագենտները․ բայց բոլորին այլևս միավորում է մեկ բան՝ դավաճանի պիտակը։ Դուք ևս արդեն համարվում եք դավաճան, անկախ այն բանից, թե կոնկրետ ինչ մասնակցություն եք ունեցել Արցախը հանձնելու փաստաթղթի կնքմանը։ 

Բայց հարց է՝ ի՞նչ են մտածում մարդիկ, երբ այս՝ խիստ ժամանակավոր և «դավաճանի» խարանով կառավարությանը համաձայնում են մաս կազմել։ Նրանք գիտե՞ն, որ փչանում են նշանակման պահին իսկ և կիսում են հողերի հանձնման պատասխանատվությունը Նիկոլի հետ հավասար։ Եվ լավ իմացեք, ոչ մի դեպքում այդ պատասխանատվությունից չեք փախչի, թեկուզ աշխարհի ամենամութ ծակում դեսպան աշխատեք կամ թաքնվեք։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ