22 01 2021

«Կարճ ասած»․ Ահա թե ինչպես են թալանում միամիտ ժողովրդին



 

Մենք ամեն օր ահազանգում ենք, որ վատ կառավարման, ինքնագլուխ ու սխալ որոշումների պատճառով կորցրեցինք Արցախն ու Հայաստանից տարածքներ։ Բայց բանն այն է, որ վատ կառավարումը բոլոր հարցերում է, ու կորուստները միայն հայրենիքի սահմանների մասով չեն։

Ժողովուրդը անիծում է Արցախը տվողներին, բայց ակտիվ պայքարում է հանրության փոքր, գուցե խիստ ազգային հատվածը, մյուսները բավարարվում են տեղում դժգոհելով։ Կան նաև մարդիկ, որոնք արդարացնում են Նիկոլին, թե՝ մեզ Արցախից ի՞նչ օգուտ կար։ Չեմ էլ փորձի նրանց բացատրել, թե Արցախից ինչ օգուտ կար, եթե մինչև հիմա չեն հասկացել։ Բայց այսօր կուզենամ հաղորդումը նվիրել միայն հացի, փորի մասին մտածող անձանց ու նաև մարդկանց, որոնք անհանգստացած են երկրի սոցիալ-տնտեսական վիճակով։

Ձեզ հաստատ դուր չի գալիս էն սոցիալական վիճակը, որում հայտնվել եք։ Երկիրը տնտեսական փլուզման, դեֆոլտի ու սովի շեմին է։ Էդ ո՞նց եղավ, պատերա՞զմն է մեղավոր, կորոնավիրո՞ւսը։ Ոչ, մեղավոր է քո անշնորհք իշխանությունը։

Փող չկա, բյուջեն չի կատարվում։ Բայց չնայած դրան, էս մարդիկ սովոր են պարգևավճարի, նորմալ ապրելու։ Հիմա կամ պետք է վարկ վերցնեն, կամ քերեն ժողովրդին կամ երկուսն էլ միասին։ Վարկը դժվարությամբ են տալիս արդեն․ մարդիկ 2,5 տարում երկու միլիարդ դոլար արդեն վերցրել են։ Ամենահավանական տարբերակը մնում է խեղճ ու աղքատ ժողովուրդը։

Վաղը հիվանդանոցին շատ եք վճարելու, խանութին շատ եք վճարելու, կառավարությունը որոշել է, որ բյուջեի ճեղքվածքը պետք է փակեք դուք, շրջանառության հարկը բարձրացնում է։ Առողջապահության, կրթական ոլորտներում մեծ գնաճ է լինելու։ Կրթությունը համարում են զարգացման հիմք, բայց թանկացնելու են ուսման վարձերը։

Հայաստանում թանկանում է ամեն ինչ։ Մարդիկ հացի փողից խնայում են, որ դեղ առնեն, իսկ դեղերը թանկացել են։ Նկատել եք, չէ՞, որ նույն գումարով գնում եք 25-30 տոկոսով պակաս ապրանք։ Թանկացել է կաթնամթերքը, ձեթը, յուղը, մսամթերքը, նպարեղենը։ Թանկանալու է սիգարետը։ Գույքահարկն է թանկացել, բոլորդ էլ ստացել եք հաղորդագրությունը, կարծում եմ։ Ինքնստինքյան հասկանալի է, որ հիմա, երբ դրամը արժեզրկվում է, տնտեսության աճը թուլանում է, գնաճ է լինում։ Թանկանում է ավտոմաեքենայի գազն ու բնական գազը։ Հոսանքը թանկացել է, հույս են տալիս, թե՝ ոչ սպառողների համար։ Բայց մեկ է՝ հոսանքի թանկացումը բերելու է էն ապրանքների թանկացման, որոնք պատրաստելու համար հոսանք է օգտագործվել։ Այսինքն, շղթայական էֆեկտով նորից թանկանալու է ամեն ինչ։ Մենք հոսանք էինք ստանում նաև Արցախից, հիմա չենք կարողանա, որովհետև թուրքին են տվել տարածքները, որոնց վրա ՀԷԿ-եր կային։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալն ասում է՝ էներգետիկ ճգնաժամ չի լինի, որովհետև ՀԷԿ-երի հետ միասին տարածք էլ ենք տվել, բնակչությունն էլ դարձել է փախստական, այնպես որ՝ սպառումը քչացել է։ Բայց արի ու տես, որ ճգնաժամի շեմին ենք։ Հիմա պատկերացրեք, որ մի հատ առանձին թանկացում գազի գնի պատճառով է, մի հատ առանձին թանկացում հոսանքի գնի պատճառով է, մի հատ առանձին թանկացում դրամի արժեզրկմման պատճառով է, մի հատ հարկային քաղաքականության պատճառով և այլ ու այլ պատճառներով։ Ստացվեց ժողովրդին մաքուր թալան։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ միս չունեք ուտելու, խառը կանաչի կերեք։ Թարսի պես՝ դա էլ է թանկ։

Մարդիկ կային, որ ասում էին՝ թեկուզ հացը դառնա 1000 դրամ, մենակ Նիկոլը մնա։ Այ հիմա արդեն էդ ժամանակներին ենք մոտենում։ Կյանքը թանկացել է, ամեն ինչ թանկացել է, ու Նիկոլը մնում է։ Գո՞հ եք։ Ո՞ւր եք, Նիկոլին աջակցողներ, բա եկեք-խոսեք։

10 տոկոս տնտեսական անկում կա մեր երկրում։ Չես կարող տնտեսությունից հեռու նախարարի պես ասել՝ ոչինչ, հաջորդ տարի երկնիշ աճ կունենանք։ Ոչինչ չես ունենա։ Էդ անկումը նշանակում է, որ պետական հիմնարկում ես աշխատում, կարող են քեզ կրճատել, մասնավորում ես աշխատում՝ բիզնեսը փակել, թոշակառուն վաղը թոշակ չի ստանա, նպաստի բալերը ավտոմատ կիջնեն, որ նպաստ չստանաս, որովհետև պետությունը փող չունի, որ քեզ վճարի։ Միայն մեկ տարում 22 հազար բիզնես է փակվել մեր երկրում։

Հայաստանում երկար տարիներ եղել է աշխատուժի ավելցուկ, եղել է ավելի շատ աշխատող, քիչ աշխատանք, և մարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի։ Ասածս չի վերաբերում միայն երկու հազարականների մի քանի տարիներին, որի ժամանակ, ընդհակառակը, ներգաղթ եղավ։ Մնացած դեպքերում մարդիկ մեկնել են սեզոնային աշխատանքի։ Հիմա չեն կարողանում մեկնել, ու տնտեսությունը չի ստանում միլիարդավոր դոլարներ։ Քո երկրի ղեկավարը չի կարողանում բանակցել, որ սահմանները բացեն գոնե Ռուսաստան մեկնելու համար։ Ինչպե՞ս եղավ, որ Բելառուսը, որը չէր պայքարում կորոնավիրուսի դեմ, սահմանները Ռուսաստանի հետ բաց են, Ղազախստանինը բաց են, մերը՝ ոչ։ Ո՛չ կարողանում է պահել, ո՛չ կարողանում է բաց պահել սահմանները։ Ոնցոր դիտմամբ պահում է, որ կոտորվեք։ Ու զուգահեռ գնաճ է։

Նիկոլը իր նախընտրական ծրագրում մեծ-մեծ գրել էր՝ աղքատության իսպառ վերացում։ Երբ նոր էր եկել իշխանության, աղքատությունը 24,6 տոկոս էր, այսօր անցնում է 30 տոկոսը։ Մարդիկ սկսում են ձգել գոտիները։ Մտնում են խանութ ու ամեն ինչից առնում են ավելի քիչ։ Բայց իշխանությունը, ինչպես երևում է, այս ամենը սխալ է մեկնաբանում։ Էկոնոմիկայի նախարարն ասում է, թե ժողովուրդը փող ունի, բայց տրամադրւթյուն չունի։ Դրա համար էլ քիչ է առնում։ Հասկանո՞ւմ եք, մարդը 32 հազար դրամ թոշակ էր ստացել ու լաց էր լինում, թե դրանով ոնց կոմունալը վճարի, ճնշման, շաքարի ու մյուս դեղերը առնի, հետն էլ հաց առնի։ Բայց Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ այդ մարդը լացում էր ոչ թե ցածր թոշակի, այլ՝ տրամադրություն չունենալու պատճառով։

Հիմա էս խնդիրները էս կարգի ղեկավարը կարո՞ղ է լուծել։ Ոչ, ժողուրդ։ Հայաստանում տնտեսական իմաստով բարդագույն տարի է սպասվում։ Ոչ միայն կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքների առումով, այլև վերջին երկուսուկսես տարում քանդելու, խոստացածները չանելու արդյունքում մենք ձախողվել ենք։ Ես երբեք սրանցից լավ սպասելիք չեմ ունեցել, ես երիկուսուկես տարի համարյա ամեն օր ասել եմ, որ էս սրիկաների արածների տակից ոչ ոք դուրս չի կարող գալ։

Էս պահին Հայաստանի հնարավոր տնտեսական հաջողությունները՝ սկսած էժան զենքից, մինչև ներդրումներ, կապված են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների աստիճանից։ Ռուսաստանը իր թշնամի երկրի՝ Վրաստանի համար էժանացնում է գազը, իսկ Հայաստանի համար թանկացնում է, որ Նիկոլը քաղաքական շահարկումներ չանի։ Էն, որ Նիկոլը գնացել էր ու Պուտինին այնպես էր գրկում, ասես կորցրած հորն էր գտել, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը Նիկոլին ներելու է, որ գազը չի թանկացնելու։ Առաջ Հաւյաստանը Ռուասաստանից ստանում էր գրեթե ամենաէժան գազը, այսօր՝ ամենաթանկերից է։ Նիկոլը Լուկաշենկոյի ականջին փսփսում էր՝ Պուտինին ասենք գազը էժանացնի։ Խնդրեմ, Բելառուսին 127 դրամով է տալիս, մեզ 165 ու դեռ թանկացնելու է, քանի սա՛ է իշխանության։ Մարտ ամսին սպասեք էդ լուրին։ Կասեք՝ ոչինչ, մարտին դեռ մեկուկես ամիս կա․ սովոր եք ապրել օրվա կյանքով։

Երբեք չսպասեք, որ Պուտինը կասի՝ Նիկոլ, ինձ չես դզում, վեր կաց գնա։ Ոչ։ Նա չի խառնվելու քո ներքին գործերին։ Նա իր քայլերով է ցույց տալու, որ դու անորակ դաշնակից ես, անարդյունավետ ու անհուսալի։ Ու դրա համար մի տարի խոպանչիներդ չեն կարող գնալ, մի օր գազը կթանկանա, մի օր լույսը կթանկանա և այսպես շարունակ։ Գիտե՞ք հետաքրքիրը որն է, որ էս անմեղսունակները գնում են այնտեղ քծնում են, ամեն բան խոսք են տալիս, բայց հենց մի բան էն չի լինում իրենց հակառուս խոսափողերին հանում-ուղարկում են եթերներ, որ ժողովրդին համոզեն թե այդ ամենը Պուտինն է անում, ձեր գլխին։ Ու իրենց թվում է թե ռուսը այդքանը չի իմանում։

Կարճ ասած՝ Եթե մենք տարիներով մտածեինք, թե ոնց անենք, որ ամեն ինչ, բոլոր ոլորտները միանգամից վատանան, չէինք կարող էսպիսի կազմակերպված ձևով քանդողների գտնել։ Իսկական չեմպիոն են։ Նիկոլ Փաշինյանը խոչընդտում է Հայաստանում տնտեսական զարգացմանը, խոչընդոտում է ներդրումներին, գնաճի հիմնական աղբյուրն է։ Ու հիմա նրանք, ովքեր մտածում են մեր հայրենիքից դեռևս մնացած հատվածի ու նրանում ապրողների մասին, պետք է կարգախոսը ձևակերպեն հետևյալ կերպ՝ ուզում ես ներդրում գա, հեռացրու Նիկոլին, ուզում ես տնտեսությունդ շնչի, հեռացրու Նիկոլին, ուզում ես չարտագաղթես, հեռացրու Նիկոլին, ուզում ես հայրենիքը չփոքրանա, հեռացրու Նիկոլին, ուզում ես գերի չընկնես, հեռացրու Նիկոլին, ուզում ես պատերազմ չլինի, հեռացրու Նիկոլին։ Պետք է Նիկոլն իր ողջ թիմով գնա, նրանք աշխատել են ժողովրդի ու հայրենիքի թշնամու պես։ Հետո՞ ինչ, որ ազգանունները Ալիև կամ Հաջիև չէ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ