21 01 2021

«Կարճ ասած»․ Նիկոլական օսվենցիմ կամ քաղաքական թրաֆիքինգի զոհերը



 

Ի՞նչը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Այսօր արդեն պարզ է՝ Սուտը։ Հա, Սորոսը, Արևմուտքը հեղափոխության կամ որ ավելի ճիշտ է ասել՝ հեղաշրջման աջակից ու փայատեր են։ Բայց նրանց դա չէր հաջողվի անել առանց մոլորված, բայց հանրային մասնակցության։ Իսկ հանրությանը տարիներ շարունակ մատուցվել էր սուտ ու կեղծիք։ Եթե Նիկոլի ժամանակվա իշխանավորների, իշխանամերձների ստերը գումարենք ու հավելենք հենց Նիկոլի ստերը, կստացվի, որ ամենամանր հաշվարկով յուրաքանչյուր օր հանրությանը մատուցվում է 10-ից ավելի սուտ։ Այդ ստերն այնքան են տարածվել ու ծավալվել, որ իրենք են արդեն այն ընդունում որպես իրականություն, իսկ հանրությունը չի կարողանում սուտն ու իրականությունը տարբերել։

Քաղաքագետ ներկայացող Ստեփան Գրիգորյանը պարտվել է Յուրի Խաչատուրովի հետ դատական քաշքշուկում և պարտավորվել է ներողություն խնդրել։ Պատճառը էլի նիկոլական ստերն են։ Ապրիլյան պատերազմից հետո հանրության մեջ մտցրել էին, թե Յուրի Խաչատուրովը պատերազմի ժամանակ բիլիարդ խաղալիս է եղել, տարածք է հանձնել և այլն։ Մարդիկ լսել էին էդ տարածված սուտը ու կրկնում էին։ Նույնը արեց նաև Ստեփան Գրիգորյանը, միտումնավոր թե ոչ՝ կարևոր չէ։ Բայց երբ գեներալ Խաչատուրովը նրան դատի տվեց, քաղաքագետը կանգնեց փաստի առաջ․ ո՛չ փաստական հանգամանք կար, ոչ մի բան չկար, որը կվկայեր իր խոսքի ճշմարտացիությունը։ Բայց հակառակը կար։

Պաշտոնական աղբյուրից պարզվեց որ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը 2016 թվականի ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակումը սկսելուց րոպեներ անց եղել է հրամանատարական շտաբում, և մնացել, անգամ գիշերել է այնտեղ։ Հիմա պետք է ներողություն խնդրի, բայց լավ դաս ստացավ։ Հուսով եմ՝ այսուհետ կհավատա միայն իր աչքի տեսածին։ Ստեփան Գրիգորյանը իր դասը ստացավ, իսկ մյուսնե՞րը, նրա՞նք, ովքեր հավատացին ստերին ու կրկնում են ամենուր, ովքեր սուտ են խոսում ամեն օր։

Կրկնում եմ, Հայաստանը աշխարհի միակ պետությունն է, որտեղ մարդիկ ստով եկան իշխանության ու դեռ կարողանում են մնալ։ Մարդիկ Նիկոլ Փաշինյանին ու իր պատահական անուններով ընտրացանկին ձայն տվեցին, որովհետև ուզում էին արդարություն բերել։ Նիկոլական քարոզիչներն ասում էին՝ վառելիք չկար տանկերի մեջ։ Քոչարյան Անդոնն ասում էր, որ Ռուսաստանն ու Պուտինն են հոկտեմբերի 27-ը կազմակերպել։ Նիկոլն ասում էր՝ արագաչափերը Սաշիկինն են։ Ու ժողովուրդը նրան բերեց, որ Սաշիկից արագաչափերը վերցնի, ու ամեն ընտանիքի մի հատ տա՝ երբ ուզեք՝ չխկցրեք, փող աշխատեք։ Եկավ ու տեսանք, որ արագաչափերը Սաշիկինը չեն, բայց արդեն ամեն օր չխկացնում են հօգուտ Նիկոլի բարեկեցության։ Նիկոլը մարդկանց գլուխը ստերով էր լցրել, թե Սերժը Ղարաբաղը տալիս է։ Եկավ, ինքը բանակցությունները տապալեց ու իսկապես տվեց։ Ասում էր՝ ձեզ կեղեքում են պարտադիր կուտակային համակարգով։ Եկավ ու շարունակեց։

Գժվելու բան է, ասում էին, չէ՞, նախկիննեը թալանում էին, դրա համար էլ դուք աղքատ եք, իսկ որ եկան՝ ասացին՝ չէ, աղքատությունը ձեր գլխում է։ Դե որովհետև, մեղմ ասած, այդպես չէր։ Ասացին, որ դուք ԲՈՒՀ եք ավարտել, բայց չունեք աշխատանք, որովհետև սաղ գործերը հանրապետականին են․ բայց եկան ու իրենց բոլոր բարեկամներին պաշտոն տվեցին ու որքան ավելի անգրագետ, այնքան բարձր պաշտոն։ Մեզ խաբեցին, թե կգան ու կազատեն վարկերից, իսկ պետությունը իրենց գալուց հետո 2 մլրդ դոլար վարկ է վերցրել, մարդկանց՝ վարկով կառուցած ու գնած տունն էլ տվել է Ադրբեջանին։ Էլ ո՞րն ասեմ՝ ՀԴՄ կտրոններով տնտեսության աճ, կոստում-փողկապով գյուղատնտեսության զարգացում, տրուսիկ մայկով ու ելակով պատերազմ։ Սուտն ու պրիմիտվը բերեցին սրան։

Շատ են ստերը ու շատ եմ անդրադարձել․ բայց ամենամեծ սուտը 44 օրվա հաղթանակն էր։ Մենք ականատես եղանք աշխարհում աննախադեպ բանի՝ ստեց պետությունը։ Նիկոլն ասում էր, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, այնինչ դրանից երկու օր առաջ էլ Շուշին մերը չէր։ Դրա համար էլ այլևս չենք հավատում։ Ու ամենից վատն էն է, որ այլևս չենք հավատում պետության ներկայացրածին։ Մենք երկուսուկես տարի և դրան գումարած՝ առանձնահատուկ 44 օր ականատես ենք եղել պետական մակարդակով ստերի։

Մեր դժբախտությունն այն է, որ մարդը ոչ միայն ընդդիմություն եղած ժամանակ է ստել, այլև իշխանության գալու առաջին իսկ օրից։ Հունվարի 20-ը ստի ու դավաճանության հերթական օրն էր։ Նա «փայլեց» ամենաբարձր ու ամենահեղինակազրկված ամբիոնից՝ ԱԺ ամբիոնից։ Միաժամանակ մի քանի սուտ ասելով։

Ասում է՝ ժողովրդին պետք է չզրկել որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից, փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն չտանել։ Հասկանում ե՞ք այս մասին ով է խոսում։ Մարդ, որը միայնակ մութ սենյակում որոշել է, որ պետք է հայրենիքը տալ թուրքին՝ իր չէ, մեր հայրենիքը, առանց իր թիմին անգամ շան տեղ դնելու, հիմա խոսում է ժողովրդին որոշում կայացնելուց չզրկելո՞ւց։

Մյուս սուտը․ ասում է՝ աննախադեպ թվով գերի է բերել, երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել։ Հարց՝ նախկինում ե՞րբ է 300 գերի ընկել, այն էլ՝ 44 օրում։ Եթե նկատի ունեք առաջին պատերազմը, ապա ավելի մեծ թվով գերի ենք բերել։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ նախկինում այսքան մեծ տարածք չի ունեցել Եռաբլուրը։ Նիկոլ Փաշինյանը մանր խաղ է տանում՝ բա ինչի՞ Սերժի ժամանակ գերիներից չէիք խոսում։ Իսկ Սերժի վախտ էդքան գերի կա՞ր։ Ավելին ասեմ․ Նիկոլը հայտարարում էր, թե 2019 թվականին սահմանին ունեցել ենք երբևէ ամենաքիչ զոհը՝ ընդամենը 4 զոհ։ Դա էլ է սուտ, որովհետև 2001 թվականին եղել է ընդամենը 3 զոհ։ Նախկիններին փնովելու և ստեր փչելու արդյունքում իշխանության եկածներին ասեմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարած 10 տարում ունեցել ենք ընդամենը 92 զոհ, Սերժ Սարգսյանի 10 տարում ունեցել ենք 228 զոհ, Նիկոլ Փաշինյանի կառավարած 2․5 տարում ունեցել ենք 5-7 հազար զոհ։ Նախկինում չի եղել պատերազմ, որի ժամանակ գերագույն հրամանատր աշխատի նախագահի կամ վարչապետի կինը։

Կամ որ, ասում ես՝ բա 30 տարի դիվանագիտական հաջողություններ չեն եղել, ուզում էիք իմ օրո՞ք լիներ։ Ստում ես, եղել են բազմաթիվ դիվանագիտական հաղթանակներ և այդ հաղթանակների շնորհիվ է եղել, որ պատերազմ չի եղել, Արցախ պետություն ենք կառուցել, Աշխարհը Թուրքիային ճնշել է, որ Ցեղասպանությունը ճանաչի, իսկ մեզ հետ հաշվի են նստել, ոչ թե ուրիշները մեր փոխարեն քննարկել մեր պետությունների ապագան։ Լավ, որ ստում ու անցնում ես առաջ, մտածում ե՞ս, որ կա ինտեռնետ, կա արխիվ, կան մարդիկ, ի վերջո, որոնք, փառք Աստծո, ողջ են ու ունեն հիշողություն։

Ստից բացի, կա նաև պետական մակարդակով դավաճանական հայտարարությունների աննախադեպ քանակ, այս իշխանության օրոք։ Ամենամեծ դավաճանությունը Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի հայտարարությունն էր, թե՝ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Մոռացանք նրա ասածը, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր: Հիմա էլ սա։ Մաքուր դավաճանական հայտարարություն, Հայաստանի փաստացի ղեկավարը բեմից հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է։ Սա ասելուց հետո պետք է մի քանի տասնյակ իմքայլական պատգամավոր դատապարտեր ասածը, անվստահություն հայտնելու գործընթաց սկսվեր։ Բայց ոչ, երևաց, որ ով ամոթ ունի, արդեն դուրս է եկել։

Իսկ ի՞նչ են ասում մնացածը․ թռնում են լրագրող տեսնելիս։ Հենց իմքայլական պատգամավորներին ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրին, թե իրենք է՞լ են կարծում, որ Շուշին ադրբեջանական է, երեխու պես թռան: Որովհետև պատասխան չունեն, էդքան պլոճիկ չունեն, որ ասեն՝ Փաշինյանը տուֆտել է։ Բայց ստացվում է, որ նրանք էլ են էդպես մտածում։ Հասկանում ե՞ք, Նիկոլ Փաշինյանը աթոռին կպած իր ենթականերին էլ է սարքել դավաճան, ու իրենք հաճույքով խաղում են նաև հենց էդ կերպարը։ Իմքայլականնները այսօր ենթարկվում են պարզ թրաֆիքինֆգի։ Նրանք Նիկոլի անձնական օգտագործման համար են ու Նա օգտագործում է ըստ պահանջի, դա են վկայում մեր երկրում տեղի ունեցողը և այդ պատգամավոր կոչվածների կեցվածքը։

Մի հարց կտամ միայն ձեզ, չնայած ուզում եմ միայն ամոթանք տալ․ հետքրքիր է, եթե վաղը ձեր սիրելի Նիկոլը ասի, որ գիտե՞ք, ԽՍՀՄ ժամանակ Մասիսում, Վարդենիսում, Ամասիայում ադրբեջանցիները բավականին մեծ բնակչություն են եղել, Ալիևը խնդրել է դա էլ հանձնել։ Այդ ժամանակել եք գառան դեմքով նայելու երեսի՞ն, թե՞, այնուամենայնիվ, մի բան կտաք գլխին։ Չէ, դե կատակ եմ անում, պարզ է, ոչինչ էլ չեք անի, դուք էլ նույնն եք, իր նման անհայրենիք եք։

Կարճ ասած՝ այս իշխանությունը ոչ միայն ստի վրա է կառուցված, այլ նաև սուտն ու դավաճանական մտքերը սարքել է պետության անունից ասվող բաներ։ Ստերը, իհարկե, փլուզվում են, սակայն ամեն մի ստի փլուզումից քանդվում է ոչ միայն իշխանությունը։ Այս իշխանության սուտն էլ պետությունն է քանդում, պետության նստիտուտներն է խեղում։ Սիրելի ժողովուրդ, պարզ է՝ ստերին գերի ես, բայց դե քայլեր էլ չես անում էդ ստից ազատվելու համար։ Բայց պետությունը, պետական մարմինները գոնե ինչ-որ պահից պետք է գիտակցեն և ինչ-որ պահից իրենք թույլ չտան այս դավաճանական և անթույլատրելի իրավիճակը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ